
Ոչ միայն կարմիր ժապավենը կտրելու, այլ նաև այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կովսականի օդանավակայանի առաջին ուղևորը լինելու պատիվն էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին: Կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ նա կտրել է օդանավակայանի շահագործման ժապավենն ու կեսկատակ-կեսլուրջ հարցրել՝ ոսկո՞ւց է մկրատը:
Ոսկեջրած մկրատից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները հայկական Կովսականում նաև «Արևելյան Զանգեզուրն Ադրբեջան է» գրությամբ բանալիներով են հրճվել ու ջերմ շփումը ծանրաձողի մոտ շարունակել: Ադրբեջանի նախագահն ուժերը փորձելուց հետո ավագ եղբոր հետ արդեն Մեխակավանում երակթուղային կայարանի հիմնարկեքի արարողությանն է մասնակցել:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկած ու արդեն պաշտոնապես բացված Բաքու-Կովսական մարդատար ինքնաթիռի թռիչքի տևողությունը մոտ 45 րոպե է: Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ նոր բացված օդանավակայանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Թռիչքուղու երկարությունը և լայնությունը համապատասխանաբար 3000 ու 60 մետր են:
Սևակ Վարդումյան