«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կրկին փոփոխություններ կարվեն: Այս անգամ հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է:
Վերջինս առաջարկում է փոփոխություն անել եւ սահմանել, որ եթեր հեռարձակվող ընկերությունների անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ:
Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, թե «Գովազդի մասին» օրենքով արգելված կամ սահմանափակված է խաղային բիզնեսը՝ օնլայն եւ ոչ օնլայն կազինոներ, բուքմեյքերներ, վիճակախաղեր, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր եւ այլն գովազդելը: Այսինքն շահումով խաղերի եւ վիճակախաղերի համար օրենսդիրը սահմանել է գովազդային էական սահմանափակումներ:
Պատգամավորը նկատում է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիա միջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճան նման լինել գովազդի մասին օրենքով սահմանափակումների ենթարկված շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ: Այսինքն սա հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ՝ ըստ էության դառնալով անուղղակի գովազդ:
Բացի այդ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսի 7-ին, որով սահմանվել են նոր կարգավորումներ տեսալսողական մեդիա դաշտի համար, ինչպես նաեւ սահմանվել են նոր հասկացություններ, որոնք արտացոլված չեն «Գովազդի մասին» օրենքի տեսալսողական մեդիային վերաբերող իրավադրույթներում:
Ն.Հ.