ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Ն․Գ․ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, պատվիրակության կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմադ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սեյֆ Ալ-Հաջրին:
Այցի ընթացքում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա ամուր բարեկամական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու կապակցությամբ։
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Նա նաև կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Այցի շրջանակում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր երախատագիտությունը հայտնելով Շարժայի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող զարգացման և բարեգործական ծրագրերի համար։ Նաև ընդգծել է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ հայցելով էմիրաթական կողմի աջակցությունը։
Պատվիրակությանը նաև ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ իր գոհունակությունը հայտնելով այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համար։ Դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Մուսալլամը Շարժայի կառավարության անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել 2023թ․-ի մարտին՝ նշելով, որ ՀՀ-ին կտրամադրվի առանձին տաղավար՝ ներկայացնելու իր մշակութային ժառանգությունը։
ԱՄԷ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Բացի այդ տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։
ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հաղարծին վանական համալիր, որը հիմնանորոգվել է Ն․Վ․ Շեյխ դոկտոր Սուլտան բն Մուհամմադ Ալ Կասիմիի հովանավորությամբ։
Այցի ընթացքում հայկական կողմի հետ կնքվել է 2 համաձայնագիր։