ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսում ներառվել են իրեր, որոնք վերականգնել են հայ մասնագետները:  Ներկայացված են բրոնզ, սեւ եւ կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար եւ այլն: Լայն է նաեւ ժամանակային եւ աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչեւ 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման եւ պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը ցուցահանդեսը եզակի համարեց՝ նշելով, որ այն մեկ հարկի տակ է համախմբել ութ մշակութային հաստատությունների:

«Ներկայացնում ենք վերականգնողի գործը տարբեր դրսեւորումներով եւ տարբեր բնագավառներում: Ցուցադրված են վերականգնված գրքեր, ձեռագրեր, ասեղնագործ վարագույրներ, գորգեր, գեղանկարներ, գրաֆիկա, հնագիտական առարկաներ: Այցելուները կարող են տեսնել, թե ցուցանմուշն ինչ վիճակում է եղել առաջ եւ ինչպիսին է դարձել վերականգնվելուց հետո»,-մանրամասնեց նա:

Մատենադարանի տնօրենի խոսքով՝ այնպես, ինչպես մարդն իր կյանքն է վստահում բժշկին, անչափ բարձր գնահատում նրա աշխատանքը, նույնքան էլ բարձր պետք է գնահատել այն մարդկանց գործը, որոնց վստահում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը մեր ինքնությունն ու էությունն է:

Տեր-Ղեւոնդյանը վստահեցրեց, որ ցուցադրությունը միայն ճանաչողական նպատակ չի հետապնդում. այն միտված է փոխելու հանրության, կառավարության վերաբերմունքն ու ավելի լրջացնելու այն վերականգնողի աշխատանքի հանդեպ:

Ծրագրի ղեկավար Գայանե Էլիազյանն էլ կարծում է՝ ցուցադրության աշխատանքային կարգախոսը պետք է լինի «Մենք կանք եւ պետք է լինենք»: Նրա հավաստիացմամբ՝ վերականգնողներն այն օղակն են, որ կապում է անցյալն ապագայի հետ: «Ցուցահանդեսը շատ փոքր է, եւ թանգարաններում բավականին մեծ նյութ կա, որն արժե ցուցադրել: Սա մեր առաջին փորձն է, որի միջոցով ուզում ենք հանրությանը մասնակից դարձնել այն երկխոսությանը, որը տեղի է ունենում վերականգնողի եւ վերականգնվող նյութի միջեւ»,-նշեց Էլիազյանը:

Ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանը փորձել է անել հնարավորը, որ սովորական այցելուն առնչվի վերականգնողի հետ, առնչվի տեսաֆիլմի միջոցով, ծանոթանա՝ տեսնելով նրա խոհանոցը եւ իրերը մինչ վերականգնումը եւ հետո: «Գրեթե 5000 տարվա մշակութային կտրվածք է ներկայացված: Երբեմն միտումնավոր փորձել եմ զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջեւ՝ տեսնելու, թե որոնք են այն ընդհանուր գծերը, որոնք կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարին, վաղ միջնադարը՝ ուշ միջնադարին, եւ այլն: Մասնագետների համար ցուցադրությունը տարբեր  դարաշրջանների տարբեր գեղագիտությունները համեմատելու հրաշալի հնարավորություն է»,-շեշտեց Հայթյանը:

Նմուշները Մատենադարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Պահպանության ծառայության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային արխիվի, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանի պահոցներից են:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր եւ միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով: Այն գործելու է մինչեւ 2023 թվականի հունիսի 9-ը:

 

 

 

 

ՇԱՀԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԲԱԽՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվել, որով  նախատեսվում է միավորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ:

 

Վերամիավորումից հետո այն կկոչվի Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ:

