ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով Ազգային անվտագության ծառայությունը հարցաքննության է հրավիրելու քրեական հեղինակություն, Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանին եւ եւս այլ փաստաբանների:
Իսկ ինչո՞ւ:
2022 թվականի օգոստոսի 22-ին քրեական անցյալ ունեցող անձանց «ռազբորկա» եւ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում: Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը:
Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի եւ Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի, Ֆազ մականվամբ Արթուր Գրիգորյանը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է Չաղ Ռուստամ մականվամբ, միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, որոնք կարողացել են մի քանի հոգու վնասազերծել եւ տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա, Երեւանի ոստիկանապետի կարգադրությամբ, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ դատարանի բակից մի քանի ավտոմեքենաներ տեղափովել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Մի քանի անձինք, որոնք դիմել են փախուստի, ոստիկանների կողմից փնտրվել են եւ ներկայացվել են դատարան, որպեսզի նրանց կալանավորեն:
Ահա այստեղ էլ սկսվել է «կռիվ կինոն»: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ են արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարում են պաշտոնական լիազորությունների չարաշահում: Քրեական հեղինակության ազատ արձակման միջնորդություն էլ ներկայացրած է եղել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ինչի համար իրավապահ համակարգը դատավորին ու փաստաբանին մեղադրանք է առաջադրել եւ տանում է կալանքի: Ինչով կավարտվի այս պատմությունը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին:
Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը քննում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Ռազմիկ Մարիկյանը։ Փաստաբանի պաշտպանների պնդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանն ընդամենը կատարել է իր մասնագիտական պարտականությունն ու միջնորդություն ներկայացրել դատարան։ Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը քննած դատավորը դեռեւս որոշում չի հրապարակել։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը: Ըստ լուրերի՝ ԱԱԾ-Ն ձերբակալել է նաեւ կալանավորված դատավորի օգնականին: Իսկ թե ինչու, կներկայացնենք մի փոքր ուշ:
Ի դեպ, նկատենք, որ քիչ առաջ անգամ ահազանգ հնչեցրեց դատավորների միությունը՝ հայտնելով. «ՀՀ դատավորների միությունը հետեւում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։
Ապացույցների ձեռք բերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չեն նաեւ դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները։
Օրինականության պահպանման հորդորով, հետեւելով հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԻՆՔՆԱԿԱՄ
Հոկտեմբերի 15-ին՝ կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ բաժնի ծառայողների համատեղ ջանքերով կարճ ժամանակում պարզվեց, որ Մայակովսկի գյուղում տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն։
Այդ ընթացքում տղամարդուն դանակով խփել էր Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա դեպքի հաջորդ օրը եկել է Կոտայքի բաժին եւ հայտնել, որ 26-ամյա երիտասարդին ինքն է դանակահարել։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 3 տարի կալանքի տակ գտնվող նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանն ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, քրեական գործով հայտարարել է նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։ Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաեւ առանձապես խոշոր չափերի՝ 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նվեր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, եւ ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ
ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի քրեական գործով:
Հիշեցնենք, որ դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի գլխավորությամբ, բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, եւ դատախազ Կորյուն Ներսիսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել էր:
Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը կալանավորվել էր: Դատախազ Կորյուն Ներսիսյանը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, որի քրեական գործով շոշափվում է նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն.Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ.Գ.-ի եւ Ն.Ա..-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