Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գլխավորությամբ, րոպեներ առաջ որոշել է բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեն հայտարարեց, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։ Ասել է թե՝ եթե տեղի ունենար ավագանու նիստ, եւ Մամոկոն Ասլանյանը կալանավորված չլիներ, ապա նա այժմ կզբաղեցներ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը: Ըստ էության, քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ պարտվել են, արագ կազմակերպեցին նրա նկատմամբ քրեական հետապնդումը, եւ արդեն 10 ամիս է, ինչ պահում են կալանքի տակ:
Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում է, եւ Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է դատարանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 46-ամյա տղամարդու կողմից իր կնոջը սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու եւ նրա որդու միջեւ: Վիճաբանությանը միջամտել է կինը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, եւ ապօրինաբար վերջինիս զրկել կյանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
Քաղաքացի Մարիաննա Սահակյանը 2022 թվականի մայիսին Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել՝ դժգոհելով անարդարությունից, հովանավորչությունից եւ խնդրելով քայլեր ձեռնարկել իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:
Հետեւողական լինելով ենթադրյալ հանցավոր ոտնձգության արդյունքում տուժած անձի իրավունքների պաշտպանության հանձնառությանը՝ դատախազական գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվել են միջոցներ՝ տեւական ժամանակ քննվող քրեական վարույթով առերեւույթ հանցանք կատարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
Դատախազական խմբի հսկողության ներքո գտնվող քրեական վարույթով կատարված վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել է Մարիաննա Սահակյանից կացարանը հափշտակած անձի ինքնությունը:
Մասնավորապես, պարզվել է, որ Մ.Կ.-ն, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, գոյություն չունեցող կեղծ տվյալներ ներկայացնելով, ինչպես նաեւ ապագայում սպասվող իրադարձությունների կապակցությամբ տուժողին մոլորության մեջ գցելով, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու եւ համատեղ եկամուտ ստանալու պատրվակով տուժողից խաբեությամբ հափշտակել է վերջինիս բնակարանի վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերով՝ 40 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 մլն ՀՀ դրամը: Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ.Կ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: 16.10.2022 թ. Մ.Կ.-ն ձերբակալվել է. նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը, դատարանի որոշմամբ, բավարարվել է: Մ.Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ եւ հավաքագրվելով վերջինիս կողմից՝ վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել եւ հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար գումար՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
ՄԱՐԻԽՈՒՆՆԱ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հոկտեմբերի 14-ին՝ գիշերվա ժամը 2:30-ին, պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արտաշատի խճուղում ձերբակալել եւ, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նիզամի գյուղի երկու բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը եւ օգտագործելն էր: 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:
Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: