Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ստացած իրավաբանի դիպլոմը բազմաբնույթ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, որպես ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորի նրա ներկայացրած կենսագրության մեջ, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նշված է, թե նա 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել: Սա ինքնին ենթադրում է, որ նա 2018 թվականին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընտրվել էր պատգամավոր, արդեն սովորում էր վերոնշյալ համալսարանում: Նախկինում նրա ներկայացրած կենսագրության մեջ բացակայում է ուսանող լինելու մասին որեւէ տեղեկություն: Այդ կենսագրության մեջ միայն նշված են տեղեկությունները նախորդ կրթության մասին: Այս խորհրդավորությունը «Ժողովուրդ» օրաթերթի մոտ հարցեր է առաջացրել, եւ մենք զրուցեցինք Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի հետ:
-Պարո՛ն ռեկտոր, ո՞ր թվականին է ընդունվել Վահագն Հովակիմյանը Ձեր ղեկավարած բուհ:
-Եթե չեմ սխալվում, 2017-2018 ուսումնական տարին է ընդունվել:
-Ավարտե՞լ է բակալավրի աստիճանով:
-Նա տեղափոխվել է ԵՊՀ-ից:
-Իսկ առկա՞ է սովորել, թե՞ հեռակա:
-Հեռակա:
-Հաճախե՞լ է դասերին:
-Այս պահին չեմ կարող պատասխանել:
Ի՞նչ է ստացվում. եթե պատգամավորը ավարտել է հեռակա բաժինը, ապա պետք է 5 տարի սովորած լիներ, հետեւաբար պետք է ընդունված լիներ մասնավոր այդ համալսարանը 2016 թվականին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նախորդ կենսագրությունների մեջ որեւէ բուհ ընդունվեու մասին որեւէ տեղեկություն առկա չէ: Ընդգծենք նաեւ՝ 2014-2016 թվականներին Հովակիմյանն աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում որպես փոխխմբագիր, եւ մենք՝ որպես գործընկերներ, որեւէ բան չենք իմացել նրա՝ որեւէ համալսարանում ուսանելու մասին. նա երբեք դասի չի գնացել, ստուգարքի, քննության չի մասնակցել:
«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, դիմեց Վահագն Հովակիմյանի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանին՝ հարցնելով, թե որ թվականին է ընդունվել, ինչպես է ավարտել Իրավաբանության ֆակուլտետը, ամենակարեւորը՝ ինչու նախորդ կենսագրությունների մեջ երբեւէ նշված չի եղել, որ նա սովորում է: Խոսնակը պատասխանել է. «Վահագն Հովակիմյանը 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Ուսումնառությունը կիսատ է մնացել վերջին կիսամյակի վարձավճարի պատճառով: Հետագայում՝ 2018 թվականին, ԵՊՀ-ից ակադեմիական թերթիկ է վերցրել, որտեղ արտացոլված են եղել իր առաջադիմության տվյալները, եւ ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ։ Հաշվի առնելով կիսատ մնացած ուսումնառությունը՝ տեղափոխվել է երրորդ կուրս: Ուսումնառությունն ավարտել է 2021-ին»:
Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. որքանո՞վ է ԵՊՀ-ում ստացած փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը համապատասխանում Մովսես Խորենացու համալսարանում իրավագիտության ֆակուլտետին՝ իբրեւ մասնագիտության, որտեղ էլ ավարտելով՝ պատգամավորը ստացել է իրավաբանի որակավորում: Եթե նա չի ավարտել ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, ինչո՞ւ է իր պաշտոնական կենսագրության մեջ նշել այդ մասնագիտության մասին՝ ֆիքսելով, որ 1996-2000թթ ավարտել է ԵՊՀ-ն: Սա պաշտոնեական կեղծիք է: Ամեն դեպքում, խիստ կասկածահարույց է Վահագն Հովակիմյանի իրավագիտական կրթությունը, ստացած իրավաբանի դիպլոմի ձեռք բերման գործընթացը, որով պետք է զբաղվի ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Մեզ մոտ տպավորություն է, որ ձեւական դիպլոմ է ձեռք բերել իշխանական պատգամավորը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔԻՆ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդը լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ
«Իրանը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, եւ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարեւորության դրսեւորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին»,- ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում:
ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Ն. Գ. դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, պատվիրակության կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմադ Ալ-Դահը եւ միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սեյֆ Ալ-Հաջրին:
Այցի ընթացքում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը: Նաեւ շնորհակալություն է հայտնել այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու կապակցությամբ։ Այցի ընթացքում հայկական կողմի հետ կնքվել է 2 համաձայնագիր։
ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-20-ը Հայաստան էր այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի եւ հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ:
Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի եւ հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։
ՕԳՆԱԿԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորել է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը: Հայտնել էինք, որ նա ձերբակալվել է:
Նշենք, որ աղմկահարույց այս գործով կալանավորված են նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Արուսյակ Ալեքսանյանի օգնականի փաստաբան Գարիկ Գալիկյանը խորը ցավոց հայտնեց, որ կալանավորվածը 22-ամյա աղջիկ է, ինչի համար ինքը ցավում է: Ի դեպ, երիտասարդ օգնականին կալանքի տարած դատավորը Թմբուկ անվանմամբ հայտնի Դավիթ Արղամանյանն է:
Ո՞վ է նա։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երեւանում, Արղամանյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին մինչդատական քրեական վարույթով դատավոր։