ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐԸ՝ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր՝ մոտ տասն օր առաջ ընտրված անդամներից Վահագն Հովակիմյանը, ինչպեսեւ սպասվում էր, ստանձնել է ԿԸՀ նախագահի պաշտոնը: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը, որ խորհրդարանի Պետական-իրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահն էր, ԿԸՀ քաղաքական թիմի որոշմամբ է գնացել: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ԿԸՀ արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանին ամենատարբեր բնորոշումները, ընդհուպ՝ նախկին իշխանությունների «նկարիչ» բնորոշումն էր տալիս, այժմ, ըստ երեւույթին, մոռանալով նախկինում արած սուր քննադատությունը, Հովակիմյանի մասով ձայն-ծպտուն չի հանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ասել էր, որ Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ լինելու հարցը խմբակցությունը  ՀՀ Սահմանադրական դատարան կվիճարկի: «ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ոչինչ չի տալու: Այս պահին մեր իրավաբանները աշխատում են դիմումի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական ցանկացած երկրում ամենակարեւոր ինստիտուտներց մեկն է, որի ձեւավորումը չպետք է խնդրահարույց լինի կամ կասկածներ առաջացնի: Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, այդ պահին իրավիճակի դասավորվածությունն այնպիսին էր, որ Վահագն Հովակիմյանը չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ»,- ասել էր Թովմասյանը:

 

Հովակիմյանի ընտրությունը նաեւ հասարակական կազմակերպություններին է անհանգստացրել: «Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը եւ պահանջում ենք վերանայել առաջադրումը»,- մինչեւ ԿԸՀ անդամների ընտրությունը նման բովանդակությամբ հայտարարություն էին տարածել մի շարք ՀԿ կազմակերպություններ: Իսկ արդեն խորհրդարանում ընտրություն կազմակերպելուց ու Հովակիմյանին ԿԸՀ նախագահ ընտրելուց հետո ՀԿ սեկտորի ներկայացուցիչները խորհրդարանական խմբակցություններին առաջարկել էին էթիկայի հանձնաժողով ստեղծել ու այդ հարթակում քննել հարցը: Թեմայի վերաբերյալ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ԿԸՀ գործող նախագահ Վահագն Հովակիմյանը կուսակցական գործունեությունը դադարեցրել է ԿԸՀ գործուղվելուց օրեր առաջ ընդամենը: Ինչքանո՞վ կարող է անկողմնակալ ու անկաշկանդ գործել. նա քաղաքական դեմք դարձել է գործող իշխանության ու բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ու ջանքերով:

-Գաղտնիք չէ, որ Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի մերձավորներից է, որը խմբային շահը սպասարկելու համար շատ հարմար թեկնածու է։ Ելնելով հանրային շահի եւ հանրային ինստիտուտների կայացման կարեւորությունից՝ այս ընտրությունը չի կարող համարվել ի շահ Հայաստանի Հանրապետության։  Ընտրությունները ժողովրդավարական համակարգի կայացման առանցքն են, եւ եթե չլինի վստահություն այն ինստիտուտի նկատմամբ, որը լեգիտիմացնում է ընտրությունները, ապա ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է դառնում։  Բացի դա, Վահագն Հովակիմյանը, անձամբ մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է «ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ՝ շահերի բախմանն առնչվող հոդվածը, որում ասվում է, թե պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել  իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ պաշտոնում նշանակմանը եւ այլն։

-Խնդիր չկա՞ արդյոք այն հանգամանքում, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընտրել է ԿԸՀ անդամի թեկնածու Վահագն Հովակիմյանին, այսինքն՝ ինքն իրեն: Շահերի բախում չկա՞ այդտեղ:

-ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելիս Վահագն Հովակիմյանը, դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, իբրեւ պատգամավոր մասնակցել է քվեարկությանը՝  թույլ տալով շահերի բախում, օգտագործել է իր պատգամավորական մանդատը, որը իշխող կուսակցության ձայներին ավելացրել է վճռորոշ 65-րդ ձայնը։ Ինչպես գիտեք, ԿԸՀ նախագահի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 ձայն, այսինքն՝ մեկ ձայնը, որը հենց իր՝ Վահագն Հովակիմյանի մանդատով է ձեւավորվել, վճռորոշ էր։ Ակնհայտորեն կողմնակալ եւ ոչ արժանահավատ այս քվեարկությունը ստվերելու է առանց այդ էլ հանրային ոչ բարձր հեղինակություն ունեցող կառույցի հրապարակած տվյալների արաժանահավատությունը։ Այս մոտեցումն անկախ կառույցների ղեկավարների ընտրության տեսանկյունից անընդունելի է, քանի որ մենք գործ ունենք համակարգային խնդիրների հետ, եւ դրանք փոխարենը լուծվեն, ավելի են խորանում, ի սպառ խաթարվում է հանրային վստահության կարիքն ունեցող կառույցների հեղինակությունը։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:

 

Երեկ ԱԱԾ-ն մտավ դատարան եւ մինչդատական վարույթում գտնվող մի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալեց: Իսկ ինչո՞ւ հենց այս դատավորին եւ փաստաբանին: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին 22-ին ձերբակալվեց քրեական աստիճանակարգով ամենաբարձր կոչում ունեցող, «օրենքով գող» Լեննականցի Սուրո մականունով Սուրեն Ավետիսյանը, եւ հիմա իրավապահները այս գործով դատավորի, փաստաբանի, քննիչի գործողություններում կասկածներ են ունեցել, ինչի համար հոկտեբերի 14-ին հենց Քննչական կոմիտեի իր սենյակում ձերբակալվեց Հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վլադիմիր Ասատրյանը, իսկ երեկ էլ՝ դատավոր եւ փաստաբան Ալեքսանյանները: Իհարկե, մինչդատական վարույթում գտնվող գործերի նկատմամբ նորանշանակ դատախազի ուշադրությունը հատկանշական է, սակայն պետք է նկատի ունենալ, որ, դատավորներին, փաստաբաններին ու քննիչներին ձերբակալելուն զուգահեռ, անհրաժեշտ է քննության առարկա դարձնել նաեւ հենց դատախազների գործողությունները: Ոլորտի մասնագետները գիտեն, թե դատախազ-քննիչ-դատավոր եռյակի համագործակցության ինչպիսի դեպքեր կան, եւ որքան հիշարժան են դրանք: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում եւս աղմկահարույց ձերբակալություներ են սպասվում, քանի որ իրավապահ համակարգում ակտիվություն է նկատվում:

 

 

 

 

ԳՈՎԱԶԴԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ, նոր կատարվող փոփոխությամբ՝ դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի հետազոտությունների արդյունքում Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը, որը կազմում է բնակչության 27,8 %՝ հետեւում թողնելով համացանցը` 1,9 %, եւ արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 % (ստորեւ ներկայացված է գծապատկերը, աղբյուր՝ «Բրեվիս» հետազոտական եւ մարքեթինգային ընկերություն)։

Հավելենք, որ նախագիծն արդեն Ազգային ժողովում է եւ պետք է քննարկվի պատգամավորների կողմից:

 

 

 

ԿԱՄՈՒՐՋԸ ԲԱՑ Է

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Ղրիմի կամրջով արդեն կարող են նաեւ ավտոբուսները երթեւեկել: Ավելի վաղ, հիշեցնենք, լիազոր մարմինը հայտնել էր, որ կամուրջը բաց է միայն մարդատար մեքենաների համար:

Ղրիմի կամուրջը հոկտեմբերի 8-ին էր պայթեցվել: Բեռնատար մեքենայի պայթյունից այրվել էին նաեւ այդ պահին կամրջով անցնող բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված ցիստեռները: Պայթյունի հետեւանքով կամրջի երթեկելի որոշ հատված վնասվել էր, ասֆալտը պոկվել ու ծովն էր լցվել:

Այսօր, փաստորեն, պայթյունից 10 օր անց, կամրջով երթեւեկը վերականգնվել է:

Դրան զուգահեռ նշենք, որ մոտ տասն օր է, ինչ Երեւանի Բարեկամության էստակադան փակ է երթեւեկության համար: Այստեղ, իբրեւ թե, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Բացի անդադար խցանումները, որ առաջացել են երեւթեկության համար փակ կամրջի պատճառով, որեւէ դրական տեղաշարժ նկատելի չէ, ու հույս էլ չկա, թե առաջիկայում կամուրջը կարող է բացվել:

Թեեւ Երեւանի քաղաքապետարանն ասել է, որ մոտավորապես մեկ ամսից աշխատանքերն ավարտված կլինեն, բայց եթե այս տեմպերով շարունակվի, ապա Երեւանում երթեւեկող վարորդները մեկ ամսից էլ ավելի ազդանշաններ ու սուլոցներ կարձակեն:

Եթե անգամ ընդունենք, որ մեկ ամսից Բարեկամության էստակադան լիովին վերանորոգված կվերաբացվի, ապա փաստենք՝ Ռուսաստանը 10-ն օրում ամբողջովին վթարված կամուրջ է վերականգնում, Հայաստանը՝ մեկ ամսում կամրջի վրա նոր ասֆալտ փռում սոսկ:

 

 




Լրահոս