ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ սխալվեց Անդրանիկ Փիլոյանը, որ արժանացավ այս ճակատագրին, նա դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան Ազգային հերոսի կոչման: Եվ ահա այսօր Հակակոռուպցիոն դատարանում Անդրանիկ Փիլոյանի գործով նիստն էր:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 15 մլն դրամի չափով։ Այս մասին ARmlur.am-ի հետ զրույցում հայտնել էր փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ գրավը վճարելուց հետո Փիլոյանը հոկտեմբերի 7-ին ազատ է արձակվել։

Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ:

Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ.Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ:

Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին:

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն:

Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 1-ին մասով, 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-3112-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մեղադրյալներից Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քնար Մանուկյան




Լրահոս