Սակայն ուշագրավն այն է, որ օրեր շարունակ հազարավոր ուսանողների դասադուլի պատճառ հանդիսացող այս նախագծին առարկայական որեւէ գնահատական  եւ բացատրություն մինչ օրս Կառավարությունից չեն տվել, միայն օրերս է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել է եւ ասել, թե զարմացած է Բրյուսովի ռեկտորի այն հայտարարությունից, որ իր համար եղել է անակնկալ բուհերի միավորման հարցը, եւ պայքարը համարել է մի երկու ռեկտորի հաստիքի կրճատման հարց ընդամենը:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ պետք է գոնե այս երեք բուհերի հենքի վրա ստեղծվեր նոր բուհ՝ լուրջ ռազմավարությամբ, մրցունակ կրթական ծրագրով, այլ ոչ թե այս բոլոր համալսարանները միանային, ուսանողների պնդմամբ, «վնասով աշխատող» Մանկավարժական համալսարանին, քանի որ փոխնախարարի մտերմուհին է ռեկտորը:  «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս նախագծի փաստացի հեղինակը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է, որը միաժամանակ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչի իրավունքը չունի: Շահերի ակնհայտ բախում է:

Բանն այն է, որ Ժաննա Անդրեասյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, պարտավորվածություն ունի Մանկավարժական համալսարանի զարգացումն ապահովել: Որպես փոխնախարար՝ նա պարտավոր է հայաստանյան բոլոր բուհերի զարգացման համար հավասար հնարավորություններ ստեղծել, հետեւաբար գործ ունենք ակնհայտ շահերի բախման օրինակի հետ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը Ժաննա Անդրեասյանի մտերիմն է, եւ այս միավորման արդյունքում փոխնախարարն այնպես է նախատեսել, որ նոր ռեկտորի ընտրություն չլինի, այսինքն՝ Ժաննա Անդրեասյանի մտերմուհին կդառնա նոր միավորված համալսարանի ռեկտոր:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՍԵՐԻԱԼ

Նոր M: Son of the Century («Մ. Դարի որդին») հեռուստասերիալում  ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիին կմարմնավորի իտալացի դերասան Լուկա Մարինելլին («Մարտին Էդեն», «Անմահ գվարդիան»): Նախագիծը կղեկավարի բրիտանացի Ջո Ռայթը:

8 դրվագներից կազմված նախագիծը կպատմի 1919-ից 1925 թվականների մասին՝ Ֆաշիստական կուսակցության ծնունդից մինչեւ Իտալիայում իշխանության զավթումը. այն հիմնված է Անտոնիո Սկուրատիի՝ 2018 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա։

Սցենարի հեղինակներն են Ստեֆանո Բիզեսն ու Դավիդե Սերինոյը: Հեռուստասերիալի արտադրական փուլի աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում Հռոմում:

Մարինելլին վերջերս ավարտել է «Անմահ գվարդիա»-ում իր նկարահանումները։ Նա նաեւ մարմնավորել է  «Ութ լեռներ» դրամայի գլխավոր հերոսին։ Ֆիլմը 2022 թվականին «Կաննի միջազգային կինոփառատոնում» արժանացել է «ժյուրիի մրցանակի»:

 

 

 

 

ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ իր ստացած կարմիր քարտի դրվագը։ «Լիվերպուլն» այդ խաղում առավելության էր հասել նվազագույն հաշվով։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կարգապահական վարույթ է սկսել։ Կլոպին սպառնում է որակազրկում մի քանի խաղով։

«Իմ առաջին կարմիր քարտն էր Անգլիայում, իմ մեղքն է։ Ոչ մի արդարացում չկա, ամեն ինչ ակնհայտ էր։ Նորմալ է, որ մրցավարը պատժեց։ Ինձ հեռացնելը լավ որոշում էր։ Բոլորս էլ մարդ ենք, երբեմն իրավիճակներին արձագանքում ենք շատ հուզական։ Դժվար է զսպել հույզերը, երբ լարվածությունը աճում է խաղի ամեն րոպեին, բայց այդ դրվագում Գվարդիոլան էլ համաձայն էր, որ Սալահի նկատմամբ խախտում է եղել»,- ասել է Կլոպը։

Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Լիվերպուլը» հոկտեմբերի 19-ին կընդունի «Վեստ Հեմին»։

 

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է հաղթանակը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի՝ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում։

«Անցել ենք դժվար ճանապարհ եւ դեռ պետք է անցնենք։ Շնորհակալ եմ բոլորիդ: Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է»,- գրել է Մալխաս Ամոյանը։

23-ամյա ըմբիշը 77 կգ քաշայինների եզրափակիչում 7:2 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

 

 

 




Լրահոս