ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Օրինակ՝ իր խոսքերից մեկով Փաշինյանը պնդում էր, թե ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում՝ ներառյալ Շուշին, մինչդեռ թե՛ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ: Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել եւ գնացել է ավելի մեծ կորուստների եւ տարածքային զիջումների: Փաշինյանին անձամբ հերքել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. -Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիեւի ու Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու եւ ոչ թե զինվորականներե, – ասել էր Պուտինը։ Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում: Նա պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում։ Սկզբում Փաշինյանին հերքեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ բանակցային եւ ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետեւ Փաշինյանին հերքեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել: Շուշի քաղաքի շուրջ այս հակասական հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներին:
Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն կազմը, որը ներկա է գտնվելու գագաթնաժողովին: Նախ ընդգծենք՝ գագաթնաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Ուշագրավ է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այլ հանգամանք եւս. գագաթնաժողովին չեն մասնակցելու «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները, եւ սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այս կուսակցությունն է առաջնային տեղ զբաղեցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Իրականում առաջին հերթին սա նաեւ Նիկոլ Փաշինյանի ու «Դաշնակցության» հակամարտության արդյունքն է, եւ վարչապետը ավելի շատ տեղ է տալիս սփյուռքում առկա այլ ուժերին, օրինակ՝ Ռամկավար ազատական կուդակցության ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներին, քան դաշնակցական գործիչներին։ Հենց դա է պատճառը, որ նրանք հրավիրված չեն։ Հարկ է ընդգծել, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է՝ 1999 թվականից սկսած։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին: Համահայկական գագաթնաժողովը 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո չէր անցկացվել։ Միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ գնման գործընթացն իրականացվելու է «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Այս անգամ հրավիրված է 600 անձ՝ 40 տարբեր երկրներից: Որպես համեմատություն` 2017թ.-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ՝ աշխարհի 70 երկրից, եւ ծախսվել էր 85 միլիոն դրամ, որը հատկացվել էր բյուջեից եւ կառավարության պահուստային ֆոնդից: Ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը, 2017թ.-ի համեմատ, 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում են։
Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը: Վերջինս, 2021 թվականի ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կարգադրել է խոշտանգել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին: Այս արարքի համար նրա երկու աշխատակից կալանքի տակ են, իսկ Սարգսյանը, ունենալով թիկունք՝ ի դեմս կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ոչ միայն կալանավորված չէ, այլ նաեւ այս դեպքից հետո նոր պաշտոն է ստացել՝ նշանակվելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում: Այս գործը դատարանում է. տեսնենք, թե դատարանը ինչ կանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր գործով: Հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ նկատում ենք, որ Արտակ Սարգսյանի մասով կանեն ամեն ինչ նրան ջրից չոր դուրս բերելու համար: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ հոկտեմբերի 19-ին՝ քրեակատարողական ծառայողի օրը, Սասուն Խաչատրյանի մեղադրյալ եղբայր Արտակ Սարգսյանը եւ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ի կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալի» պետ Ռուբեն Խալապյանը միմյանց կողք էին նստել, ինչը շատ բանի մասին է վկայում:
Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ: Նա, նշենք, Նորք-Մարաշի, այնուհետեւ Նոր Նորքի թաղապետի պաշտոններն է զբաղեցրել, ինչի ընթացքում էլ՝ 2021-ին, հասցրել է բացել ու շահագործել վերոնշյալ պանդոկը: «Պանդոկը ոչ թե իմը, այլ քրոջս որդունն է: Այն ինձ հետ որեւէ կապ չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Զարմիկը պանդոկի տնօրեն Արթուր Աբգարյանն է: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հովհաննես Մանուկյանի հիմնադրած «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ում վարորդ է աշխատել, այժմ, փաստորեն, պանդոկ է ղեկավարում: Ի՞նչ է ստացվում. կարող ենք ենթադրել, որ մարդը պաշտոնավարման ժանակահատվածում բիզնես է հիմնում, այն ազգականի անունով գրանցում ու որոշում՝ ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի: Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերեւս այս դեպքի համար էր ասում. «Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»: