ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքը:

 

Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի եւ Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից ստացել է խոշոր չափերի՝ 2 միլիոն 460 հազար ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի եւ Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ եւ քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները:

Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2 միլիոն 460 հազար ՀՀ դրամ կաշառք:

Օգտագործելով Արմավիրի մարզի դատախազությունում աշխատելու ժամանակահատվածում նույն մարզի դատախազության դատախազների եւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շրջանում ունեցած կապերը՝ Կ. Ն.-ն ձեռնամուխ է եղել կաշառքի դիմաց Ն. Դ.-ի օգտին խոստացված գործողության կատարմանը:

Արդյունքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով՝ Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018 թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա ազատվել պատժից:

2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել եւ Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2 միլիոն ՀՀ դրամը, իսկ մնացած 460 հազար ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, որը նույն օրը գումարը կանխիկացրել եւ Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին: Խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար Կ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ նախկին /2003 թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022 թ./ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003 թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022 թ./ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասով: Խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003 թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022 թ./ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

 

ՎԵՃ ԵՎ ԿՐԱԿՈՑՆԵՐ

Հոկտեմբերի 13-ին՝ կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երեւան-Երասխ ճանապարհի հարեւանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը: Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջեւ, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի միջից էլ կրակել են ու հեռացել:

Դեպքի վայրում հայտնաբերվեցին պարկուճներ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացավ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ իր հետ բերելով «Մակարով» ատրճանակ` դատարկ փամփշտատուփով: Ըստ նրա` ռեստորանի բակում մեքենայի միջից կրակել էր ապօրինի պահվող հենց այդ հրազենով: Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

 

 

ՉԵԶՈՔԱՑՈՒՑԻՉԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 14-ին Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ բաժնի սպասարկման տարածքում երկու հոգի թանկարժեք մեքենաների վրայից հանում, տանում են չեզոքացուցիչներ: «Կատալիզատոր» անվամբ ավելի հայտնի այդ մասի գողությունը հազվագյուտ բան չէ. էականն այն էր, որ հափշտակությունները կատարվում էին օրը ցերեկով հենց փողոցում:

Տեղեկությունն արագ ստուգվեց ու հաստատվեց: Պարզվեց նաեւ, որ այդ երկու հոգին պատրաստվում են մտնել նաեւ այլ թանկարժեք մեքենաների տակ: Մշակվեց ծրագիր. որոշում կայացվեց նրանց բռնել հենց գործի վրա: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Դավիթ Անհաղթի փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալվեցին եւ բաժին տեղափոխվեցին 36 եւ 44 տարեկան երկու տղամարդ: Հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին «Մերսեդեսի» անվահեցի կափարիչ, դանակ, հարթաթուղթ, մետաղի էլեկտրական սղոց եւ ավտոմեքենայի չեզոքացուցիչ: «Տոյոտայինը» չէր. ոստիկանների արագ գործողությունների շնորհիվ «Տոյոտայից» գողությունը մնացել էր միայն փորձ: Հայտնաբերված մասը րոպեներ առաջ տղամարդիկ հանել էին Դավիթ Անհաղթի փողոցում կայանված «Լեքսուսից»` տիրոջը պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Հայտնաբերված սղոցը, ըստ նախնական տվյալների, հանցագործության հիմնական գործիքն էր:

Իրավապահների հետագա գործողություններով պարզվեց, որ նույն ժամին տղամարդիկ փորձել էին գողանալ Ուլնեցու փողոցում կայանված մեկ այլ «Լեքսուսի» չեզոքացուցիչը: Տերը նկատել էր, որ մեկը ինչ-որ գործիքով մտել է իր մեքենայի տակ, մոտեցել էր, բայց տղամարդը փախել էր` քար նետելով մեքենայատիրոջ ուղղությամբ:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ հոկտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ, կալանավորվել են:

Հանգամանքները պարզվում են:

 

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի դիմացի ճանապարհին, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են նաեւ ճանապարհաշինական աշխատանքներ,  hոկտեմբերի 19-ի ժամը 19:00-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել:

Նորակառույց ճանապարհի դիտահորի դուրս ընկած կափարիչը տեղադրելիս «Լեքսիուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել ճանապարհաշինական ընկերության բանվորներ, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչներ Գոռ Պետրոսյանը եւ Խաչիկ Կնյազյանը։ Վրաերթի հետեւանքով Գոռ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Խաչիկ Կնյազյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդենացման բաժանմունք, որտեղ այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Գոռ Պետրոսյանը 34 տարեկան էր, երկու անչափահաս երեխաների հայր։

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՏԱՏԻԿԻՆ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 08:15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը: Նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ իր մոտ ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնաբերվեց հոկտեմբերի լույս 17-ի գիշերը՝ ժամը 4:00-ի սահմաններում, Էջմիածնի Կոմիտասի հրապարակի մոտակայքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով, եւ գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները գտել էր Արցախում ու պահել մոտը։

Երիտասարդն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 




Լրահոս