ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԵՐԵՎԱՆ ԿՀԱՍՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին, երբ անդադար խոսվում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին, հայ հասարակությունը քննարկում ու լավուվատ է անում՝ ինչպես է ապրելու մի հարեւանի հետ, որ մինչեւ այսօր սպանում ու մորթում է իր զավակին, եղբորը, ամուսնուն: Ադրբեջանցիների հետ խաղաղության գնալու մասին հիմնական կարծիքը թեեւ բացասական է, բայց, այնուամենայնիվ, հասարակության մի որոշ հատված կարծում է, թե պետք է վերջ տալ թշնամությանն ու վերջապես խաղաղ ապրել:  «Ժողովուրդ» օրաթերթն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ (այժմ Արցախում է բնակվում ու աշխատում) քննարկել է հարցը, թե ադրբեջանցիների հետ խաղաղությունն Արցախում ինչպես են պատկերացնում:

 

-Հետաքրքիր է՝ այդ մասին ինչ են մտածում արցախցիները: Նրանք՝ որպես ադրբեջանցիների հետ առավել շատ շփված մարդիկ, որեւէ կերպ պատկերացնո՞ւմ են այդ խաղաղությունը:

-Մինչ «խաղաղության պայմանագրի» մասին հանրային դիսկուրսի երեւան գալն էլ պարզ էր, որ արցախցին իր կյանքը առանց Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ որեւէ հաղորդակցության է պատկերացնում: Հատկապես վերջերս այդ հոգեբանությունն ու տրամադրվածությունն է՛լ ավելի է սրվել, ու ես չեմ տեսել, հանդիպել, առավելեւս շփվել մի արցախցու հետ, որ խրախուսում է «խաղաղության պայմանագրի», ադրբեջանցիների հետ ապրելու գաղափարը: Արցախցին ու հայ մարդն առհասարակ միշտ են խաղաղ եղել, ինչը մեր հարեւանների մասին ասել չենք կարող, հետեւաբար արցախցուն խաղաղության կոչ անել պետք չէ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները լավ կանեն՝ այդ կոչը ադրբեջանցիներին անեն, չնայած դա նրանց վրա չի ազդելու. նրանք վայրագ եւ մարդասպան տեսակ են: Արցախցին վաղուց է տեսել ու առնչվել նրանց բիրտ տեսակի հետ: Եթե գերեվարված զինվորին դաժան կտտանքների են ենթարկում, այնուհետեւ՝ սպանում, ապա բոլորիս համար պետք է պարզ ու հստակ լինի՝ մեր ճակատագիրը նույնպես դա է լինելու: 1994-ի հրադարարից սկսած՝ մեզ համար 2 տարբերակ կար՝ մեկը Հայաստանի հետ միացումն էր, մյուսը՝ Արցախի անկախացումը: Բայց այս պահին Արցախի բնակչությունն իրական շոկի մեջ է, քանզի Հայաստանի իշխանությունները բառացի ասել են՝ անգամ վերջին տարբերակը քննարկման ենթակա չէ:

-«Խաղաղության պայմանագրի» դրույթներից մեկն Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչելն է: Եթե, Աստված մի արասցե, նման բան լինի, ապա ի՞նչ է անելու արցախցին, պատրա՞ստ է Ադրբեջանի կազմում ապրել:

-Արցախցին միանշանակ պատրաստ չէ Ադրբեջանի կազմում կամ այդ երկրի իշխանության ենթակայության ներքո ապրել: Նրանց իրականացրած վայրագությունները տեսնելով ու դրանք չմոռանալով՝ հասկանում ենք մի կարեւոր բան. ադրբեջանցիների ենթակայության տակ ապրել ուղղակի հնարավոր չէ: Սա գիտակցում է Արցախի ամեն մի քաղաքացի, դրա համար էլ ամեն պահի վտանգում է իր, իր երեխայի ու  իր զինվորի կյանքը:

-Ստեղծված իրավիճակից ելքն ու Արցախի հետագան ինչպե՞ս եք տեսնում:

-Ստեղծված իրավիճակից իհարկե ելքեր կան: Եթե  ողնաշար ունենանք, չունենանք անատամ իշխանություն, ապա, այո, միանշանակ ելք կա: Ելքերից մեկն, օրինակ, առաջնային կերպով Արցախի անկախության ճանաչումն է, ինչը հետագայում կարող է միացման հարցն օրակարգային դարձնել: Դա, գիտենք, բավականին բարդ գործընթաց է, բայց մենք ազգովի պետք է հասնենք դրան: Քայլերից մեկն էլ այն է, որ հայկական դիվանագիտությունն այնպես պետք է աշխատի, որ ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Եթե, Աստված մի արասցե, Արցախն Ադրբեջանի կազմում ներառվի, ապա արցախահայության հայաթափում ու ջարդ տեղի կունենա, հետո Սյունիք, ապա կամաց-կամաց մայրաքաղաք Երեւան կհասնեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր նախագահ ունի: Խոսքը նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանի մասին է:

 

ArmLur.am-ը գրել էր, որ սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվել, բայց, չնայած սրան, քաղաքական որոշմամբ հենց նա է զբաղեցնում ԿԸՀ նախագահի պաշտոնը:

ArmLur.am-ը ուսումնասիրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ Վահագն Հովակիմյանի դրամական միջոցներն ու ունեցվածքը:

