Դերասանուհի Ժաննա Վելիցյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են հայտնվել դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Գոռ Հակոբյանը համատեղ «Ճիշտ այդպես» նախագծում, ինչպես են անցել նկարահանումները, եւ ինչ փորձությունների միջով են անցել:
Ժաննայի խոսքով` նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել է Իննա Խոջամիրյանից: Նա հիմնական գաղափարը եւ որոշակի մանրամասներ ներկայացնելուց հետո միանգամից տվել է հաղորդմանը մասնակից դառնալու իր դրական պատասխանը:
«Անկեղծ կլինեմ, դժվարություններն այնքան շատ էին, չգիտեմ անգամ՝ որից սկսել: Օրերով չենք լողացել, չենք սանրվել անգամ: Դերասանուհու համար, ով ամեն օր գեղեցիկ հագնված ու խնամված գնում է թատրոն՝ փորձի, այս ամենը, մեղմ ասած, շոկային էր: Որպես ֆիզիկական դժվարություն՝ կառանձնացնեմ սար բարձրանալը վազքով եւ ցեխաջրով լի փոսի մեջ հայտնվելը: Պահ էր գալիս՝ ամեն ինչ այնքան իրական էր դառնում, այնքան շոշափելի, պարզապես մոռանում էինք, որ ամբողջ ընթացքը նկարահանվում է: Իհարկե, հեշտ չէր նման պայմաններում ապրելը, նկարահանվելը, բայց այն էմոցիաները, որոնք ստացա այդ օրերի ընթացքում, անմոռանալի են»,- ժպիտով հիշում է դերասանուհին:
Հարցին` նկարահանող խմբի կամ դերասանական անձնակազմի հետ խմդիրներ եղել են, Ժաննան միանգամից շտապում է ընդգծել, որ թիմում իսկապես ամեն ինչ անցել է ջերմության ու համերաշխության մթնոլորտում.
«Իրինան, D’Litte-ը եւ ես թիմակիցներ էինք, շատ եմ սիրել աղջիկներին: Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ խնդիրներ մեր թիմում իսկապես չեն եղել: Իրինան վախ ուներ բարձրությունից, մի վայրկյան անգամ ձեռքը բաց չենք թողել. եթե պետք է եղել, քայլել ենք իր հետ հավասար, նստել ու շնչել իր հետ հավասար ու փորձությունը հաղթահարել՝ ձեռք ձեռքի բռնած»:
Դերասանուհի Ժաննա Վելիցյանի կարծիքով` նման նախագծերը կարող են հզոր մոտիվացիա հանդիսանալ բոլոր այն մարդկանց համար, որոնք երկմտանքի մեջ են՝ արժե արդյոք ստանալ մինիմալ զինվորական պատրաստվածություն, թե ոչ:
Ստացած նամակների քանակից եւ մեկնաբանություններից պարզ է դառնում, որ իսկապես պիտանի աշխատանք ենք արել՝ մոտիվացնող եւ ուսուցանող:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ 16-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Հոկտեմբերի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կարմիր գորգի պաշտոնական արարողությամբ մեկնարկեց Երեւանի շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թատերական իրադարձությունը Հայաստանում համախմբել է մշակութային ոլորտի լավագույն մասնագետներին ամբողջ աշխարհից։ Պայմանավորված սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայով՝ փառատոնը ստանձնել է եւս մեկ կարեւորագույն առաքելություն՝ միջազգային հանրությանը իրազեկել մեր երկրի խնդիրների մասին՝ կոչ անելով «փրկել մշակույթն ու դադարեցնել ագրեսիան»։ Փառատոնի տոմսերը կվաճառվեն, իսկ ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։
«Այս տարի փառատոնը միտված է քաղաքականության. բացի մշակութային մեծ հրավառությունից, մենք նաեւ շատ կարեւոր առաքելություն ենք իրականացնում։ Սեպտեմբերի 13-ին սկսված ծանր օրերից հետո մեր գլխավոր հովանավոր «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ որոշեցինք, որ պետք է ունենանք նաեւ ակցիա, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա միջազգային հանրության համար»,- նշեց փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։Այս տարի Շեքսպիրյան փառատոնը կհյուրընկալի ավելի քան 250 մասնակցի եւ հյուրի Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից։ Երեւանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ։ Թատերական իրադարձության հեդլայներն են Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) եւ IM Perfect թատերախմբի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։ Ներկայացում կցուցադրվի նաեւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ հատուկ ծրագիր՝ FestOFF խորագրով, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար։ Շեքսպիրյան փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 22-ը՝ներառյալ. այն անցկացվում է «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԴԵՄՔ
Swarovski ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ջովաննա Էնգելբերտը ներկայացրել է նոր գովազդային արշավը, որի դեմքը մոդել Բելլա Հադիդն է:
Լուսանկարներում Բելլան փերիի տեսք ունի՝ թեւերին փոխարինող ժապավեններով: Մոդելը կրում է բազմաթիվ թեւնոցներ եւ վզնոցներ՝ կողքին ամանորյա աստղեր:
«Բելլան շատ բազմակողմանի կերպար է, որը խուսափում է սահմաններից եւ կանոններից: Նա հեշտությամբ անցում է կատարում սպորտայինից դեպի գլամուրային ոճին՝ պահպանելով ինքնավստահությունը»,- ասել է Էնգելբերտը։
Ապրանքանիշի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսիս Նասարդն ասել է, որ նոր արշավն ուղղված է երկու նախաձեռնությունների՝ Creators Lab եւ Swarovski Created Diamonds նախագծերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նա կարծում է, որ ապրանքանիշի կողմից արտադրված ադամանդները, ծագումնաբանությունից բացի, ոչնչով չեն տարբերվում բնականներից:
ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐԸ
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հերքել է լուրերը, թե զրուցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ եւ նրան հրավիրել իր ղեկավարած թիմ։
«Ես երբեք չեմ խոսել Ռոնալդուի հետ «Աթլետիկո» տեղափոխվելու թեմայով, երբեք։ Չեմ պատկերացնում ինձ «Ռեալում», Ռոնալդուին էլ չեմ պատկերացնում «Աթլետիկոյում»»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը։
52-ամյա մասնագետը «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։
ՀԱՋՈՐԴ ՆՊԱՏԱԿ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալուց հետո խոսել է հաջորդ նպատակի մասին։
«Հպարտ եմ, որ մորս տված խոստումները կատարում եմ։ Ես նախկինի նման ունեմ հավակնություններ։ Կցանկանայի դառնալ աշխարհի չեմպիոն։
Նպատակս Ֆրանսիայի հավաքականի հետ Քաթարում հնարավոր ամեն ինչ անելն է եւ աշխարհի չեմպիոն դառնալը»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Ավստրալիայի, Դանիայի եւ Թունիսի հավաքականները։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կփորձի պաշտպանել չորս տարի առաջ Ռուսաստանում նվաճած տիտղոսը։ Բենզեման անցած առաջնությանը չի մասնակցել։