Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել եւ ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային եւ մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը:
«Մեր առաջնահերթ խնդիրներից է բացահայտել բոլոր այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում: Բացի պետական թանգարաններից, բռնազավթված տարածքներում կային նաեւ բազմաթիվ մասնավոր հավաքածուներ: Այսօրվա դրությամբ կարողացել ենք բացահայտել, որ Շուշիում է մնացել գեղարվեստի գործերի եւ թանգարանային 13 հավաքածու, այդ թվում՝ Կերպարվեստի պետական թանգարանում՝ 658 նմուշ, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակում՝ 51, ինչպես նաեւ Արվեստի կենտրոնի ցուցասրահում՝ 66, «Նարեկացի» արվեստի միության հավաքածուից՝ 36, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահում՝ 168 նմուշ, Արտակ Պողոսյանի՝ 20, Դավիթ Ավագիմյանի՝ 37 նմուշ»,-մանրամասնեց Շահվերդյանը՝ հավելելով, որ Շուշիում են մնացել նաեւ բերդաքաղաքի պատմության պետական, Երկրաբանության, Արցախյան գորգի /մասնակի/, Դրամագիտության թանգարանների, Պատկերասրահի եւ Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուները: «Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է, որովհետեւ հնարավոր է ի հայտ գան անձինք, ովքեր այնտեղ ինչ-որ հավաքածուներ ունեին: Ընթացքում այս ցանկը համալրման ենթակա է»,-նշեց բանախոսը: Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգողի խոսքով՝ ամենադժվարը գործընթացն այդ հավաքածուներում պարունակվող մշակութային արժեքները բացահայտելն է: Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային ու գեղարվեստի հավաքածուները, այլ նաեւ դրանց ցանկերը: «Բոլոր փաստաթղթերը, որոնք պիտի պահվեին թանգարանին, մնացել են Շուշիում, ուստի պարտավորված էինք նորից հավաքագրել: Այդ ցուցակներն ունեն նաեւ ապացուցողական հիմք, այսինքն՝ ցանկում ընդգրկված են լուսանկարներ կամ տեսանյութեր»,- ընդգծեց Շահվերդյանը՝ ավելացնելով, որ Շուշիի որոշ թանգարանների գեղարվեստի կորուսյալ հավաքածուների ցուցանմուշների զգալի մասը տրամադրվել էր անհատների կողմից ժամանակավոր ցուցադրության համար: Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսին ներկա էին նաեւ Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նախագահ, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:
ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը: Այն կավարտվի հոկտեմբերի 23-ին: Նկատենք, որ սա անկախ Հայաստանի արդեն երրորդ մարդահամարն է. նախորդ մարդահամարներն անցկացվել են 2001 եւ 2011 թվականներին:
Այս տարի համակցված մեթոդն առաջին անգամ է օգտագործվելու: Ազգության, քաղաքացիության, տարիքի հետ կապված հարցերը ստացվելու են բաց աղբյուրներից, ապա հարցեր են ուղղվելու նաեւ քաղաքացիներին: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:
Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց եւ տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ եւս 5 հարց: Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:
Անդրադառնանք նախորդ տարիներին անցկացված մարդահամարներին: Համաձայն, 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել էր 130 հազարով` կազմելով շուրջ 2 միլիոն 870 հազար մարդ: Նախորդ` 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի հաշվեգրված բնակչության թիվը մոտ 3.5 միլիոն մարդ էր, իսկ հանրապետությունում առկա էին մոտ 3 միլիոնը:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԶՈՐԱԿՈՉԸ
Ձմեռային զորակոչը մեկնարկելու է 2023 թվականի հունվարի 9-ից մինչեւ հունվարի 31-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է 2023թ. փետրվարի 8-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ:
Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների համար է իրականացվելու շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