Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին էկոնոմիկայի նախարարությունում ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նրա խոսքով՝ հունվար-հուլիս ամիսներին տրանսֆերտներն աճել են մինչև 2,4 մլրդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ:

«Ունենք հաջողված համագործակցության օրինակներ մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, ֆինանսների, դեղագործության, մեքենաշինության և այլ ոլորտներում: Կան կոնկրետ առաջարկներ ոսկու արդյունահանման գործարանի զարգացման, մետրոյի համար: Դիտարկվում է Հայաստանում շինանյութերի, ինչպես նաև դեղագործական նյութերի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծ»,-ասաց նա։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նշեց նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են:

«Մենք բարձր ենք գնահատում հայ ձեռնարկատերերի հետաքրքրությունը ռուսական տնտեսության հանդեպ: Մեր գործարար միջավայրը պատրաստ է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում: Մենք պատրաստ ենք շարունակել մեր համատեղ նախաձեռնությունները, սկսել նորերը, զարգացնել առևտրային հարաբերությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա ներդրումների համար շատ բարեհաջող շրջան է. հնարավորություններն ավելի շատ են դարձել:

«Ռուսաստանն արդեն վաղուց սովորել է պատժամիջոցների առկայության պայմաններում ապրել և զարգանալ: Մեր ներքին շուկան և արտաքին տնտեսական կապերը ադապտացվում են ներկա իրավիճակին և այս պահին մեր տնտեսությունը դիմանում է աննախադեպ ճնշումների: Չնայած դրան, մենք կարողացել ենք պահպանել մեր ֆինանսական և արժութային կայունությունը»,-ընդգծեց նախարարը:

Պետք է ընդունել, որ պատժամիջոցները բացում են նոր հնարավորություններ գործընկեր երկրների բիզնեսի համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշում կայացնելիս առաջին հերթին առաջնորդվել են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի ունեցած հետաքրքրություններով:

«Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը ոչ միայն ուղղված է քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, այլև դարձել է ինտելեկտուալ հարթակ, որը համախմբում է փորձագիտական հանրությանը»,-ասաց նա:




Լրահոս