ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված չէ, որ Եվրամիության դիտորդական առաքելության երկամսյա ժամկետի երկարացման անհրաժեշտություն կա: Նա այս մասին երեկ նշեց ՀՀ կառավարության նիստում՝ ասելով՝ եթե անհրաժեշտություն եւ հնարավորություն լինի, ապա այդ հարցը կուսումնասիրեն։

 

«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել եւ որոշումներ կայացրել, ու նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, աշխատում է, ու նաեւ հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը, եւ մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց, ամեն դեպքում, մի թեմա է, որ մեր հանրության եւ փորձագիտական շրջանում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն եւ անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», – ասաց վարչապետը:

Հավելենք. որ Եվրամիության 40 քաղաքացիական դիտորդները մինչեւ այս ամսվա վերջ պետք է ժամանեն Հայաստան՝ տեղակայվելով հայ- ադրբեջանական սահմանին։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 14-ից, Հայաստանում է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը։ Անցած օրերի ընթացքում խմբի անդամներն այցելել են Հայաստանի սահմանային տարբեր շրջաններ՝ տեղում ծանոթանալով իրավիճակին։ Մասնագիտական խումբը պետք է որոշի, թե առաջիկա օրերին Հայաստան ժամանող դիտորդները կոնկրետ որ վայրերում են տեղակայվելու։ Երեկ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունն այցելել է Սյունիքի մարզ՝ Կապան։

Նախօրեին Եվրամիության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիք, մասնավորապես՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Տրետուքի եւ Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ՝ պատվիրակությանը ներկայացրել են նաեւ Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի, այդ թվում՝ Սոթքի եւ Կութի մասին տեղեկատվություն։ Ադրբեջանական հարձակումից ամենաշատը տուժել էր հենց Սոթքը, որտեղ մոտ 150 շինություն է վնասվել։

Ըստ մարզպետի՝ Գեղարքունիքում մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները ուսումնասիրություններից հետո զեկույցներ կներկայացնեն։

Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալը, անդրադառնալով դիտորդների այցին, հույս է հայտնել, որ Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայումը կօգնի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը։

«Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչին պետքարտուղարը եւ դեսպան Ռիքերն ու մյուսները այս շենքից շարունակում են հետամուտ լինել տվյալ խնդիրը քննարկելիս։ Ես չեմ ուզում այդ գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու կարգավորումն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալը։

Եվրամիության դիտորդներին զուգահեռ, պաշտոնական Երեւանի հրավերով մեկ շաբաթով Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը։ ԵԱՀԿ-ի փոխանցմամբ՝ այս առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՊԵՏ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Ազատ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

 

 

ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Ասլանյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:

 

 

 

ՍԱԴՐԱՆՔ

Ադրբեջանը մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաեւ ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման եւ սադրանքի։ Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

 

Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն  կտրամադրի Հայաստանին`  ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ աջակցությունը կուղղվի նաեւ ներքին գործերի նախարարության ձեւավորմանը:

««ԵՄ-ն դիմակայուն եւ հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության եւ միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է ոստիկանության բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ պարեկային ծառայության ընդայնման, միգրացիոն ծառայությունների բարելավման մասով»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում աջակցություն կտամադրվի նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանն ու 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակմանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին` կարողությունների զարգացման եւ մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:

 

 

 

ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿ

Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ առաքելության դիտորդների տեղակայումը կնպաստի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը:

«Դա մեր հույսն է: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը (խմբ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), դեսպան Ռիքերը (խմբ. ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքեր) եւ մյուսները շարունակում են պնդել այդ հարցը քննարկելիս: Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ լուծումն է»,- ասել է Պատելը:




Լրահոս