16 ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒԹՈՒՇԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 16-րդ տարելիցն էր: Երգչուհին 16 տարի առաջ մահացել էր ավտովթարի հետեւանքով, երբ ընդամենը 30 տարեկան էր:

 

ArmLur.am-ը առանձնացրել է այն երգիչ, երգչուհիներին, որոնք հիշել են Վարդուհուն: Նրանք են Սիրուշոն, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Մանե Գրիգորյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ այլք:

Ի դեպ, նշենք, որ այս տարի լույս աշխարհ է եկել Վարդուհի Վարդանյանի թոռնուհին` կրտսեր Վարդուհին:

Նշենք, որ Վարդուհի Վարդանյանն իր անցած կարճ ճանապարհին հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր:

1994-ին նա Ջազ-փոփ համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին եւ արժանացել «Գրան-պրի»-ի:

1996-ին մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին եւ արժանացել է հատուկ մրցանակի: 1999-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում Վարդուհին արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցել է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր արժանացել է երկրորդ մրցանակին: 2000-ին Մակեդոնիայի եւ Բուլղարիայի «Սլավյանսկիյ բազառ» եւ «Դիսքավրի» մրցույթներում արժանացել է երկրորդ տեղերին:

Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվել է մրցույթ բոլոր «Գրան-պրի» մրցանակակիրների միջեւ, ուր Վարդուհին արժանացել է առաջին մրցանակին, իսկ «Մորիե դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնացել է:

2003-ին Վարդուհին թողարկել է իր անդրանիկ եւ միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», ուր ներգրավվել են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտել է գործունեությունը Երգի պետական թատրոնում եւ սկսել է դասավանդել թատրոնին կից ստուդիայում:

2006-ի հոկտեմբերի 14-ին երգչուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ մառախուղի ու անձրեւների հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատել շրջադարձը, Սեւան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցրել է կառավարումն ու շրջվել: Մեքենայի ուղեւորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվել:

2006-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կուչումը:

Նույն թվականին, Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի որոշմամբ, սահմանվել է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:

2006-ին հիմնադրվել է «Վարդուհի Վարդանյան» հիմնադրամը, որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

51-ՐԴ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

Այս մասին գրում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը կլինի մրցավարների շարքում:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 26-ին եւ կեզրափակվի նոյեմբերի 7-ին:

 

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

Հայաստանն առաջին օլիմպիական ուղեգիրն է նվաճել Փարիզի ՕԽ-ի համար:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը եւ Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։

Հայաստանի ներկայացուցիչը, օդամղիչ ատրճանակ, 10մ 60 կրակոց կանանց վարժությունում խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում արդեն Էլմիրան բարելավել է դիրքերը եւ խոցելով 200.9 միավոր՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հրաձգության Հայաստանի հավաքականը 3 մարզիկով է մասնակցել Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությանը։

Ատրճանակ ձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը, խոցելով 576 միավոր, գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան ձեւում Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը, խոցելով 625.3 միավոր, գրավել է 47-րդ հորիզոնականը:

 

 

 

ՍԱՄԲՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը հայ սամբիստներին հաջողվել է նվաճել երեք բրոնզե մեդալ:

«Մնացականյան Արփինե – 50 կգ /բրոնզ/

«Նիկոյան Մեսրոպ – 64 կգ /բրոնզ/

«Հարությունյան Գոռ – 88 կգ/բրոնզ/:

Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ նշելով, որ եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն ժամը 16:00-ին, որոնց կարելի է հետեւել նաեւ առցանց:

Այսպիսով, հայ սամբիստները Աշխարհի 2022թ. երիտասարդական առաջնության ընթացքում նվաճել են 20 մեդալ / 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ/:

 

 

 

ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ

Սելենա Գոմեսն ու Հեյլի Բիբերն առաջին անգամ միասին լուսանկարվել են Լոս Անջելեսում ակադեմիայի թանգարանի երկրորդ ամենամյա «Գալա»-ին։

Գոմեսն ու Բիբերը մի քանի լուսանկար են արել միասին։

««Գալա»-ի ընթացքում Սելենան եւ Հեյլին միասին շատ հանգիստ էին: Նրանք երկուսն էլ հաղթահարել են դա եւ երջանիկ են»,- ասել է աղբյուրը:

2017 թվականին սկանդալի պատճառ դարձած Ջասթին Բիբերը միջոցառմանը չի մասնակցել։ Նա, ըստ աղբյուրների, «շատ ուրախ է, որ նրանք բոլորը կարող են առաջ շարժվել, եւ որ կարող է խաղաղություն լինել»։

Աղջիկները միասին լուսանկարվել են այն բանից հետո, երբ Հեյլի Բիբերը ճշտել է իր ամուսնու հետ հարաբերությունների ժամանակագրությունը։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ Հեյլին երգչին տարել է Գոմեսի ձեռքից։

 

 

 

ՊԱՅՈՒՍԱԿԸ՝  3100 ԴՈԼԱՐ

Balenciaga-ն վաճառքի է հանել սահմանափակ քանակով ձեռքի պայուսակների հավաքածու։

Քիմ Քարդաշյանը Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացել է Balenciaga-ի աշնանային հավաքածու 2022-ի ցուցադրությանը՝ փաթաթված դեղին եւ սեւ գույների համադրությամբ կպչուն ժապավենով: Նրա հանդերձանքը համալրվել է համապատասխան պայուսակով։ Balenciaga-ն այժմ այն թողարկել է պայուսակը  3100 դոլարով:

Փոքրիկ ձեռքի պայուսակը, որը կոչվում է Hourglass Small Handbag in Box With Tape in Yellow, ձեռագործ է՝ պատրաստված Իտալիայում: Այն պատրաստված է հորթի մորթուց եւ կպչուն ժապավենից՝ վրան արծաթյա «B» տարբերանշանով:

Հաճախ ապրանքանիշի հագուստներն ու պայուսակներն առաջինը ներկայացնում է Քիմ Քարդաշյանը։

 

 

 




Լրահոս