ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Երեւան է ժամանել ԵՄ դիտորդական մասնագիտական խումբը, որը պետք է նախապատրաստի այս ամիս սպասվող ԵՄ դիտորդների այցը. այն բաղկացած է 8-10 մասնագետներից:  Այս մասին «Ազատությանը» հայտնել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

 

Թե առաջիկայում Եվրամիության քանի դիտորդ կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ Հայաստան Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի բանակցությունների արդյունքում։

Հայաստան ժամանած մասնագիտական խմբի այցին է անդրադարձել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով. «Եվրամության անդամ 27 երկրներն արագ են գործել՝ արձագանքելու Հայաստանի խնդրանքին։ Եվրամիության տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը եւ գետնի վրա աջակցել հայ -ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»:

Նկատենք՝ մինչ այս Բաքուն  մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, ապա ընդունեց քաղաքացիական առաքելության տարբերակը՝ ընդգծելով, թե կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Իսկ ո՞ր տարածքներում են ԵՄ դիտորդներն առաքելություն իրականացնում եւ ի՞նչ հաջողություններ են գրանցել: ԵՄ-ն ներկայումս իրականացնում է յոթ ռազմական առաքելություններ եւ գործողություններ ցամաքում եւ ծովում: Դրանցից երեքը ռազմական ուսումնական առաքելություններ են, որոնք խորհրդատվություն եւ ուսուցում են տրամադրում տեղի անվտանգության ուժերին Մալիում, Սոմալիում եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում:  Գործընկեր երկրներում գործում են նաեւ տասնմեկ քաղաքացիական առաքելություններ, որոնց օգնությունը կարեւոր դեր է խաղում սահմանների կառավարման, հակամարտությունների կանխարգելման, կազմակերպված հանցավորության եւ մաքսանենգության դեմ պայքարում: Փորձենք մի քանի երկրի օրինակով հասկանալ նրանց առաքելության հիմնական նպատակները:

Վրաստան

Եվրոպական դիտորդական առաքելությունը տեղակայվել է Վրաստանում  2008 թվականի սեպտեմբերին՝ ԵՄ-ի միջնորդությամբ վեցկետանոց համաձայնագրից հետո, որով ավարտվեց օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը:  Դիտորդական առաքելության նպատակներն են ապահովել, որ ռազմական գործողություններին վերադարձ չլինի, դյուրացնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ վարչական սահմանագծերի (ABL) երկու կողմերում ապրող բնակիչների անվտանգ եւ նորմալ կյանքը, հակամարտող կողմերի միջեւ վստահության ձեւավորում:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմանին իրականացվող աշխատանքներին ընդգրկված են շուրջ 200 դիտորդներ ԵՄ անդամ տարբեր երկրներից,  գլխամասային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, եւ կան գրասենյակներ Գորիում, Մցխեթայում եւ Զուգդիդիում: Ընդգծենք՝ ԵՄ մանդատը գործում է միայն ողջ Վրաստանում։ Սակայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները մինչ այժմ արգելել են նրանց մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ։

Ուկրաինա

Այս տարվա փետրվարի 24-հետո, երբ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսվեցին, Եվրոպական Միության առաքելությունն այլեւս չի կարող ամբողջությամբ իրականացնել իր մանդատը Ուկրաինայի տարածքում։  2022 թվականի մարտին եւ ապրիլին ԵՄ անդամ երկրները նոր առաջադրանքներ են ներկայացրել այս կառույցին: Այժմ առաքելությունն աջակցություն է ցուցաբերում իրավապահ մարմիններին՝ հեշտացնելու Ուկրաինայից փախստականների հոսքը դեպի հարեւան անդամ երկրներ, եւ մարդասիրական օգնության մուտքը՝ Ուկրաինա:  «ԵՄ խորհրդատվական առաքելություն-Ուկրաինա»-ն (EUAM Ukraine) ստեղծվել է 2014 թվականին, եւ Եվրոպայից երկիր են բերվել միջազգային խորհրդատուներ։

Առաքելություն եւ նպատակներ

EUAM-ի մանդատն իրականացնում է գործունեություն երեք սկզբունքների համաձայն՝

l ռազմավարական խորհրդատվություն քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ քաղաքացիական անվտանգության ռազմավարությունների մշակման անհրաժեշտության մասին,

l աջակցություն բարեփոխումների իրականացմանը՝ գործնական խորհրդատվության, վերապատրաստման եւ այլ նախագծերի տրամադրման միջոցով:

