ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 118

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ.-ին բռնկված կորոնավիրուսի համավարակի պատճառով օրվա իշխանության ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների քողի ներքո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակները հօդս ցնդեցին: Թեեւ իշխող «Քաղաքացիական  պայմանագիրը» Թովմասյանին, այնուամենայիվ, զրկեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց ՍԴ անդամությունից հեռացնելու մեխանիզմներ այդպես էլ չգտավ: Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանի դրածո ու լատենտ Հանրապետական էր համարում եւ որեւէ կերպ չէր պատրաստվում հանդուրժել, որ ՍԴ-ում կարող է դե յուրե անդամակցությունը դադարեցրած, բայց դե ֆակտո կուսակցական անձ լինել: Նույն Նիկոլ Փաշինյանը, սակայն, այժմ որեւէ խնդիր չի տեսնում, ավելին՝ գուցե ողջունում է, որ բոլորովին վերջերս կուսակցականի կրծքանշանի արժանացած Կարեն Անդրեասյանը, որ, իր խոսքերվ, ոգեշնչվում է Փաշինյանի լուսանկարից, կարող է Բարձրագույն դատական խորհրդում հայտնվել, ավելին՝ նախագահել Բարձրագույն դատական խորհուրդը:

Բայց հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն Անդրեասյանի, որ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ ակնդետ նայում է Փաշինյանի՝ իր աշխատասենյակի պատից կախված լուսանկարին, Թովմասյանը գոնե արտաքուստ ՍԴ նախագահ եղած ժամանակ անձի ֆետիշացմամբ չէր զբաղվում: Արձանագրենք նաեւ, որ իրավապահ համակարգի ոչ կուսակցական լինելու մասին մանիպուլյատիվ հայատարարություններով Փաշինյանը նորից ու նորից ստել է:

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ստացած իրավաբանի դիպլոմը բազմաբնույթ հարցեր է առաջացնում. կարծես թե այն ձեւական փաստաթուղթ է: Նրա կենսագրության մեջ նշված է, թե 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը նշեց, թե «2017-2018 ուսումնական տարին է ընդունվել, տեղափոխվել է ԵՊՀ-ից, սովորել է հեռակա կարգով»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Վահագն Հովակիմյանի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանին: «Վահագն Հովակիմյանը 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Ուսումնառությունը կիսատ է մնացել վերջին կիսամյակի վարձավճարի պատճառով: Հետագայում՝ 2018 թվականին, ԵՊՀ-ից ակադեմիական թերթիկ է վերցրել, որտեղ արտացոլված են եղել իր առաջադիմության տվյալները, եւ ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ։ Հաշվի առնելով կիսատ մնացած ուսումնառությունը՝ տեղափոխվել է երրորդ կուրս: Ուսումնառությունն ավարտել է 2021ին»: Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. որքանո՞վ է ԵՊՀ-ում ստացած փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը համապատասխանում Մովսես Խորենացու համալսարանում իրավագիտության ֆակուլտետին, որտեղ էլ ավարտելով՝ ստացել է իրավաբանի որակավորումը: Իսկ եթե նա չի ավարտել Սոցիոլոգիայի բաժինը, ինչո՞ւ է իր պաշտոնական կենսագրության մեջ նշել այդ մասնագիտության մասին: Սա պաշտոնեական կեղծիք է: Ամեն դեպքում, խիստ կասկածահարույց է Վահագն Հովակիմյանի՝ իրավաբանի դիպլոմի ձեռք բերման գործընթացը, որով պետք է զբաղվի ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչ օրս անգործ է: 2022 թվականի սեպտեմբերի 15-ին պաշտոնին հրաժեշտ տված նախկին գլխավոր դատախազը ոչնչով չի զբաղվում, իսկ թե ինչու, եւ ինչքան կտեւի այս պարապուդը, դժվար է ասել: Իհարկե, տարբեր տեղեկություններ սպրդեցին նրա ու քաղաքական իշխանության հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն վերջին պահին ամեն ինչ իրար է խառնվել: Կարելի է ասել, որ Արթուր Դավթյանի եւ քաղաքական իշխանությունների հարաբերություններն  այդքան էլ լավ չեն. նրան դեռ որեւէ այլ աշխատանք կամ պաշտոն չեն առաջարկել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց՝ համբուրելով դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ,  խոնարհվեց եւ հեռացավ դատախազությունից, սակայն  Արթուր Դավթյանը հեռացավ առանց խոնարհվելու ու աղոթելու եւ հիմա էլ պարապուրդի մեջ է:

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անհամապատասխանություններ հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին: Օրինակ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորումը պետք է իրականացներ այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեին 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին եւ կոոպերատիվներին՝ 0 %, սակայն թվով 110 վարկերից 3-ի սուբսիդավորումն իրականացվել է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվել են 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախատեսված 2 տոկոսի փոխարեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում  նախարարությունում ներքին աուդիտի համակարգը չի գործել։  «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը պետք է ապահովեր կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը եւ գործունեությունը, որը,  ըստ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, պետք է գործեր նախարարի ենթակայության ներքո։ Ներքին աուդիտի իրականացման ստորաբաժանում նախարարության կառուցվածքում, սակայն, չի ստեղծվել, իսկ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ ներքին աուդիտը իրականացնելու համար հրավիրված անձանց գնման ընթացակարգեր չի կազմակերպվել։

 

 




Լրահոս