ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անձնագրիս ժամկետն արդեն անցել է, բայց անկողնային հիվանդ եմ եւ չեմ կարող գնալ հասնել անձնագրային բաժին, որպեսզի նոր անձնագիր ստանամ: Իսկ այնտեղ  ասում են, թե պարտադիր պետք է ներկայանամ, որ անձնագիրս փոխեմ: Այս դեպքում ինչպիսի՞ն է կարգը, ես ինչպե՞ս նոր անձնագիր ստանամ:  

Աշոտ Ոսկանյան, 89 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Հարազատները կարող են գնալ, անձնագրային ծառայության պետին զգուշացնել, ցուցում տալ, որ անկողնային հիվանդ կա, որից հետո այդ հարցը կլուծվի: Նման քաղաքացիների համար կա հատուկ կարգ, անկողնային հիվանդ մարդկանց համար անձնագրային բաժնից այցելում են տուն եւ համապատասխան ծառայություն մատուցում:

 ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ
Նորայր Մուրադխանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վատառողջ քաղաքացին տեղյակ չի եղել, որ անձնագրայինից իրեն այցելելու հնարավորություն կա, ու հեռակա քաշքշուկի մեջ է հայտնվել: Սա էլ է այն դեպքերից, երբ օրենքի ներկայացուցիչները, լավ իմանալով իրենց պարտականությունը  նման դեպքերի ժամանակ, դիտավորյալ անտեղյակ են ձեւանում` ավելորդ չարչարանքից խուսափելու համար: Հուսանք, որ անտեղյակ քաղաքացիներին իրազեկող ՀՀ ոստիկանության  անձնագրային եւ վիզաների վարչության պարզաբանումն առիթ կդառնա, որպեսզի նման հարցերում նույնպես անգամ անկողնուն գամված հիվանդները պայքարեն իրենց իրավունքների համար: Եթե իրենց աշխատանքային պարտականություններից խուսափող պաշտոնյաներին կարգի հրավիրելու այլ տարբերակ չկա, ապա մնում է, որ քաղաքացիներն ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները:




Լրահոս