ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ԶԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երեւան պետք է տեղափոխվեն առաջիկա երկու տարում: Այդ մասին հայտնել է հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության՝ Solar Industries-ի ղեկավար Սատյանառայան Նուվալը Հնդկաստանում բացված DEFEXPO ցուցահանդեսի ժամանակ։ «Մենք Pinaka1-ի, ընդլայնված հեռահարության Pinaka-ի եւ կառավարվող Pinaka-ի արտահանման պատվեր ենք ստացել Հայաստանից։ Ըստ վերջնաժամկետի՝ պետք է այդ երեքն էլ ավարտենք երկու տարում», – ասել է ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ղեկավարը։

 

Նկատենք, որ հնդկական զենքի  այս խոշոր ցուցահանդեսին ներկա է եղել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա երեկ հանդիպել է իր Հնդկաստանի գործընկերոջ հետ։ Հանդիպումից հետո նախարար Ռաջնաթ Սինգհը «Թվիթեր»-ում գրել էր՝ շփումը հրաշալի է անցել, սակայն առանց հավելյալ մանրամասների։

Հայկական կողմը եւս մանրամասներ չէր հաղորդել , պաշտոնական հաղորդագրությամբ միայն նշվել էր, թե «քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր»։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։

Հնդկական մամուլը, սակայն, հղում անելով իր աղբյուրներին, այլ մանրամասներ է հայտնում եւ պնդում է, թե ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդարձակվել՝ նոր սպառազինությունների ձեռքբերման հաշվին։

The Print պարբերականը, մասնավորապես, պնդում է, թե Հայաստանն այժմ հետաքրքրված է հատկապես հնդկական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգով եւ հարվածային անօդաչու թռչող սարքերով։

Ավելի վաղ էլ՝ անցած ամիս, հնդկական մամուլը հաղորդել էր, թե կողմերը մոտ 250 միլիոն դոլարի գործարք են կնքել, որով Հնդկաստանը պետք է առաջիկա ամիսներին հայկական բանակին հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ Pinaka-ներ մատակարարի։

Բաց աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն՝ այդ համակարգերը հնդկական բանակի զինանոցում են հայտնվել 2000-ականների սկզբին՝ փոխարինելով խորհրդային արտադրության ռեակտիվ հրետանային միջոցները, մասնավորաբար՝ «Գրադ» կայանքները։

Հնդկական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանին վաճառված ռեակտիվ համակարգերից մեկի հեռահարությունը հասնում է 37,5, մյուսինը՝ 45, երրորդինը՝ 75 կիլոմետրի։ Վերջին տարբերակը համարվում է երեքից ամենաառաջադեմը, ունի ներքին նավիգացիոն համակարգ, արբանյակային նավիգացիոն ուղեցույց, ինչը հնարավորություն է տալիս խոցել հակառակորդին մեծ հեռավորության վրա։ Ըստ հնդկական աղբյուրների՝ այդ համակարգերից յուրաքանչյուրն ի վիճակի է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել, որոնք նախատեսված են հակառակորդի անձնակազմը, ծանր տեխնիկան, ինչպես նաեւ հրամանատարական կետերը խոցելու համար։

Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս գործարքների մասին տեղեկություններն առայժմ չի հերքել, բայց եւ չի հաստատել։ Ընդ որում, եթե համագործակցությունը հաստատվի, Հայաստանը կդառնա օտարերկրյա առաջին պետությունը, որն իր բանակը որոշել է համալրել հնդկական այս զինատեսակով։ Այս հանգամանքը եւս շեշտվել է հնդկական պարբերականի հոդվածում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի որոշումներով լուծարված Հատուկ քննչական ծառայությունում Սասուն Խաչատրյանի տեղակալները, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեում տեղակալների պաշտոնակատարներ էին, նշանակվել են տեղակալներ։

Ստորագրված որոշումներում ասվում է. «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդիկ Հակոբյանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատելով նրան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»։

 

 

 

ԵՌՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿՄԵԿՆԵՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն): Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղուկասյանը մեկնում է Լիոն Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Ֆրանսիա կմեկնի նաեւ մարզպետի օգնականը՝ Սուրեն Քեսեջյանը։ Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

 

 

 

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հոկտեմբերի 20-21-ը Երեւանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նեղ եւ ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչու հենց Ազգային անվտանգության ծառայությունը, այլ ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն որոշեց քննել  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործը: Խնդիրն այն է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նախկինում եղել է ՀՔԾ-ի, այսինքն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ: Եվ, ահա, համակարգում այն տեսակետն է հնչել, թե կարող է շահերի բախում լինել, ուստի պետք է, որ Արուսյակ Ալեքսանյանի եւ Էրիկ Ալեքսանյանի գործը քննի ԱԱԾ-ն: Մեկ այլ հանգամանք եւս. օրերս իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դուստրը` Անի Հարությունյանը: Իրավապահ համակարգը միայն նրանցով չէ զբաղված, եւ հարցաքննվում են նաեւ գրասենյակների աշխատողները, փոխկապակցված անձինք, իսկ Արուսյակ Ալեքսանյանի օգնականին անգամ ձերբակալել են: Հավելենք, որ Ալեքսանյանն այն դատավորն է, որը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշումներ: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած, այս գործերով հայտնի դատավորն է:

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահան Հակոբյանը կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ 3 տարի ժամկետով: Մինչ այդ մաքսային կցորդը Արամ Թանանյանն էր, որը պաշտոնից ազատվեց հունիս ամսին: ArmLur.am-ը գրել էր, որ Արամ Թանանյանը Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատվեց մեկ տարի շուտ, քանի որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին 3 տարի ժամկետով: Թե ինչն էր Թանանյանին ժամկետից շուտ աշխատանքից ազատելու պատճառը, այդպես էլ անհայտ մնաց: Նշենք, որ 2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թանանյանին նշանակելով այս պաշտոնին, հայտարարել էր, որ այդ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում:

 

 

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետմահու պարգեւատրելու որոշում է ստորագրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, Սիմոնյանի որոշմամբ, հետմահու ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրվել երգիչ, երգահան Հայկոն՝ Հայկ Հակոբյանը: Նշենք, որ երգիչը նախորդ տարի՝ 2021-ին էր մահացել 48 տարեկանում:

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Այսուհետ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա թաքնված աշխատուժի բացահայտմանն ուղղված ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի ծանուցման պահանջը պահելու: Համենայնդեպս, այդպիսի նախագիծ քննարկվել է այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, եւ հաջորդ շաբաթ պետք է քննարկվի նաեւ լիագումար նիստի ժամանակ: Այսինքն՝ այն բացառությունները, որոնք կան տեսչական որոշ մարմինների համար՝ ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումն առաջարկվում է տարածել աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ մարմնի նկատմամբ:

 




Լրահոս