Համագործակցությունն ու համակարգումը երաշխավորում են, որ բարեփոխումների ջանքերը համակարգվում են ուկրաինական եւ միջազգային դերակատարների հետ:

Լիբիա

2019 թվականի սեպտեմբերից առաքելությունը գտնվում է Տրիպոլիում, բայց ունի ենթաբաժին Թունիսում: 2021 թվականի հունիսի 18-ին խորհուրդը երկարաձգեց առաքելության մանդատը եւս երկու տարով մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը՝ հաստատելով 84,85 միլիոն եվրոյի բյուջեն՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդգծենք, որ քաղաքացիական առաքելությունները յուրաքանչյուր երկրում տեղակայվում են երկու տարով, եւ պետք է ամեն անգամ երկարաձգեն նրանց գործունեության ժամկետը:

ԵՄ-ն աջակցում է Լիբիայի իշխանություններին՝ զարգացնելու սահմանների կառավարումն ու անվտանգությունը երկրի ցամաքային, ծովային եւ օդային սահմաններում: Որպես ճգնաժամային կառավարման քաղաքացիական առաքելություն՝ կարողությունների զարգացման մանդատով, այն օգնում է Լիբիայի իշխանություններին ռազմավարական եւ գործառնական մակարդակներում:

Ինչպես տեսնում ենք, այս եւ մյուս այլ դեպքերում ԵՄ դիտորդական, քաղաքացիական առաքելության նպատակն առաջին հերթին կայունության հաստատումն է, սակայն Հայաստանի պարագայում կայունությունը դիտորդների ներկայության պայմաններում ամեն դեպքում կախված է այն հանգամանքից, թե սահմանի որքան հատվածում են նրանք տեղակայվելու, եւ եթե լինեն խախտումներ, որն է լինելու դիտորդների դերը ու ԵՄ արձագանքը դրան։ Ի վերջո, շատ կարեւոր հարց է՝ նրանք տեղակայվելու են այժմ հաստատված սահմաններում, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են, թե վերջիններս պետք է վերադառնան ելման դիրքեր:  Հավելենք, որ նախնական նրանք Հայաստանի սահմաններին կգտնվեն երկու ամիս:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-28-ին արձակուրդ կմեկնի: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տեւողությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը ներառյալ:
  2. Վահան Քերոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը»:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Սիսիան համայնքի ղեկավար, ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը իրավազոր չլինելու պատճառով հոկտեմբերի 15-ին չի կայացել։ Համայնքապետի երդման արարողության օրակարգով արտահերթ նիստը, որը նշանակվել էր հոկտեմբերի 16-ին, կրկին հետաձգվել է հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին։

 

 

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 15 հարց: Որոշումներից մեկով ««Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխվելու է եւ «Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությանն է միանալու ու վերակազմակերպվի:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ««Քանաքեռ Զեյթուն» ԲԿ» ՓԲԸ-ն 2022 թվականի դեկտեմբեր ամսից անցնում է Երեւան համայնքի ենթակայության: Բուժհաստատությունը 2012 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարման՝ ներդրումներ իրականացնելու, շենքային պայմանները բարելավելու, տեխնիկապես հագեցնելու պայմանով: Հավատարմագրային կառավարման ընթացքում բուժհաստատությունում կատարվել է ավելին քան 1.6 մլրդ դրամի ներդրումներ վերոնշյալ ուղղություններով:

Միաժամանակ նախատեսվում է ««Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ» ՓԲԸ-ում ներդրնել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների նոր տեսակներ եւ վերջինս անվանափոխել՝ դարձնելով «Երեւանի ենթակայության «Երեւան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն»:

 

 

 

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

Թուրքիայի Ազգային մեժ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան նորից կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մարտի 25-ին՝ Հայաստանում, եւ սեպտեմբերին Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղերը («Եվրո-2024»-ի որակավորման շջանակում)։ Մեր հավաքականը կգնա այնտեղ, գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա նկատվում է նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում։ Դա պետք է անել՝ չդիմելով սադրանքների»,- Քըլըչի խոսքերը մեջբերել է Star թերթը։

2008թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եկավ Երեւան Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական խաղին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով մեկնեց Թուրքիա-Հայաստան պատասխան խաղը դիտելու, որը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերին Բուրսա քաղաքում։ Այնտեղ էլ տեղի են ունեցել հայկական եւ թուրքական պատվիրակությունների բանակցությունները, որոնցից հետո՝ նախագահների հանդիպումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ավելի ուշ ընդհատվել է ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Այն ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։

 




Լրահոս