Վրաստանում հաստատված ՌԴ քաղաքացիներն այնքան էլ չեն սիրում խոսել իրենց՝ այդ երկիր տեղափոխվելու պատճառների կամ ընտրության մասին, իսկ խոսելիս էլ գերադասում են անանուն մնալ:
Վրաստանի ՆԳՆ կողմից հայտնած տեղեկությունների համաձայն՝ մարտ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած ռուսների 18%-ը մնացել է երկրում. դա գրեթե 50 հազար մարդ է։ 2019 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 5 տոկոս։ Նույն տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից 30-ը ՌԴ առնվազն 68 հազար քաղաքացի է մուտք գործել երկիր, իսկ ավելի քան 45 հազարը հեռացել է։
Անաստասիան այնքան էլ գոհ չէ Վրաստանում սպասարկման որակից, չնայած նշում է, որ համեմատաբար մատչելի է՝ չնայած տեղի ունեցած թանկացումներին: «Խցանումները մեծ խնդիր են, հին Թբիլիսիում ամենուր միայն նեղ փողոցներ են, եւ շատ երկար է տեւում մի վայրից մեկ այլ վայր գնալը: Վրացիները ինչպես վաստակում էին, այնպես էլ շարունակում են, իսկ գները բարձրանում են»,- պատմում է նա:
Պարզվում է՝ թանկացումներից առաջին հերթին բողոքում են հենց վրացիները: «Օրինակ՝ լավ լուծվող սուրճն արժե 7-10 լարի, որը կազմում է մոտ 1000-1400 դրամ։ Ընթրիքը ռեստորանում՝ 60-80 լարի, որը կազմում է մոտավորապես 8000-11 հազար դրամ մեկ անձի համար»,- ասաց Սալոմեն:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Վրաստան այցելությունների քանակով առաջին տեղում հենց ռուսներն են։ Այն, որ ռուսներն այստեղ գալիս են ոչ միայն արձակուրդի համար, վկայում են նաեւ այն տվյալները, որոնք հրապարակվել են: «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով՝ մոտ 13500 ռուսական ընկերություններից կեսը գրանցվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Մարտից հուլիս Վրաստանում գրանցվել է մինչեւ 6400 ռուսական ընկերություն, ինչը յոթ անգամ գերազանցում է նույնիսկ նախորդ տարվա տարեկան ցուցանիշները։ Այն, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ տեղափոխվել են այստեղ ապրելու եւ բիզնեսով զբաղվելու համար, վկայում է նաեւ այն փաստը, որ այդ ընկերությունների 90%-ից ավելին անհատ ձեռնարկություններ են:
Ռուսաստանցիների, եւ միեւնույն ժամանակ հենց վրացիների հիմնական խնդիրներից մեկը բնակարանների գների կտրուկ բարձրացումն է։ 2022 թվականի մարտից Թբիլիսիում բնակարանների գները գրեթե կրկնապատկվել են։ Ռուսաստանից ժամանած Անդրեյը չնայած ապրում է ընկերոջ տանը, սակայն տեղյակ է բնակարանների գների կտրուկ թանկացումից: Նա կարողանում է Վրաստանից աշխատել հեռահար կերպով, չնայած աշխատավարձն ամեն դեպքում նվազել է: Եվ չնայած Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա հարաբերություններին՝ վերջինս տեղացիների կողմից բացասական ոչինչ չի զգացել: «Ինձ հարմար է այստեղ, ես ոչ մի բացասական բան կամ ագրեսիա չեմ զգում տեղացիների կողմից: Միակ խնդիրն այն է, որ ընտանիքիս ոչ բոլոր անդամներն են ինձ հետ»,- նշում է նա:
Իսկ, ահա, Կատյան, որը մարտից է գտնվում Վրաստանում, մի քանի անգամ առնչվել է վատ վերաբերմունքի, իսկ, որպես պատճառ, նաեւ մատնանշեց իր ռուսական արտաքինը: «Մինչ այդ ես պայքարում էի ինքս իմ դեմ եւ փորձում էի չլքել երկիրը, սակայն արդեն անհնար էր: Բայց ես հասկացա, որ այդպես այլեւս շարունակել չեմ կարող: Ես երկու շաբաթ մնացել եմ Հայաստանում, ապա գնացքով եկել Թբիլիսի, սակայն իմ երեխան է մնացել ՌԴ-ում, եւ հիմա մտածում եմ նրան բերելու մասին»,- պատմեց նա:
Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մոբիլիզացիան Ռուսաստանում հանգեցրեց արտագաղթի նոր ալիքի, բայց, պատերազմի սկզբի համեմատ, ռուսների ընտրությունը կրճատվեց. ԵՄ շատ երկրներ սահմանափակեցին վիզաների տրամադրումը, իսկ Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Լեհաստանն ամբողջությամբ արգելել են ռուսների մուտքը զբոսաշրջային ամենահայտնի տիպի վիզաներով: Ավելի ուշ նման որոշման մասին հայտարարեց Ֆինլանդիան։ Հավելենք, որ, չնայած Վրաստանում ռուսների մեծ քանակությանը, մայրաքաղաք Թբիլիսիի պատերին ամենուր հակառուսական գրություններ են:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2023-2025ԹԹ. ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Այսօր Երեւանի ավագանու հերթական նիստն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 15 հարց: Որոշումներից մեկով կհաստատվի Երեւան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Երեւան քաղաքի 2023-2025թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար 106,334,807.6, 111,598,646.5 եւ 153,448,912.7 հազ. դրամ: Միջնաժամկետ կտրվածով սեփական եկամուտների կազմում հիմնական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից:
