Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի բացառիկ մրցաշար. հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը նոկաուտի ենթարկեց լեհ բռնցքամարտիկ Նորբերտ Դամբրովսկուն:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս ստանալ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:
Համլետ Եղոյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է՝ «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 987-Ն որոշման համաձայն: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հայտատուները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 01.07.2004թ. թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հայտը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը եւ դրա պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:
Սոֆիա Տերտերյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։
Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական (առկայության դեպքում), ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք: