ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ Հայաստան Ռուսաստանի Դաշնության 780 հազար քաղաքացի է այցելել, իսկ Հայաստանից Ռուսաստան ՌԴ քաղաքացիություն ունեցող 740 հազար քաղաքացի է մեկնել: Այս պահին Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունեցող քաղաքացիների թիվը մոտ 40 հազար է: Միգրացիոն ծառայության նախորդ 9 ամիսների տվյալները տնտեսագետ Կարեն Սարգսյանն է ներկայացնում՝ հավելելով՝ Հայաստանում հատկապես ծառայությունների մատուցման եւ առեւտրի ոլորտում 40 հազար քաղաքացու հաշվով լրացուցիչ պահանաջարկ է առաջ եկել:

 

«Մենք տեսնում ենք, որ այս պահին թե՛ տնտեսական ակտիվության աճ կա, թե՛ դրա հետ մեկտեղ գնաճի որոշակի տեմպեր կան՝ չնայած կենտրոնական բանկի զսպող քաղաքականությանը եւ դրամի զգալի արժեւորմանը»,- նշում է մեր զրուցակիցը:

Թեեւ պետությունը գնաճը զսպելու համար որոշ քայլեր ձեռնարկում է, այնումենայնիվ, որոշակի ապրանքախմբերի գները շարունակում են աճել, իսկ, սեպտեմբեր ամսվա տվյալներով, 9.9 տոկոս գնաճ է գրանցվել, ինչը, նախորդ ամսվա համեմատ, 0.6 տոկոսով է ավելի: «Սննդամթերքի շուկայում 13.7 տոկոս է կազմել գնաճը, այսինքն՝ այն երկնիշ թվով է արտահայտվել: Հագուստի, առողջապահության ոլորտում, տրանսպորտի ոլորտում նույնպես բավականին բարձր աճ է գրանցվել»,- մանրամասնում է Սարգսյանը:

Տնտեսագետի փոխանցմամբ՝ հետկովիդյան ժամանակներից սկսած՝ օր օրի թանկացումներն ահագնանալ սկսել են հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից, այսինքն՝ այս տարվա գարնանից սկսած: Էներգակիրների, արեւծաղկի բուսայուղի, հացահատիկի ու այլ ապրանքների մատակարարը՝ մեծամասամբ Ռուսաստանը, որոշ դեպքում նաեւ Ուկրաինան է: Այժմ, սակայն, մատակարարման այդ շղթան խաթարվել է, ինչն էլ համաշախարհային մակարդակով մեծ գնաճերի է հանգեցրել:  Սարգսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում օգոստոսին որոշ չափով գնանկում է եղել, բայց քանի որ առ այսօր գնաճի ճնշումները շարունակվում են, դա քաղաքացու համար շոշափելի չի եղել: «Գնաճի հիմնական պատճառն արտաքին շոկերի հետեւանքն է, ու այդքան պայմանավորված չէ տնտեսական զարգացումներով: Պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում է գնաճային բարձր ֆոնով պայմանավորված իրավիճակ, որը թերեւս կպահպանվի անորոշ ժամանակով»,- հավելում է տնտեսագետ Սարգսյանը:

Եթե դրամի արժեւորումն այս չափի չլիներ, ապա, ներկայացում է տնտեսագետ Սարգսյանը, գնաճն արձանագրվածի կրկանկիի չափով էր լինելու: Համեմատության համար ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն է օրինակ բերում՝ ընդգծելով՝ գնաճը Ռուսաստանում՝ 14, Բելառուսում՝ 16, Ղազախստանում 17 տոկոս է կազմել:

