«Փաշինյանը Ղարաբաղը հանձնում է, որ Հայաստանը դեպի Արևմուտք տանի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաշինգտոնը, երևում է, Երևանին համոզել է Մոսկվայի թիկունքի հետևում ստորագրել կապիտուլյացիայի պայմանագիրը»,- «Комсомольская Правда» թերթի «Փաշինյանը Ղարաբաղը հանձնում է, որպեսզի Հայաստանը դեպի Արևմուտք տանի» հոդվածն այս նախաբանով է սկսում:

Հոդվածագիրը գրում է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հենց սկզբից էր հասկանալի, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կփորձեն օգտագործել պահն ու նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում Մոսկվայի համար խնդիրներ ստեղծել:
«Այս համատեքստում «ամենահարմար»-ը ղարաբաղյան հարցն է: 2020թ—ի 44-օրյա պատերազմից (այն կանգնեցվել է բացառապես ռուսական կողմի ջանքերի շնորհիվ) և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումից հետո թեև փխրուն, բայց խաղաղություն հաստատվեց: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող տարբեր մասշտաբների փոխհրաձգություններն ու միջադեպերը ակնհայտորեն քաղաքական ճնշման հետևանք են, որ բանակցություններում արդյունքի հասնելու տրամաբանության մեջ են տեղի ունենում: Սակայն, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում այս երկարատև հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ կլինի»,- գրում է թերթը:

Թերթի փոխանցմամբ՝ ռուսական Telegram ալիքներից մեկը հոկտեմբերի 10-ին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթուղթ էր հրապարկել։ Այն, շարունակում է պարբերականը, արևմտյան միջնորդական առաքելության արդյունք էր, ու ըստ տարբեր աղբյուրների, Բրյուսելում և Պրահայում տեղի ուենցած մի շարք բանակցություններից, ինչպես նաև Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո փաստաթուղթն ընկալելի ու ընդունելի է եղել նաև Փաշինյանի ու Ալիևի համար:

«Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունն ընդունի այս փաստաթուղթը (Իսկ Հայաստանի կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը վստահ է, որ դա հնարավորինս արագ պետք է ստորագրել ), ապա այն Անդրկովկասում տեկտոնական տեղաշարժի պատճառ կդառնա: Հայաստանին, որ հաշտություն կնքի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կորցնելով Ղարաբաղն ու այդպիսով իբր թե ազատվել է էկզիստենցիալ սպառնալիքներից, այլևս ո՛չ Գյումրիում ռուսական բազայի, ո՛չ էլ Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիքը չի ունենա։ Ավելի քան պարզ է, որ դա է արեւմտյան «միջնորդների» իրական նպատակը։

Փաշինյանը կգնա՞ նման քայլի: Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական հանրության զգալի մասը կարծում է, որ առանց խղճի խայթի կստորագրի. մինչև իշխանության գալը նա իրեն որպես արևմտամետ էր ներկայացնում, ավելին՝ ջատագովում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցում։ Արդյո՞ք դա՝ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում ու Ղարաբաղում բողոքի ակցիաներ կսկսեն: Հավանաբար այո, քանի որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը վերընտրվեց արժանապատիվ խաղաղության, Ղարաբաղը հայկական պահելու ու Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշինքն էլ ավելի ամրապնդելու կարգախոսով։ Հայ ընտրողը, որ թվում է՝ Փաշինյանի ձախումների նկատմամբ անսահման համբերատար ու հանդուրժող է, նրան նման մանդատ չի տվել, ու վարչապետին կարող է հիշեցնել անցած չորս տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր դժբախտությունները»,- ավելացնում է «Комсомольская Правда»-ն:

Ըստ թերթի՝ բացի այդ, հայերն ըստ երևույթին չեն մոռացել նորագույն պատմության դասերն ու անշուշտ հիշում են, թե ինչ կարող է պատահել, երբ Վաշինգտոնի «անկեղծ ու ազնիվ» խոսքի ներքո կարող է միայնակ մնալ անվտանգության չլուծված խնդիրների հետ:

Հոդվածագիր՝ Ալեքսանդր Սերգեև

Թարգմանությունը՝ Սևակ Վարդումյանի




Լրահոս