2023-2025թթ. ՄԺԺԾ-ով սեփական եկամուտների կազմում էապես աճող եկամտատեսակներն են՝
-գույքահարկ անշարժ գույքի մասով՝ համապատասխանաբար 10,483,933.6, 14,126,848.1 եւ 20,408,740.3 հազ. դրամ,
-գույքահարկ՝ փոխադրամիջոցների մասով՝ 13,347,128.5, 14,281,427.4 եւ 15,281,127.4 հազ. դրամ,
-գույքի վարձակալությունից եկամուտներ՝ 1,776,291.0, 2,116,406.6 եւ 2,539,179.2 հազ. դրամ,
-վարչական գանձումներ՝ 6,831,956.2, 7,493,765.4 եւ 8,254,845.9 հազ. դրամ,
-աղբահանության վճարներ՝ 4,412,060.9, 5,073,870.1 եւ 5,834,950.6 հազ. դրամ:
Ընդհանուր ծախսերը, ըստ բյուջետային տնտեսագիտական դասակարգման բնույթների, կարելի է նկարագրել հետեւյալ խմբերով՝
-աշխատանքի վարձատրություն՝ 10 մլրդ 833 մլն 164 հազար դրամ, 11 մլրդ 289 մլն 631 հազար դրամ, 11 մլրդ 717 մլն 113 հազ. դրամ,
-ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերում՝ 11 մլրդ 196 մլն 058 հազար դրամ, 11,802,261.9, 10,783,422.3 հազ. դրամ,
-տոկոսավճարներ՝ 43,909.8, 57,741.9, 57,741.9 հազ. դրամ,
-սուբսիդիաներ՝ 45,473,187.0, 46,214,104.9, 47,151,462.1 հազ. դրամ,
-դրամաշնորհներ՝ 635,891.4, 715,886.9, 1,012,240.7 հազ. դրամ,
-նպաստներ՝ 869,345.9, 871,345.9, 874,995.9 հազ. դրամ,
-այլ ծախսեր՝ 26,857,777.0, 27,502,379.9, 61,238,446.3 հազ. դրամ,
-հիմնական միջոցներ՝ 18,188,868.0, 19,905,293.4, 29,373,490.3 հազ. դրամ,
-ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր՝ (6,550,000.0), (6,460,000.0), (6,660,000.0) հազ. դրամ:
Ն.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Սամվել Բաբայանը հերքում է, որ Արցախի կառավարությունից ստացել է 100 մլն դրամ վարկ: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը զանգահարել էր նրան՝ ճշտելու լուրի իսկությունը մինչեւ հրապարակումը, սակայն Բաբայանը չէր պատասխանել մեր հարցին: Ամեն դեպքում, հարգելով նրա անցյալը՝ տեղադրում ենք հերքումը, որ վարկ չի ստացել:
ՏԱՐԱՏԵՍԱԿ ՍԽԱԼՆԵՐ
2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ.-ին ծնված Դավիթ Սարգսյանը, որը Ն. Փաշինյանի եղբորորդի, ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է։ Դ. Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի (որը չկայացավ) Դիլիջանի շտաբի ղեկավարն էր։ Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դ. Սարգսյանը բարձրագույն կրթություն չունի, ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանում։ Իր անձնական գործում Դ. Սարգսյանը ջնջումներով է գրել իր ավարտած ֆակուլտետի՝ Տնտեսագիտականի անվանումը, փոքրատառով է գրել Դիլիջան քաղաքի անունը, իր սեռի վերաբերյալ նշել է՝ արու։ Դ. Սարգսյանի՝ որպես համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամանակաշրջանում Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղ են գտնում նաեւ Դիլիջան համայնքի հետ կապ չունեցող լուրեր, տեղեկատվական նյութերում շատ են տարատեսակ սխալները։ 2022թ. ապրիլին համայնքապետարանի կայքում հայտարարություն էր տեղադրված, որ «ՌԱՅՍ ԱՊ» կոշիկի արտադրամասի Դիլիջանի մասնաճյուղը փնտրում է աշխատակիցներ։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ Դիլիջան համայնքում տարիներ շարունակ ոչ մի քառակուսի մետր ցորեն չի մշակվում, սակայն համայնքապետարանի կայքում այժմ հայտարարություն է տեղադրված այն մասին, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար, համաձայն այդ ծրագրի 9-րդ կետի, անհրաժեշտ է դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող /նախատեսվող/ ցորենի ցանքատարածության տեղը, մակերեսը, սորտերը, բանկային հաշվեհամարը: Կայքում տեղադրված է տեղեկատվություն այն մասին, որ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ Գագիկ Մարկոսյանի հիշատակին, որը հաղթող էր ճանաչվել ՀՀ երիտասարդական բաց առաջնության 62 կգ քաշային կարգում։ Նախ՝ այդ առաջնությունը ՀՈԱԿ-ում չի կայացել, լրատվության մեջ չի նշված, թե այդ հուշարմրցաշարը եղել է մանկապատանեկան, Գագիկ Մարկոսյանը որ թվականին է հաղթել ՀՀ երիտասարդական առաջնությունում, երբ է նա մահացել: Կայքում Դիլիջան համայնքի հետ կապ չունեցող այլ նյութեր եւս կան։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