Կարեն Սարգսյանի հետ նաեւ փողոցի առեւտրի մասին զրուցեցինք: Նշենք, որ քաղաքապետարանն այն արգելելու համար օրենսդրական փաթեթ է մշակել, ինչին կառավարությունը դրական եզրակացություն է տվել: Ու եթե խորհրդարանը վավերացնի այդ նախագիծը, ապա փողոցում առեւտուր անելն օրենքով կարգելվի: «Փողոցի առեւտուրը մի կողմից իհարկե հաճելի երեւույթ չէ, ու, իսկապես, վաղ թե ուշ այս խնդիրը պետք է արմատապես լուծվի, բայց, մյուս կողմից, պետք է հասկանանք, որ նմանատիպ գործունեություն իրականացնող անձինք լուծում են իրենց տարրական կարիքների խնդիրը: Հետեւաբար նախ պետք է լուծել այս մարդկանց՝ աշխատանքի տեղավորելու հարցերը, ապա որ նոր միայն  ադմինիստրատիվ մեթոդներով արգելել փողոցի առեւտուրը: Նշեմ, որ աշխարհի բոլոր զարգացած երկրներում փողոցային առեւտուրը եղել է եւ կմնա: Սանիտարահիգիենիկ առումուվ, այո, այդքան էլ ճիշտ չէ, օրինակ, միգը, բանջարեղենը կամ սնունդը փողոցում վաճառել, բայց հարցին չպետք է միակողմանի լուծում տալ,- բացատրում է Սարգսյանն ու հավելում:- Այս հիմնախնդիրն այն բանի վկայումն է, որ մեր երկրում առեւտուրը ոչ ճիշտ են կազմակերպում, սակայն պատկան մարմինները պետք է հասկանան, որ այս խնդիրը հիմնովին լուծման կարիք ունի: Վարչական մեթոդներով փողոցի առեւտուրն ուղղակի արգելելով՝ հարցը, միանշանակ, չի լուծվելու»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԵԼ ԵՆ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՎ

Վանաձորում 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո՝ մինչեւ օրս, քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, ամեն բան անում է, որ այստեղ լիարժեք իշխանություն այդպես էլ չձեւավորվի: Թեեւ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Ասլանյանն այս պահին կալանավորված է, (ինչն, ի դեպ, որպես քաղաքական հետապնդում է որակվում), Վանաձորն էլ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող ունի, ամեն դեպքում, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը հաստատված բյուջե չունի: Բացի այդ, ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի:

Ընտրություններից հետո ավագանու մի քանի (2-3) նիստ է ընդամենը հրավիրվել, բայց դրանք բոլորն էլ տեղի չեն ունեցել: Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությունն այստեղ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակել նախկինում քրեական գործերով անցնող Արկադի Փելեշյանին, որ, ըստ մեղադրանքի, Հայ Ավետարանական եկեղեցու հովվի էր ծեծել իր իսկ աշխատասենյակում:

Ու քանի դեռ Ասլանյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտոնյայի աթոռին, ըստ երեւույթին, բավական հարմար տեղավորված Փելեշյանը շարունակում է կառավարել քաղաքը: Բայց թե ինչպես է դա հաջողվում, երբ քաղաքը հաստատված բյուջե չունի, դա թերեւս բոլորի համար շարունակում է անհասկանալի մնալ:

Իրավաբան Արսեն Բաբայանի հիմնավորմամբ՝ համայնքային բյուջեն հաստատում է ավագանին, իսկ ընթացիկ տարվա բյուջեն ավագանու կողմից հաստատված չլինելու դեպքում տվյալ տարվա համար հաստատված է համարվում նույն համայնքի նախորդ տարվա բյուջեն: «Սրա տրամաբանության հիմքում ընկած է այն արդարացի մոտեցումը, որ նույն համայնքն է, նույն եկամուտներով եւ նույն ծախսերով, ուստի հնարավոր է որպես ծայրահեղ միջոց կիրառել նախորդ փորձը,- մանրամասնում է Բաբայանն ու ավելացնում:- Օրենքի այս պահանջից ելնելով՝ Վանաձորի համար ընթացիկ տարվա բյուջեն չի կարող նախորդ տարվա համամասնությամբ հաստատված համարվել, քանի որ նախորդ տարում Վանաձոր խոշորացված համայնք գոյություն չի ունեցել: Վանաձորում նախորդ տարի կատարվել է համայնքի խոշորացում, միացվել են այլ համայնքներ, եւ այդպիսով ստեղծվել է լրիվ նոր խոշորացված համայնք, որն էլ, բնականաբար, ենթադրում է նոր եկամուտներ եւ նոր ծախսեր»:

Ի՞նչ է ստացվում. Վանաձորը մոտ մեկ տարի առաջ ավագանի է ընտրել, ինչն էլ պետք է քաղաքային իշխանություն ձեւավորեր, բայց հանրապետության երրորդ քաղաքն առ այս պահը ղեկավարում է մի մարդ, որին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ ամենատարբեր բնորոշումներն էր տալիս:

Ս.  ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի եւ միջոցների տեղաշարժ ու բացազատում, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաեւ ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։

Գնահատելով իրավիճակի լրջությունը եւ իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը, եւ խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։

Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաեւ մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ, եւ նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը  հարցաքննել  է ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստերը` Անի Հարությունյանին: Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինն է: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար։

 




Լրահոս