ԱԱԾ-Ն ՄՏԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեում իսկական խառնաշփոթ է եղել: Կոմիտեի աշխատակիցները աղմուկ են լսել: Պարզվում է՝ ԱԱԾ-ն է մտել կոմիտե եւ ՀԿԳ  քննիչին հենց իր աշխատասենյակից տարել է: Իսկ ո՞վ է ԱԱԾ-ի կողմից կալանավորված հատկապես կարեւոր գործերով քննիչը: Վերջինս Վլադիմիր Ասատրյանն է, որը Քննչական կոմիտեում աշխատել է 2017 թվականից եւ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 60.900 դոլար կաշառքի գործով  ձերբակալվել է:

 

Օրերս ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ եւ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ-ի եւ Ա. Ջ-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ.Մ-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Վ.Ա-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Կ.Խ-ի թոռան օգտին գործողություններ կատարելու, այն է` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 2.031.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Պարզվել է նաեւ, որ 2022 թվականի հուլիսի 22-ին Մասիս-Այնթապ ավտոճանապարհին նույն գործով մեղադրյալ Ա.Հ-ի վարած ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա-ն, ի վնաս պետական եւ ծառայողական շահերի օգտագործելով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, կաշառք-գումարի դիմաց միջամտել է նախաքննությանը, որի արդյունքում Ա.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ խաթարվել է արդարադատության շահը:

Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համակարգված քննչական գործողությունների արդյունքում Վ. Ա-ն, Ա. Հ-ն, Ա. Ջ-ն, Կ. Խ-ն եւ Գ. Մ-ն բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ձերբակալվել են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Արաբկիր վարչական շրջանում օրերս խառնաշփոթ է եղել: Մասնավորապես, քաղաքացիները նկատել են, որ մի կին փորձել է իրեն ցած նետել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ավելի ուշ դեպքի վայր են շտապել իրավապահները, եւ պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին 26 տարեկան է եւ փորձել է շենքի 5-րդ հարկից ցած նետվելով ինքնասպանություն գործել: Իսկ թե ինչն է եղել պատճառը, դեռ հայտնի չէ:

 

 

 

 

ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան: Երեկ Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստն էր:

ArmLur.am-ն երեկ դատարանում էր եւ արձանագրեց, թե ինչպես նախկին նախարարին Ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան, եւ ինչպես էին նախարարի հարազատները դիմավորում նրան դատարանի մուտքի մոտ:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Զրուցեցինք Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ սպասելիքներ ունեն իրենք դատարանից:

Ի դեպ, պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց. «Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի եւ գործող անցնող մյուս անձանց վերաբերյալ գործով տեւական ժամանակ դատական նիստեր տեղի չէին ունենում, ուստի հարմար առիթ չէր ստեղծվում միջնորդություն ներկայացնել դատարան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Դ. Տոնոյանի տեսակցությունների վրա դրված սահմանափակումը վերացնելու մասին, ավելին՝ շուրջ մեկ տարի անց միայն դատարանը, այն էլ՝ սեփական նախաձեռնությամբ, որոշում է կայացրել մերձավոր ազգականների հետ Դավիթ Տոնոյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա դրված սահմանափակումը վերացնելու մասին, սակայն նույն որոշմամբ դատարանը շարունակել է սահմանափակված պահել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ նրա տեսակցությունները եւ հեռախոսազանգերը, որի պատճառով դեռեւս հնարավոր չէ իրականացնել Դ. Տոնոյանի հանդիպումը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Հայտնում ենք նաեւ, որ դատարանի հիշյալ որոշումը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պարույր Ֆրունզիկի Սանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շահադիտական դրդումներից ելնելով, երկու եւ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ 2022 թվականին փետրվարի 1-ից մինչեւ 2022 թվականի հունիսի 20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Երեւան քաղաքի բնակիչներ Նարինե Խաչատրյանի, Սաթենիկ Դեմիրչյանի, Արայիկ Օհանյանի հետ, որից հետո, պայմանավորվածության հանաձայն, խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կողմից 1700-5000 եվրո արժողության գումարներ տալու դիմաց վերջինների անվամբ խմբի կազմում օգտագործելու նպատակով պատրաստել են իրավունք վերապահող փաստաթղթեր հանդիսացող, աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի, մահվան եւ ամուսնության փաստը հաստատելու վերաբերյալ բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ եւ սեփականության իրավունքի վկայականներ, որոնք այլ փաստաթղթերի հետ հանձնել են քաղաքացիներին, իսկ վերջիններս դրանք տարել եւ ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում գործող Իսպանիայի Թագավորության վիզաների կենտրոն այդկերպ այդ քաղաքացիների համար «Շենգենյան գոտու» երկրների մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով: Երեւան քաղաքի տարածքում գործող Իսպանիայի Թագավորության վիզաների կենտրոն են ներկայացրել օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթերը եւ դրանով իսկ կազմակերպել են երկուսից ավել անձանց անօրինական միգրացիան:

Քրեական գործով 4 անձ մեղադրյալ է, նրանցից մեկը՝ կալանքի տակ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Աժ նախկին պատգամավոր Հրանտ Դավթի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանը արդարացրել էր նախկին պատգամավորին, իսկ, ահա, Գլխավոր դատախազությունը չէր հաշտվել այս որոշման հետ եւ այն բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել գործը եւ ուղարկել նոր քննության: Մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Դավթյանի այս գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս