ԴԱՏԱՎՈՐԸ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու։ Նշենք, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել ոչ միայն մինչդատական վարույթի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, այլեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգը կասկածներ է ունեցել կոռուպցիոն հնարավոր գործարքների մասով, որոնք կապված են կոնկրետ քրեական գործի հետ: Ի դեպ, խոսքը այն դատավորի մասին է, ում որոշմամբ մայիսի 18-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զրկվեց ազատությունից:

 

Բացի այս, Արուսյակ Ալեքսանյանը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշում: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած դատավորն է:

Իսկ մինչ այդ ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի իրավապահների տեսադաշտում հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Սկսենք 2017 թվականից, երբ նրա դրամական միջոցը կազմել է 15 մլն դրամ: Այդ տարի նա ստացել է ամսական 296 հազար դրամ աշխատավարձ: Նշենք, որ այդ ժամանակահատվածում նա զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիետի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը: Մեկ տարի անց՝ 2018 թվականին, դատավոր Ալեքսանյանը 1 մլն դրամով գնել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա: Ունեցել է 1 մլն դրամ գումար: Երկու վայրից ստացել է աշխատավարձ, որը ամսական կազմել է 430 հազար դրամ:

2019 թվականին Ալեքսանյանը զբաղեցրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոնը: Այդ ժամանակահատվածի հայտարարագրում նա նշել է, որ ունի հողամաս, որը ձեռք է բերել 2017 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 17 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 10 մլն դրամ, ամսական աշխատավարձը՝ 519 հազար դրամ: Բացի այս, նա ՀՀ առեւտրային բանկերից փոխառություններ, վարկեր է ստացել՝ ընդհանուր 9 մլն 721 հազար դրամի չափով:

Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ Ալեքսանյանի բանկային հաշվին առկա է եղել 613 դրամ, բայց դատավորն ունեցել է կանխիկ 4 մլն դրամ գումար: Այդ տարի եւս նա 2000 դոլարի չափով փոխառություն է ստացել:

Նախորդ տարեվերջին արդեն դատավոր Ալեքսանյանը հայտարարագրել է կրիպտոարժույթ: Կանխիկ գումարի չափը կազմել է 2 մլն դրամ: Դատավորի աշխատավարձի չափն էլ է 2021 թվականին բարձրացել՝ կազմելով ամսական 593 հազար դրամ: Նշենք, որ դատավոր Ալեքսանյանը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:

Դատավորի հայրը՝ Հարություն Ալեքսանյանը, հայտարարագրել է, որ Եղվարդում ունի մեկ առանձնատուն եւ մեկ հողամաս: Նրա կանխիկ գումարը կազմել է 2 մլն դրամ, ամսական աշխատավարձը՝ 445 հազար դրամ:

Նշենք, որ հայր Ալեքսանյանը ՀՀ Կոտայքի մարզպետարանի ՏԻՄ եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետն է: Նա եւս փոխառություններ, վարկեր ունի՝ 5.5 մլն դրամի չափով: Դատավորի մայրը՝ Լիլյա Աղայանը, 2020 թվականին ավտոմեքենա է գնել՝ Audi մակնիշի: Ունեցել է 2 մլն դրամի չափով կանխիկ գումար:

Ի դեպ, նշենք, որ դատավորի մայրը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենն է եւ ամսական ստացել է 249 հազար դրամ աշխատավարձ: Նա նույնպես փոխառություններ, վարկեր ունի՝ 7 մլն 200 հազար դրամի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

«Այս պահին օրակարգում նման հարց չունենք, եւ դրա համար ռեկտորների խորհուրդն այդ օրակարգով  հարց չունի քննարկելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր, ռեկտորների  խորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով բուհերի խոշորացման աղմկալի նախագծին, որը մինչեւ օրս ռեկտորների խորհրդում չի քննարկվել:

«Ես ընդհանուր այս հարցի վերաբերյալ մտածում եմ, որ Եվրոպայում խոշորացման են անցել  շատ երկրներ, մասնավորապես՝ Ֆինլանդիան, Էստոնիան, եւ խոշորացման գործընթացն իր դրական արդյունքը տվեց: Իհարկե, ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ համալսարանների խոշորացումն անխուսափելի է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները դժգոհում են՝ առանց իրենց ու դասախոսների կարծիքը հայտնելու կառավարությունը որոշել է միավորել ՀՀ պետական 3 բուհ՝ Երեւանի մանկավարժական համալսարանը, Բյրուսովի անվան լեզվաբանականն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

