Օրվա իշխանության մշակած պլանի համաձայն՝ ըստ երեւույթին, առաջիկայում Հայաստանում գործող երեք խոշոր բուհեր կմիավորվեն՝ ձեւավորելով մեկ ընդհանուր հաստատություն՝ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտը: Թեեւ Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը միասնական դիրքորոշմամբ դեմ են արտահայտվում, ավելին՝ դասադուլ ու բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ միավորմանը (միավորմանը նաեւ Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորն է դեմ արտահայտվում), բայց փորձը ցույց է տալիս, որ եթե իշխանությունը մտքին մի բան է դրել, ապա այն անպայման իրագործելու է:
«Ժողովուրդ» օրաթերթը վերհիշել է՝ ինչպես էր տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսում բուհերի ինքնավարությունից ու ազատությունից: Այդ մասին անգամ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ հրապարակված նախընտրական ծրագրի մեջ է ամրագրված, այն է՝ «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվի բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի` հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը»:
Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի իշխանությունը բուհի ինքնավարությունը կամ ազատությունն այն օպտիմալացնելով է պատկերացնում, ու փոխանակ տարիների փորձ ու պատմություն ունեցող հաստատությունները փորձեն արդիականացնել ու միջազգային նորմերին համապատասխանեցնել, որոշում են միանգամից կտրել-միացնել դրանք: Փաշինյանը, բուհերի ինքնավարության մասին հայտարարություններով, փաստորեն, նորից ստել է:
Արցախցիները տարակուսած են՝ ինչ է ի վերջո լինելու Արցախի ճակատագիրը, ու ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը հետայսու: Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյաների ու, առհասարակ, բնակիչների մտորումներն ու անհանգստությունն է՛լ ավելի են ահագնացել այն բանից հետո, երբ այստեղ՝ Երեւանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պավիրակությանն ու ասել՝ Հայաստանն Արցախի անվտանգության բանակցություններին ի՞նչ է անում: «Փաշինյանը, կարելի է ասել, Արցախից Երեւան եկած պատվիրակությանն ասել է մոտավորապես այն, ինչ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էր հայտարարել, այն է՝ «44-օրյա պատերազմի հետեւանքով ՀՀ-ն այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները»: Հետեւաբար՝ հասկացրել է՝ գլխներիդ ճարն ինքներդ տեսեք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց հանդիպման մանրամասներին տեղյակ մեր զրուցակիցը: Հանդիպումից հետո՝ այժմ, Արցախում խիստ տարակուսած են. ի՞նչ անել, հատկապես որ իրենք էլ այս պահին չգիտեն՝ ում դիմել, ինչ անել՝ պահպանելու Արցախից մնացած մի բռակտոր հատվածը: Եվ, փաստորեն, իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը, որ վստահեցնում էր, թե «Արցախը Հայաստան է, ու վե՛րջ», այժմ ճիշտ հակառակն են պնդում, թե Արցախի համար այլեւս ոչինչ անել չեն կարող:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներսում անմխիթար վիճակ է. մեծ թվով բաժիններ մնացել են առանց ղեկավարի: Նախ՝ նկատենք՝ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո այդ կառույցը ղեկավարում էր Տիգրան Խաչատրյանը, որն այժմ ֆինանսների նախարարն է, եւ նրանից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ից, այդ պաշտոնը զբաղեցնում է Վահան Քերոբյանը: Նրա նշանակումից հետո համակարգում դժգոհություններն ավելացել էին, եւ եղել են նաեւ մարդիկ, որոնք պարզապես հրաժարվել են աշխատել Քերոբյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ Էկոնոմիկայի նախարարությունը չունի գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական: Կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավարներ չկան կամ էլ պաշտոնակատարներ են: Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային 22 վարչություններից 8-ը, իսկ նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների 11-ից երեքը չունեն ղեկավարներ: Այսպիսի պատկեր տիրում է այլ գերատեսչություններում եւս, երբ կան վարչություններ, սակայն ղեկավարներ՝ ոչ:
Սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը որոշ ժամանակով պարալիզացրել է պետական կառավարման համակարգը: Որոշ գերատեսչություններ սեպտեմբերին պլանավորած գործերը սահմանված ժամանակին չեն ավարտել, եւ դրանց կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման իրավիճակում հայտնվել է Հաշվեքննիչ պալատը: Մեզ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատը պետք է հաշվեքննություն իրականացներ Կապանի քաղաքապետարանում եւ Գեղարքունիքի մարզպետարանում ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ, սակայն դրանք հետաձգվել են: Ըստ Հաշվեքննիչ պալատի հիմնավորման՝ դրանք կասեցվել են՝ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված: Իսկ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, «Ժողովուորդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ենթադրում եմ՝ սեպտեմբերի 13-ի հետ կապված է եղել: Տեղեկություն չունեմ, թե երբ է սկսվելու այդ հաշվեքննությունը»։