ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ ազգերի կազմակերպությունն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ, որը նա արել է ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 24-ին:

Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ի ստեղծումը հույսի գործնական մարմնացում է եղել:

«Այն հույսի և վճռականության մարմնացում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համընդհանուր հակամարտությունից դեպի համընդհանուր համագործակցության անցնելու առումով: Այսօր մեր կազմակերպությունն աննախադեպ փորձությունների է ենթարկվում»,-շեշտել է Գուտերեշը:

Ըստ նրա՝ ՄԱԿ-ը հենց նման իրավիճակների համար է ստեղծվել:

«Հիմա առավել քան երբևէ աշխարհի բոլոր անկյուններում մենք պետք է իրականություն դարձնենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված արժեքներն ու սկզբունքները՝ հնարավորություն ընձեռելով խաղաղության համար և վերջ դնելով հակամարտություններին, որոնք սպառնալիք են մարդկային կյանքերի, մեր ապագայի և գլոբալ առաջընթացի համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու և անհավասարությունը նվազեցնելու համար: Նա հորդորել է պաշտպանել մոլորակը՝ հանածո վառելիքից կախվածության դեմ պայքարելով:




Լրահոս