Սկսենք 2019 թվականի տարեկան հայտարարագրից, որտեղ նշված է, որ Հովակիմյանն ունի 800 հազար 501 դրամի չափով դրամական միջոց, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 765 հազար դրամ: Բացի այս, նա այդ տարի 1.5 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել:

2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Հովակիմյանն երկու հողամասի, ինքնակամ մեկ կառույցի եւ հողին ամրակայված անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է, որոնք նա նվեր ստացել է 2020 թվականի դեկտեմբերին: Թե ումից է նախկին պատգամավորը նվեր ստացել, հայտարարագրում նշված չէ:

Բանկային հաշվին առկա դրամական միջոցը կազմել է 251 հազար դրամ, կանխիկ գումար նախկին պատգամավորն ունեցել է 4000 դոլար: Ինչպես է նախկին պատգամավորը մեկ տարում հաջողացրել 4000 ԱՄՆ դոլար կուտակել, դարձյալ նշված չէ հայտարարգրում:

Որպես եկամուտ, Հովակիմյանը հայտարարագրել է իր սեփական աշխատավարձը, որը ստացել է Ազգային Ժողովից՝ ամսական 646 հազար դրամ: Բացի այս, նա բանկերից մեկից ստացել է 618 հազար դրամի չափով փոխառություն, վարկ: Նախորդ տարի Վահագն Հովակիմյանը Nissan մակնիշի 2012 թվականի արտադրության մեկ ավտոմեքենա է գնել 2 մլն դրամով: Նախորդ տարեվերջին նրա բանկային հաշվին առկա է եղել 431 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 500 հազար դրամ: 2021 թվականի եկամուտը գոյացել է աշխատավարձից, որը ընդհանուր կազմել է 7 մլն 437 հազար դրամ, ամսական՝ 619 հազար դրամ:

Բացի այս, նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ԿԸՀ նախագահի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 366 հազար դրամ: Ի դեպ, նա ծախսերի հայտարարագիր էլ է ներկայացրել եւ ծախսի չափը կազմել է 5 մլն դրամ:

Կնոջ՝ Լուսինե Մովսիսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագիրը դատարկ է. ԿԸՀ նախագահի կնոջ եկամուտի մասին ոչինչ չկա նշված: Ի դեպ, շարժական եւ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություններ եւս չկան նշված:

Հովակիմյանի որդին՝ Նարեկ Հովակիմյանը, հայտարարագրել է իր եկամուտը, որը սեփական աշխատավարձն է եղել: Նա այն ստացել է «Օ-ԷՄ-ԴԻ» ընկերությունից, որը կազմել է ընդհանուր 2 մլն 643 հազար դրամ: Մյուս որդու՝ Միսակ Հովակիմյանի հայտարարարգրած եկամուտը աշխատավարձն է եղել, որը կազմել է ընդհանուր 326 հազար դրամ, ստացել է Ա/Ձ Ամալյա Մնացականյանի կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

«Խորհրդարանում հանդիպեցի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) փոխտնօրեն Քոեն Պուստիենսի եւ NDI-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ»,- գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական  Թագուհի Թովմասյանը:

«Նախեւառաջ խոսեցինք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում թշնամու կողմից մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ։

Մանրամասն ներկայացրի այս ուղղությամբ իմ կողմից տարվող լայնածավալ աշխատանքների ընթացքը։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց բարեկամական խմբերի շրջանակներում համագործակցության կարեւորությունը, մասնավորապես քննարկեցինք փոխայցելությունների ակտիվացմանն առնչվող հիմնական հարցերը։

Հաշվի առնելով այն, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (National Democratic Institute – NDI) մշտապես աջակցել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ Քոեն Պուստիենսը ընդգծեց մեր հանդիպման օգտակարությունը։ Քանի որ մշտապես սերտ համագործակցել եմ NDI-ի փորձագետների հետ, հայտնեցի երախտագիտությունս՝ փոխշահավետ համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորման վերաբերյալ։

Երկուստեք քննարկեցինք նաեւ հետպատերազմյան շրջանում տարված աշխատանքների առանցքային կետերը, մասնավորապես արձանագրեցինք մեր նախորդ հանդիպումից ի վեր կատարած աշխատանքները»։

 

 

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՈՒՄ

Ոչ միայն կարմիր ժապավենը կտրելու, այլ նաեւ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Կովսականի օդանավակայանի առաջին ուղեւորը լինելու պատիվը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանինն էր: «Կրտսեր եղբոր»՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի հետ նա կտրել  է օդակայանի շահագործման ժապավենն ու կեսկատակ-կեսլուրջ հարցրել՝ ոսկո՞ւց է մկրատը: Ոսկեջրած մկրատից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները հայկական Կովսականում նաեւ «Արեւելյան Զանգեզուրն Ադրբեջան է» գրությամբ բանալիներով են հրճվել ու ջերմ շփումը ծանրաձողի մոտ շարունակել: Ադրբեջանի նախագահը ուժերը փորձելուց հետո «ավագ եղբոր» հետ արդեն Մեխակավանում երակթուղային կայարանի հիմնարկեքի արարողությանն է մասնակցել: Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկած ու արդեն պաշտոնապես բացված Բաքու-Կովսական մարդատար ինքնաթիռի թռիչքի տեւողությունը մոտ 45 րոպե է: Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ նոր բացված օդանավակայանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Թռիչքուղու երկարությունը եւ լայնությունը համապատասխանաբար 3000 ու 60 մետր են:

 

 




Լրահոս