2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսեթիան լքած փախստականների համար նոր բանակավայր է կառուցվել Վրաստանում՝ Մցխեթի շրջանում գտնվող Ծերովանի ավանում: Այս վայրում ռուս-վրացական պատերազմից հետո կառավարության կողմից կառուցվել են ավելի քան 2000 տնակներ, որտեղ մինչ այժմ էլ բնակվում են հազարավոր բնակիչներ։ Բնակավայրը գտնվում է Թբիլիսի եւ Գորի քաղաքների միջեւ ընկած դաշտում, որը մինչ այդ ամայի էր:
ArmLur.am-ի թղթակիցը գտնվել է Ծերովանի բնակավայրում, կարողացել զրուցել պատերազմի հետեւանքով տեղահանված բնակիչների հետ եւ սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Բնակիչները մեզ հետ զրույցում որպես հիմնական խնդիր մատնանշում էին աշխատատեղերի բացակայությունը, հետեւաբար եւ ֆինանսական խնդիրների առկայությունը:
Նաիրան պատերազմից հետո այդտեղ է հաստատվել ամուսնու հետ, որն ունի հենաշարժողական խնդիրներ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե պետությունից աջակցություն են ստանում 47 լարիի չափով: Նրան հանդիպելու ժամանակ Նաիրան նոր էր վերադառնում բժշկական կենտրոնից, որտեղ զննումը, հիմնական բուժումներն ու դեղորայքն ամեն դեպքում բնակիչներին անվճար է տրամադրվում: Եվ չնայած կլինիկայի ծառայություններն անվճար են փախստականների համար, սակայն այն չի կարող մեծ օգնություն ցուցաբերել, բացի ախտորոշումից եւ հետազոտություններից։ Այստեղ քիչ մարդիկ են գալիս, հիմնականում՝ Մցխեթա քաղաքի մոտ գտնվող պոլիկլինիկա գնալու ուղեգիր ստանալու համար։ Այստեղ ապրող փախստականների համար նույնպես ատամնաբուժական ծառայություններն անվճար են։
Մենք հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ, որն ընտանիքի հետ այստեղ էր տեղափոխվել, երբ դեռ 9 տարեկան էր: «Հայրիկիս այս տարածքում տուն տվեցին, եւ մենք տեղափոխվեցինք այստեղ: Ես շատ բաներ չեմ հիշում այն ժամանակվանից, սակայն մայրս որոշեց, որ պետք է տեղափոխվել այնտեղից: Մեր տունը պատերազմի ժամանակ ավերվել է: Այս համայնքում լավ պայմաններ են, ես ինքս չեմ աշխատում, սակայն աշխատում է ամուսինս»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է նա:
2008 թվականից առ այսօր այդ համայնքում բնակիչներից ոմանք շարունակում են ապրել կիսաբարվոք տնակներում, մի մասն էլ կարողացել է բարելավել իր պայմանները: Բայց շատերը, չնայած իրենց իրավիճակի բարդությանը, չեն կորցնում լավատեսությունը։ Տեղահանվածների համար Թբիլիսիից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծերովանին իսկապես նոր տուն է դարձել: Բնակիչներից շատերը դեռեւս հույս ունեն, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենի գյուղը, որտեղ թողել են ընկերներ, բարեկամներ: Թամարա տատիկն ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ մինչեւ վերջին պահը չէր հավատում, թե պատերազմ է, եւ վերջիններից է եղել, որ լքել է տունը: Ընտանիքում, սակայն, այժմ չեն սիրում խոսել եւ հիշել պատերազմի մասին:
Հավելենք, որ օգոստոսյան պատերազմի օրերին միայն Հարավային Օսեթիայից փախել է ավելի քան 27 հազար քաղաքացի: Հենց նրանցից շատերի համար զրոյից կառուցվել է Ծերովանի համայնքը, որտեղ ապրում են տեղահանվածներ Հարավային Օսեթիայի տարբեր հատվածներից, կան անգամ հայ ընտանիքներ, որոնք փախստականի կարգավիճակով ապրում են այդտեղ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
ՀՀ քաղաքացիները խիստ զայրացած են. պատճառը Հայաստանում գործող առեւտրային բանկերի վարած քաղաքականությունն է:
ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ տարադրամի կանխիկացման համար բոլոր բանկերում գանձվում է 3 տոկոս միջնորդավճար: «Ես պարբերաբար ԱՄՆ-ից գումար եմ ստանում, աղջիկս ուղարկում է, ինքն այնտեղ վճարումներն անում է, ես այստեղ մաքուր ստանում եմ դոլարով: Այսօր գնացել եմ բանկ, որպեսզի ստանամ աղջկաս ուղարկած գումարը դոլարով, իսկ բանկում աշխատողն ասում է, որ եթե դոլարով եմ ուզում ստանալ, պետք է 3 տոկոսը վճարեմ: Ասում են՝ եթե ուզում ես դոլարով ստանալ, ապա հաշվարկվելու է 416 եւ 3 տոկոս պահումով: Ստացվում է՝ այս գործընթացում ես 70-75 դոլար կորցնում եմ. եթե սա թալան չէ, ի՞նչ է»,- իրավիճակը ArmLur.am-ին ներկայացրեց քաղաքացի Լեւոն Սարգսյանը:
Բացի այս, բանկում քաղաքացուն առաջարկել են գումարը ստանալ դրամով. «Եթե դրամով վերցնեմ, դոլարի փոխարժեքը հաշվարկելու են 404 դրամով: Ես ասում եմ՝ աղջի՛կ ջան, ինձ դրամ պետք չէ, դոլար եմ ուզում, երկրից գնալու եմ: Մի քանի ամիս առաջ էլ եմ ստացել առանց պահումների, եւ որեւէ խնդիր չի եղել»:
Բացի այս, նշենք, որ նույնն է նաեւ դոլարային հաշվից կանխիկացում կատարելիս: Այսինքն՝ քաղաքացին կանխիկացում կատարելու ժամանակ է միայն պարզել, որ բանկը 3 տոկոս է գանձել: Ստացվում է, որ ինքն իր սեփական հաշվից գումար հանելիս 3 տոկոսը տվել է բանկին՝ ոչնչի դիմաց:
Նշենք, որ այս խնդրի մասին քաղաքացիներին բանկերից տարբեր ժամանակներում պատճառաբանում են, որ արտարժույթը քիչ է. պատճառը ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաներն են, քանի որ Ռուսաստանում դոլարը քիչ է, եւ այսօր շատերը Հայաստանից են կանխիկ դոլարը փոխանցում ՌԴ: Եւ, ըստ որոշ տեղեկությունների, Կենտրոնական բանկը 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար է սահմանել՝ փորձելով արհեստականորեն խոչընդոտել ՌԴ տեղափոխվող դոլարի կանխիկացումը, բայց, արի ու տես, որ այս ամենի արդյունքում տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները:
Բացի այս, ՀՀ որոշ բանկեր հայտարարում են, որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է համաշխարհային ճգնաժամային իրավիճակով։ Թե մինչեւ երբ են շարունակելու բանկերն այս համաշխարհային ճգնաժամային ֆոնին գերշահույթներ ստանալ քաղաքացիների սեփական միջոցների հաշվին, հայտնի չէ: Բայց այն, որ առաջիկայում այս թեմայի շուրջ բողոքի մեծ ալիք է բարձրանալու, դա հաստատ է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՆ ՄԵԿՆԵԼ
Միասնական սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի կենտրոնը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկատվություն է ստացել Նոյեմբերյան խոշորացված համայնքի Այրում քաղաքում բնակվող, հանրակրթական դպրոց չհաճախող մի ընտանիքի 5 երեխաների մասին։ Այդ կենտրոնի տնօրեն Երվանդ Եգանյանից տեղեկացա, որ կենտրոնի աշխատակիցները՝ Ե. Եգանյանի գլխավորությամբ, այց են կատարել Այրում քաղաքի նախկին հանրակացարանում բնակվող ընտանիքին։ Ընտանիքում կան 3 եւ 4 տարեկան տղաներ եւ 9, 11 ու 12 տարեկան աղջիկներ։ Նրանք հաշվառված են Վանաձոր քաղաքի քոթեջներից մեկում։ Անչափահաս երեխաներից 2-ը կրում են իրենց հոր, 3-ը՝ մոր ազգանունը։ Նրանց ծնողները ապրում, աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում։ Մինչեւ այս տարվա մայիսին Տավուշի մարզի Այրում քաղաք տեղափոխվելը երեխաներն ապրել են Աբովյանում բնակվող հորական տատի տանը, որը մայիսին սարեր գնալու, այնտեղ ուրիշի անասունները պահելու համար իր թոռներին տեղափոխել է Այրում՝ երեխաների մայրական տատի փոքրիկ բնակարան։ Այրումի նախկին հանրակացարանում՝ երեխաների տատիկի՝ շուրջ 60 տարեկան, երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Հակոբյանի մեկ սենյականոց բնակարանում, չկան լվացարան, զուգարան, բնակվելու համար տարրական պայմաններ։ Ե. Եգանյանը հայտնեց, որ երեխաների վիճակը եւ այդ տեսարանը իրեն հուզել են, ինքը միջոցներ է ձեռնարկել երեխաների կարիքները հոգալու համար։ Նոյեմբերյանից մի ՀԿ հոգացել է երեխաների հագուստի հարցը. Նոյեմբերյան քաղաքի «Գվարզին» սուպերմարկետը փոքրիկներին սնունդ է նվիրել։ Ե. Եգանյանը կազմակերպել է, որ իր հայրենի Ոսկեպար գյուղից մի բարեգործ այդ ընտանիքին փայտ վառող վառարան եւ վառելափայտ տրամադրի։ Ընտանիքի դպրոցահասակ երեխաներն արդեն Այրումի դպրոց են հաճախում։ Այրումի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Ջավախյանը հայտնեց, որ հոկտեմբերի 14-ին կայացած Նոյեմբերյանի համայնքապետարանի՝ խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովի նիստում 5 երեխաների հանդեպ խնամակալ է ճանաչվել նրանց տատ Աստղիկ Հակոբյանը։ Ընտանիքին ընտանեկան նպաստ տրամադրելու համար հարկ է երեխաներին հաշվառել Միասնական սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի կենտրոնում։ Մանկահասակ երեխաների ծնողները Ռուսաստանում ուրիշի մոտ անասնապահությամբ են զբաղվում, նրանք պարբարաբար գումարներ են ուղարկում իրենց երեխաներին։ Վերջիններիս տատ Աստղիկ Հակոբյանն ասում է, որ առաջիկայում երեխաների ծնողները գալու են Հայաստան, որպեսզի իրենց երեխաներին տեղափոխեն Ռուսաստան։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