ՌԴ-ՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մարտ-հունիս ամիսներին Վրաստան ժամանած ռուսների 18%-ը մնացել է երկրում. դա գրեթե 50 հազար մարդ է։ 2019 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 5 տոկոս։ Նույն տվյալներով՝ սեպտեմբերի 21-ից 30-ը ՌԴ առնվազն 68 հազար քաղաքացի է մուտք գործել երկիր, իսկ ավելի քան 45 հազարը հեռացել է։ Վրաստան ժամանած մեծ թվով ՌԴ քաղաքացիներ հիմնական են հաստատվում այնտեղ, աշխատում հեռահար, անգամ նոր գրասենյակներ հիմնում եւ գնումներ կատարում:

 

Մասնավորապես,  «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով՝ մոտ 13500 ռուսական ընկերություններից կեսը գրանցվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:  Մարտից հուլիս Վրաստանում գրանցվել է մինչեւ 6400 ռուսական ընկերություն, ինչը յոթ անգամ գերազանցում է նույնիսկ նախորդ տարվա տարեկան ցուցանիշները։

Վրաստանից իր աշխատանքն է կարողանում իրականացնել նաեւ ընդդիմադիր ռուս լրագրող Լյուբով Պոպովեցը: ArmLur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու են որոշել հեռանալ ՌԴ-ից: «Պատերազմը սկսվելուց մեկ ամիս հետո ես հասկացա, որ չեմ կարող մնալ մի երկրում, որը սկսել է ագրեսիան: Ես նույնիսկ չէի կարող որեւէ կերպ օգնել ուկրաինացիներին, քանի որ վճարային համակարգերը հեռացել են ՌԴ-ից, իսկ մեր քարտային փոխանցումները հսկվում էին: Ուկրաինային օգնելու համար մեզ կարող էր անգամ քրեական հետապնդում սպառնալ: Ընթացքում ինձ ավելի ու ավելի անհարմար էի զգում, հետո ինձ բռնեցին հանրահավաքի ժամանակ»,- նշում է նա: Լյուբովը պատմում է, որ երկար մտածելուց եւ բանակցելուց հետո վերջնական որոշում է կայացրել հեռանալ ՌԴ-ից: Իսկ ինչո՞ւ հենց Վրաստան. լրագրողը պատմում է. «2021 թվականի դեկտեմբերին ես Վրաստանում կոնֆերանսի էի մասնակցել:  Պատերազմը սկսելուց հետո ես մտածում էի, թե ուր կարելի է գնալ. տարբերակներից էին Հայաստանը եւ Ղազախստանը: Սակայն այդ ժամանակ Հայաստան ավելի շատ մարդ էին գալիս, եւ իմ ընկերներից ասում էին, որ մարդիկ կոնկրետ չեն ունենում գնալու տեղ, իմ ընկերը նաեւ խուսափում էր մեկնել մի տեղ, որը լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ՝ իր աշխատանքը հաշվի առնելով: Ղազախստանում ես ոչ մի անգամ չեմ եղել եւ դժվարությամբ էի պատկերացնում, թե ինչ երկիր է: Նաեւ շատ ծանոթներ կային Վրաստանում, եւ մենք ընտրեցինք հենց այս երկիրը»,- նշում է նա: Ընդդիմադիր լրագրողն այնքան էլ խնդիրների չի հանդիպել Վրաստանում, սակայն գներից դժգոհություններ, ամեն դեպքում, ուներ: «Գների առումով ամեն ինչ լավ է, բացի բնակարանների գներից: Մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում ինձ, մեծամասամբ՝ չեզոք: Ես խանութներում կամ այլ վայրերում արդեն փորձում են վրացերեն կամ անգլերեն խոսել, սակայն շատերը միանգամից սկսում են ռուսերեն խոսել: Մեր բնակարանի տերը շատ պատրաստակամ է: Բացի պատերին առկա հակառուսական գրառումներից, կես տարվա ընթացքում միայն 1-2 վատ դեպքի եմ ականատես եղել: Օրինակ՝ գարնանը տաքսու վարորդը հրաժարվեց ինձ սպասարկել: Ընդհանուր առմամբ, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ ե՛ւ բնությունը, ե՛ւ ճարտարապետությունը. չկա ավելորդ բյուրոկրատիա»,- հավելեց նա: Լյուբով Պոպովենցը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ աշխատում է հեռավար, եւ իր գործընկերները եւս դուրս են եկել ՌԴ-ից: Ի վերջո, ՌԴ-ում ընդդիմադիր լրագրող լինելն անվտանգ չէ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՆԱՃ

Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ Հայաստան Ռուսաստանի Դաշնության 780 հազար քաղաքացի է այցելել, իսկ Հայաստանից Ռուսաստան ՌԴ քաղաքացիություն ունեցող 740 հազար քաղաքացի է մեկնել: Այս պահին Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունեցող քաղաքացիների թիվը մոտ 40 հազար է: Միգրացիոն ծառայության՝ նախորդ 9 ամիսների տվյալները տնտեսագետ Կարեն Սարգսյանն է ներկայացնում՝ հավելելով՝ Հայաստանում հատկապես ծառայությունների մատուցման եւ առեւտրի ոլորտում 40 հազար քաղաքացու հաշվով լրացուցիչ պահանջարկ է առաջ եկել:

Թեեւ պետությունը գնաճը զսպելու համար որոշ քայլեր ձեռնարկում է, այնումենայնիվ, որոշակի ապրանքախմբերի գները շարունակում են աճել, իսկ սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ 9.9 տոկոս գնաճ է գրանցվել, ինչը, նախորդ ամսվա համեմատ, 0.6 տոկոսով է ավելի:

Տնտեսագետի փոխանցմամբ՝ հետկովիդյան ժամանակներից սկսած՝ օր օրի թանկացումներն ահագնանալ սկսել են հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից, այսինքն՝ այս տարվա գարնանից սկսած: Էներգակիրների, արեւծաղկի բուսայուղի, հացահատիկի ու այլ ապրանքների մատակարարը մեծամասամբ Ռուսաստանը, որոշ դեպքում նաեւ Ուկրաինան է: Այժմ, սակայն, մատակարարման այդ շղթան խաթարվել է, ինչն էլ համաշախարհային մակարդակով մեծ գնաճերի է հանգեցրել: Սարգսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում օգոստոսին որոշ չափով գնանկում է եղել, բայց քանի որ առ այսօր գնաճի ճնշումները շարունակվում են, դա քաղաքացու համար շոշափելի չի եղել:

Եթե դրամի արժեւորումն այս չափի չլիներ, ապա, ներկայացում է տնտեսագետ Սարգսյանը, գնաճն արձանագրվածի կրկանկիի չափով էր լինելու: Համեմատության համար ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն է օրինակ բերում՝ ընդգծելով՝ գնաճը Ռուսաստանում 14, Բելառուսում 16, Ղազախստանում 17 տոկոս է կազմել:

ՍԵՎԱԿ  ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐ

Երեւանում կտեղադրվեն ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի, հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի, գիտության վաստակավոր գործիչ Սերգեյ Համբարձումյանի, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լեւոն Հովհաննիսյանի, երկրաբանական եւ հանքաբանական գիտությունների թեկնածու Լեւոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 18-ին Երեւանի ավագանու նիստում։

 

 

 




Լրահոս