Ի դեպ,  լիազոր մարմնի ղեկավար Վահրամ Դումանյանը հաստատել է՝ կառավարությունը 3 բուհերը միավորելու ծրագիր ունի. իսկ թե ինչու են մինչեւ օրս նախագիծը խնամքով թաքցրել, հայտնի չէ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

«Անկանխիկ գործարքների մասին» ՀՀ օրենքը նոր խնդիրներ է առաջացրել մի շարք տնտեսվարողների մոտ, այլ կերպ ասած՝ Հայաստանում բիզնեսը դեռ չի հարմարվել այս կարգավորումներին: Շատերը նոր հնարքներ են մտածում օրենքը շրջանցելու համար, որպեսզի այս համակարգին անցումն իրենց համար վնասներով չլինի: Փոքր եւ միջին ձեռնարկատերերն արդեն մի քանի ամիս է, ինչ դժգոհում են՝ այս օրենքը բարդացրել է իրենց կյանքը: Տնտեսվարողների խոսքերով՝ բանկերը փոխանցումով գործարքների համար բարձր միջնորդավճար են պահանջում. խոսքը 3 տոկոս միջնորդավճարի մասին է։ Սա դեռ ամենը չէ:

Պարզվում է՝ ապրանք մատակարարող ընկերությունները նոր խնդիրներ ունեն, քանի որ տնտեսվարողները փոխանցումները կա՛մ ժամանակին չեն անում, ուշացնում են, կա՛մ էլ ընդհանրապես չեն անում: Նախկինում գումարը վճարում էին կանխիկ, այսինքն՝ գործում էր հետեւյալ կարգախոսը՝ գումարը կա, ապրանքը կա: Ստացվում է, որ այս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո դեռ բանկերն են շահում եւ գերշահույթներ ստանում: Արդյոք կվերանայվեն միջնորդավճարների չափերը՝ ցույց կտա ժամանակը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԵԾ ՊԱՇՏՈՆՆԵՐ

2018 թվականի ապրիլին Իջեւանում կայացած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում ԽԾԲ-ով պաշտոնների չեն նշանակվի, սակայն նրա վարչապետ դառնալուց հետո նրա դասընկերները, մանկության ընկերները, հարազատները մեծ պաշտոններ ստացան։ 2019թ. սեպտեմբերի 5-ին հրաժարական տվեց 2011-ից Իջեւան համայնքը ղեկավարած Վարդան Ղալումյանը, սեպտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց նրա մանկության ընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։ Վերջինս 2021 թվականի ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Տավուշի մարզպետ։ Մարզպետ Հայկ Ղալումյանը 2022թ. օգոստոսի 8-ին իր ընկեր, հասակակից Յուրա Բազինյանին նշանակել է Տավուշի մարզպետի օգնական։ Ներկայացնում եմ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված, Յուրա Բազինյանի ինքնակենսագրականում առկա նրա աշխատանքային գործունեության մասին բոլոր տվյալները.

l 2008 – 2015թթ. – «Հայէկոնոմ բանկ» ԲԲԸ Իջեւանի մասնաճյուղ, ոսկերիչ-փորձագետ,

l 2016-2022թթ.- «Կոնվերս բանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղ, մասնագետ-գնահատող։

l 2008-2010թթ.-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջեւան» մասնաճյուղ, կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ,

l 2010-2019 թվականներին՝ «Հայէկոնոմ բանկ» ԲԲԸ Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ։

Կարո՞ղ է Տավուշի մարզպետարանում ոսկի են գնահատում, որ  մարզպետը  ոսկերիչ-գնահատողին իր  օգնականի  պաշտոնն է  տվել։

 

 

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ

Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, 2021թ. նոյեմբերից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար աշխատած, 2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք»  դաշինքի ավագանու  թեկնածուների ցանկի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ 2 ամիս ժամկետով կալանավորվել է։ Նա մեղադրվում է Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին քարոզչության հարկադրելու համար։ Ս. Հովսեփյանը կալանավորվելուց հետո, որպես բողոքի գործողություն, հացադուլ է հայտարարել, որը դադարեցրել է հոկտեմբերի 7-ին։ Ս. Հովսեփյանի պաշտպան, փաստաբան Գոռ Սաղոյանը հայտնեց, որ ինքն անցած շաբաթ Ս. Հովսեփյանի կալանավորվելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Բողոքի քննության օրը դեռեւս նշանակված չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս