Եվրամիությունը 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային, գումարը կսկսի ամսական հոսել 2023 թվականից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ամեն ամիս Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրո կփոխանցի Կիևին։
Նա պարզաբանել է, որ այդ միջոցներն ուղղվելու են երկրի կառավարմանը։ «Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի պատճառով Ուկրաինայի համար շատ կարևոր է կանխատեսելի և կայուն եկամուտների հոսք ունենալը», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կիևը պնդում է, որ երկիրը ղեկավարելու համար ամսական 3-4 միլիարդ եվրո է անհրաժեշտ։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ 1,5 միլիարդ եվրոն կտրամադրի Եվրամիությունը, իսկ մնացածը կուղարկեն ԱՄՆ-ը, միջազգային հիմնադրամները և Ուկրաինայի այլ դաշնակիցներ։