ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 115

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք խնդիր ենք մեր առաջ դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն»: Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի դեկտեմբերի 12-ին: Գրեթե երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, իր տան բակում ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Երկու տարի առաջ Փաշինյանը նաեւ ասում էր, որ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության. «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները,  եւ այլն։ Որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»։ Ավելին՝ Փաշինյանը նաեւ կարեւորում եւ ընդգծում էր, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որեւէ կոնվենցիայից՝ Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի», – եզրափակել էր նա։ Այժմ ունենք մի իրավիճակ, երբ իշխանություններին հակադիր կարծիք արտահայտող գործիչը ծեծի է ենթարկվել իր տան բակում, իսկ իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանը, լուռ են: Դատապարտող որեւէ հայտարարություն իշխանությունը չի հնչեցրել, մինչ օրվա ավարտը դեռ իրավապահներն էլ չէին պարզել՝ ովքեր են եղել ծեծողները:

 

 

Նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունն է տեղի ունեցել: Սիրադեղյանի հարազատների ու ընկերների շատ նեղ շրջանակ հավաքվել է հայտնի գործչի հայրենի Կոթի գյուղում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի տարելիցի ու հիշատակի արարողութունը կինը՝ Ռուզան Տոնոյանն է կազմակերպել: Մեզ հայտնի դարձավ, որ տարելիցի արարողությանը բավականին սահմանափակ թվով մարդիկ են ներկա եղել՝ մոտ 50-60 մարդ. նախկին դաշնակցական, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է եղել, «Սարդարապատ» հուշահամալիրի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանը, Սիրադեղյանի ընտանիքի անդամները, հարազատները: Մեզ ասացին, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից որեւէ մեկը ներկա չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ռուզան Տոնոյանը մեզ ասաց, որ դա ընտանիքի ցանկությունն է եղել՝ ընտանեկան նեղ միջավայրում հավաքվել, հիշել: Դրանով է պայմանավորված, որ մեզ տեղյակ չեն պահել»: Իշխանության ներկայացուցիչներ կամ պետական այրեր, պաշտոնյաներ նույնպես ներկա չեն եղել: Տեղեկացանք, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի շիրիմը պատրաստ չի եղել, շինարարական որոշ աշխատանքներ արված են եղել, բայց այն ավարտուն տեսք չի ունեցել: Գերեզմանաքար կամ հուշաքար-հուշարձան նույնպես տեղադրված չի եղել: Հիշեցնենք, որ վերջին 20 տարիներին Հայաստանից դուրս բնակվող Սիրադեղյանը 75 տարեկանում էր մահացել արտերկրում:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դատարաններում բազմապիսի վերաձեւավորումներ եղան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով առանձնացան դատավորներ, որոնք քննում են բացառապես մինչդատական վարույթների գործերը: Մասնագիտական հանրույթը այդ դատավորներին որակել է իբրեւ իշխանության համար կալանք տվող դատավորներ: Եւ, ահա, այդպիսի դատավորներից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվեց, թեեւ իշխանությունների հրահանգները անվրեպ կատարել է, բայց դարձավ նույն իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի վիճակագրություն: Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իշխանության պատվերով կալանավորած դատավոր Ալեքսանյանին կալանավորելուց առաջ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին իրավապահները նախապես տեղյակ են պահել: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախնական համաձայնություն ԲԴԽ նախագահը տվել է իրավապահներին, որ ԲԴԽ-ն կթույլատրի կալանավորել դատավորին: Եւ այդ վստահությամբ էլ երեկ երեկոյան սկսվեց դատավորի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը: Ճակատագրի հեգնանքով իր գործընկերոջը կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննում էր «կալանք տվող» մեկ այլ դատավոր Արշակ Մաթեւոսյանը։ Երեկ՝ թերթը տպարան ուղարկելու ժամանակ, դեռ որոշում առկա չէր։

 

 

 

Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել, արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»: Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ. «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրանք հանվել են ու դրսում դրվել, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք», – նշեց գործարանի փաստացի ղեկավարը: Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ իրապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում:




Լրահոս