«Վայլդբերրիզ» ընկերությունը հայտնվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հոկտեմբերի 4-ին որոշել է «Վայլդբերրիզ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ հարուցել վարույթ:
Պարզվում է՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով է դիմել քաղաքացի եւ հաղորդում ներկայացրել: Նա հայտնել է, որ այս տարվա հուլիսի 4-ին եւ 7-ին գնում է կատարել «am.wildberries.ru» կայքից, որի համար իր բանկային քարտից կատարել է համապատասխան վճարում:
Ըստ գործող դրույթների՝ ապրանքը պետք է առաքվեր 7-10 օրում կամ պետք է գումարը հետ վերադարձվեր, սակայն հաղորդում ներկայացնելու օրվա դրությամբ գնված ապրանքները չեն առաքվել, իսկ գումարը՝ հետ չի վերադարձվել:
Հանձնաժողով դիմած քաղաքացին խնդրել է անբարեխղճության եւ խաբեության համար ընկերության նկատմամբ կիրառել խիստ պատասխանատվության միջոց:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանձնաժողովն ընկերությունից պահանջել է ներկայացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված առաքումների վերաբերյալ տեղեկատվությունը: Սակայն պարզվում է, որ ընկերությունը գրություն չի ստացել եւ պահանջված տեղեկատվությունը չի ներկայացրել:
Ավելին, Հանձնաժողովը պարզել է, որ «Wildberries Armenia» ֆեյսբուքյան էջում եղել են առաքման ժամկետների վերաբերյալ սպառողների կողմից դժգոհություններ հայտնելու մի շարք հրապարակումներ եւ մեկնաբանություններ:
Ըստ Հանձնաժողովի՝ ընկերության կողմից «am.wildberries.ru» կայքում պատվերների առաքման որոշակի ժամկետ հայտարարելն այն դեպքում, երբ դրանք գործնականում առաքվում են ավելի երկար ժամկետներում, առերեւույթ պարունակում է հասարկության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ: Թե ինչ կպարզի եւ որոշում կկայացնի Հանձնաժողովը, առաջիկայում պարզ կդառնա:
Սյունէ Համբարձումյան