Վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների կողմից հնչում են հայտարարություններ այն մասին, որ Արցախն արդեն պետք է ինքնուրույն բանակցի, այս դեպքում՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի հետ: Անգամ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում ընդգծվում է, որ հենց Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը: Բացի այս, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրել էր կուսակցության նախընտրական ծրագիրը, որում Արցախի հարցը, ապագան մեծ տեղ էր զբաղեցնում:
Խոստում
«Տարածաշրջանային կայունության հաստատումը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիք է եւ, հետեւաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային եւ կենսական շահերի հաշվին, այլ, հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը»:
Իրականություն
Նիկոլ Փաշինյանը երեկ եւս խոսել է տարածաշրջանի ապաշրջափակման մասին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին դիմելով՝ հիշեցրել է իր առաջարկը: Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի սահմաններն այժմ անվտանգ չեն, եւ ադրբեջանական զորքերն առաջ են եկել եւ հաստատվել հենց Հայաստանի սահմանին:
Խոստում
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, եւ Հայաստանը նպաստելու է այս ձեւաչափի արդյունավետ գործունեությանը»:
Իրականություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն ըստ էության չի գործում, եւ կարեւոր որոշումները կայացվում են, առանց ՌԴ-ի մասնակցության:
Խոստում
«Արտաքին եւ անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»:
Իրականություն
Հայաստանն Արցախին միայնակ է թողել, եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի շուրթերով հայտարարել են, որ հենց Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ ուղիղ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված է առկա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»: Այս բաժնում կարդում ենք.
l «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետեւանքների վերացումը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի՝ գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների եւ զանգվածային ոճրագործությունների հետեւանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո։
l Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին։
l Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ Արցախի հետ փոխգործակցության նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով:
l Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
l Մենք Արցախի անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:
l Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարեւորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձեւաչափն է։
l Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը։ Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեվինը։ Այս ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետեւանքները, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ:
ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ
Դ. Ղուլյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Բուլղարիան կարեւորում է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատումը»,- հոկտեմբերի 18-ին հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը պետական այցով Սոֆիա ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների համար հայտարարության ժամանակ։
«Մեզ համար կարեւոր է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Առանց կայունության չի կարող լինել բարգավաճում։
Մենք նաեւ սատարում ենք Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին»,- ասաց նախագահ Ռադեւը։
Նա միջազգային հարաբերությունների ներկայիս դժվարին պայմաններում իսկական արժեք անվանեց հայ-բուլղարական բարեկամությունը՝ ընդգծելով. «Մենք, առաջնորդվելով մեր ժողովուրդների ցանկությամբ, պարտավոր ենք խորացնել ժամանակի փորձությունը անցած բարեկամության եւ համագործակցության վրա խարսխված կապերը»։
Բուլղարիայի նախագահը խոսեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք կարող ենք եւ պետք է շատ ավելին անենք` երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը զարգացնելու համար: Սա նշանակում է է՛լ ավելի ուժեղ փոխգործակցություն առեւտրի, տնտեսության, ներդրումների, տրանսպորտի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում»,- ասաց նա:
Ռադեւը կարեւորեց նաեւ համատեղ տնտեսական եւ առեւտրի պալատի ստեղծման մասին հուշագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների բիզնեսի զարգացմանն ու մերձեցմանը։
Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները ստորագրեցին նաեւ երկու երկրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն` կարեւորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում նման խորհրդանշական այցը, որը պետք է լրացուցիչ խթան հաղորդի երկկողմ կապերին։
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստորագրել է վերջինիս ազատման դիմումը:
Նշենք, որ քննչական համակարգում Մհեր Վարդանյանը հայտնի է որպես պրոֆեսիոնալ քննիչ:
Արթուր Աբրահամի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: