Մանկապարտեզի սաների բացակայությունների հաշվարկում բժշկական տեղեկանքը հաշվի է առնվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին ArmLur.am-ը տեղեկացավ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանից:

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը:

Այսինքն` նոր փոփոխությամբ 75 աշխատանքային օրվան կգումարվեն նաև առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիմքով բացակայության օրերը, որոնց համար, սակայն, ևս կսահմանվի առավելագույն ժամկետ: Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների տեղերը բավարար չեն բոլոր երեխաներին ընդունելու համար: Շատ երեխաներ այս պահին հերթագրված են և սպասում են նախադպրոցական հաստատություն հաճախելու իրենց հերթին. միայն Երևանում հերթագրված է շուրջ 10 հազար երեխա:

«Ստեղծվում է իրավիճակ, երբ նախադպրոցական ծառայության մեջ ընդգրկված երեխաները փաստացի չեն հաճախում մանկապարտեզ այն դեպքում, երբ կան երեխաներ, որոնք հերթում սպասում են և չեն կարողանում ընդգրկվել: Տվյալ պարագայում հիվանդության հիմքով կամ որևէ այլ պատճառով չհաճախելու դեպքում տրված էր համընդհանուր կարգավորում: Այժմ այլ մոտեցում ենք ցուցաբերելու` հաշվի առնելով բացակայության պատճառը»,- պարզաբանել է վարչության պետը: Արսեն Բաղդասարյանը մանրամասնել է նաև, որ ՀՀ կառավարության ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է կազմի 85 տոկոս: Այդ նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է վերակառուցել կամ կառուցել 500 նախադպրոցական հաստատություն: Այս պահին 92 մանկապարտեզներում նորոգման և շինարարության աշխատանքներ են ընթանում, որոնցից մի մասի աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ  մանկապարտեզի ծնողներն ահազագնել էինք՝  Երեւանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել եւ ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող:

Լիդա Եղիազարյան




Լրահոս