ՌԵԿՏՈՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հետեւողականորեն փորձում է կտրել Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների՝ թափ հավաքող շարժման մեջքը: Հիմա էլ խնդիր է դրվել ռեկտորին փոխել:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետ` ռեկտոր) պաշտոնի համար:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ բուհերի խոշորացման գաղտնի նախագծի շրջանակներում նոր մրցույթ հայտարարելուն իր համաձայնությունն է տվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ուշագրավն այն է, որ Ժաննա Անդրեասյանը, լինելով Խ.Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, միեւնույն ժամանակ գտնվում է Վ. Բրյուսովի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչն ակնհայտ շահերի բախում է:

ArmLur.am-ը այս առնչությամբ փորձեց կապ հաստատել ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն վերջինս անտեսեց ե՛ւ մեր զանգերը, եւ մե՛ր հաղորդագրությունները:

Հիշեցնենք, որ Բրյուսովի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ են՝

l Համբարձում Մաթեւոսյան – ՀՀ փոխվարչապետ,

l Ժաննա Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ,

l Դավիթ Գյուրջինյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ

l Արկադի Պապոյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ

l Գեւորգ Բարսեղյան – ՀՀ փոխվարչապետի օգնական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

l Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն (համաձայնությամբ),

l ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ),

l Կրթության փորձագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),

l «Երեւանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ),

l «Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ),

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

l Անի Մակինյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու

l Նունե Դավթյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության կառավարման եւ պլանավորման, մանկավարժության եւ լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս

l Մարինա Աբրահամյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց եւ սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

l Դավիթ Մոսինյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության եւ պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու

l Մարիա Պետրոսյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սերվիսի եւ զբոսաշրջության ամբիոնի դասախոս

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

l Աֆինա Գրիգորյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց եւ օտար լեզուների ֆակուլտետի սովորող

l Էդիտա Հակոբյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն եւ միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի սովորող

l Ռոզա Սիմոնյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության եւ մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի սովորող

l Օֆելյա Վարդանյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի սովորող

l Ռոզա Մանուկյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի սովորող:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ՝ 7 ՄԱՐԶԵՐՈՒՄ

Կառավարությունը որոշել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ համապատասխան որոշման մեջ եւ 444,338.0 մլն ՀՀ դրամ հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով: Նախագծով առաջարկվում է գումար հատկացնել 7 մարզերի 2021-2022 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով: «Դրանք 18 բնակավայրում 23 ծրագրեր են, որից 7-ը 2022թ. հաստատված ծրագրեր են, մյուսները՝ 2021թ.:

 

Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, Արագածոտնի մարզում՝ Մաստարա բնակավայրում, բարեկարգվել է միջոցառումների տան 2200 քմ տարածքը, կառուցվել են բետոնե եւ պողպատյա ցանկապատներ: Արագածավան եւ Արտենի բնակավայրերում ասֆալտապատվել է 1090 մ երկարությամբ փողոց: Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում հիմնանորոգվել է 3-րդ փողոցի 4-րդ եւ 5-րդ հասցեներում գտնվող բնակելի շենքերի տանիքները՝ ավելի քան 800 քմ: Նույն համայնքի Գործարանային 7 հասցեում գտնվող զբոսայգու վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, կառուցվում են եւ սալիկապատվում են մայթերը, ճաղավանդակներ, տեղադրվում դարպաս, երկաթյա դռներ, 2 կառուսել, 2 ճոճանակ, սղարաններ: Խաչփար բնակավայրի 15-րդ փողոցի 860 մ երկարությամբ ոռոգման առուները վերանորոգվում են: Արմավիրի մարզում Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցն է ասֆալտապատվել: Փարաքար համայնքի Վ. Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման եւ Էրեբունի փողոցի 1420 գծմ երկարությամբ կեղտաջրերի հեռացման համակարգերի նորոգման աշխատանքներ են իրականացվել: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ բնակավայրում կառուցվել է նոր կապտաժ, հին մետաղական խողովակաշարը փոխարինվել է նոր մետաղապլաստե խողովակաշարով, մշակվել խրամուղին ու փոսորակը: Նույն մարզի Ակունք բնակավայրում վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը՝ 650 քմ: Մարտունի համայնքում վերանորոգվել է համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի 560 քմ մակերեսը, փոխվել են երկրորդ հարկի դռները եւ պատուհանները: Մարտունի համայնքում կառուցվում է լուսավորության նոր համակարգ համայնքի Կարապետյան, Հերացի, Գետափնյա, Գ. Նժդեհ եւ Կամոյի փողոցներում: Ճամբարակ համայնքում իրականացվել է Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ եւ Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ 3500 մ ընդհանուր երկարությամբ: Լճավան բնակավայրում վերակառուցվել է 1208 մ ջրագիծ եւ վերանորոգվել 12x15x3 տարողությամբ ջրամբարը, տեղադրվել է էլ. շարժիչ եւ մղիչ պոմպ, ցանկապատվել ջրամբարը: Գավառ քաղաքում հիմնանորոգվում է Սայաթ-Նովա փողոցը եւ գերեզմանոց տանող ճանապարհը:

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը դադարեցնելու է Ռիմա Դեմիրճյանի բնակարանի պահպանությունը: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է ներկայացրել կառավարության նիստին: Տեղեկացնենք, որ մինչ այս ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում էր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանի պահպանությունը։ Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 21-ին վերջինիս մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։

 

 

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄ

Արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերության բոլոր աշխատակիցներն այսուհետ աշխատելու են «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Խոսքը 451 աշխատողի մասին է: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը բավականին ավելացրել է հարկային վճարումները: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ ընկերությունը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին գտնվել է ցանկի 267-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել է 702 մլն 591 հազար դրամի չափով հարկ ու տուրք, իսկ հունվար-հունիս ամիսներին այս ընկերության կողմից կատարվել է 512 մլն 315 հազար դրամի հարկային վճարում: Նշենք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռեւս 2011 թվականին ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ։ Դեռեւս 2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր իրավական մեխանիզմ մշակել, որպեսզի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցնեն պետական եւ համայնքային կառույցներին: 2017 թվականին պայմանագիրը լուծվել էր։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ

Ադրբեջանը դեռեւս շարունակում է խոչընդոտել, թույլ չտալ, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի ադրբեջանական կողմի վերջին ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինծառայողների մարմինները: Այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Եվ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռեւս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները: Ադրբեջանը դեռեւս խոչընդոտում է եւ չի տալիս իր թույլտվությունը, որ մարմինները հանվեն»,- ասաց Գրիգորյանը:

 




Լրահոս