Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:
Խաչի գյուտի կամ գտնվելու տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո Նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում:
Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին Փրկչի գերեզմանում, ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց:
Ուստի նա՝ Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ, այցելում է Տիրոջ գերեզմանին, այն մաքրելուց հետո գտնում է Տիրոջ Աստվածընկալ խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։ Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով քրիստոնյաների կողմից: