ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու գործով դատարանը որոշում է կայացրել: Ինչպես հայտնի է, 2021 թվականին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

 

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, որից հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերեցին եւ կալանավորեցին: Գործն ուղարկվեց դատարան, եւ, ահա, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս գործով որոշել է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղավոր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, եւ դատապարտել ազատազրկման՝ 7 (յոթ) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցել Սպարտակ Վարդանի Ղուկասյանի՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից մինչեւ նույն թվականի օգոստոսի 20-ը եւ 2021 թվականի նոյեմբերի 27-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 25 (քսանհինգ) օր ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2022 թվականի մայիսի 31-ից:

Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Սպարտակ Վարդանի Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ստանալու պահից մեկամսյա ժամկետում»:

Նախկին քաղաքապետի որդին ազատության մեջ է, որը մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ վերջինիս պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ ակնհայտ անհիմն որոշում է, եւ այն ենթակա է բեկանման:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ

2022 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Նրանք մեղավոր են ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման համար՝ դատապարտվելով տարբեր չափերի տուգանքների:

Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է Ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված եւ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ (նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով):

2022 թվականի հունիսի 23-ին քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի որոշմամբ հաստատվել եւ ուղարկվել էր դատարան:

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Վերջին շաբաթներին ադրբեջանական զորքերի կողմից հայ զինվորների ակնհայտ մահապատժի մասին պատմող երկու տեսանյութ էր հրապարակվել եւ լայնորեն տարածվել սոցցանցերում: Հետաքննական լրագրությամբ զբաղվող միջազգային «Bellingcat» գործակալությունը իրականացրել է տեսանյութերից մեկի վերլուծություն՝ տեղորոշելով այն եւ բացահայտելով մի քանի ապացույցներ, ըստ որոնց՝ տեսանյութերից մեկն արվել է Սեւ լճին հարող տարածքում։

Այդ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է հոկտեմբերի 1-ին։ Այն ցույց է տալիս զինվորական համազգեստով տղամարդկանց մի խումբ լեռան գագաթին, որը նրանք հենց նոր գրավել են: Տղամարդկանց մեկ այլ խումբ, որոնք գերի են ընկած եւ կրում են տարբեր զինվորական համազգեստներ, շարված են առանց զենքի։

Տեսանյութը լայնորեն տարածվել է ադրբեջանամետ ալիքներով, ինչը ցույց է տալիս ադրբեջանական զորքի կողմից հայ զինվորների մահապատիժը։

Հոկտեմբերի 3-ին Libռration-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը եւ Ֆաբիան Լեբուքը նշում են, որ կադրերը Ադրբեջանի հետ սահմանին են՝ Սեւ լճից հարավ. «Վերլուծելով Telegram-ի անշարժ պատկերներից մեկը՝ տեղանքի վրա նկատեցինք նախշեր, որոնք համահունչ էին այն դիրքի հետ, որտեղից արվել էր լուսանկարը»:

Հետաքննող լրագրողները Google Earth ծրագրի միջոցով կարողացել են  բացահայտել Սեւ լճի շրջակայքը, որը պարունակում է որոշ աշխարհագրական առանձնահատկություններ:

 

 

 

ԴԻԵՐ՝ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ

Armlur.am-ին հայտնի է դարձել, թե ովքեր են Դավիթաշենի կամրջի տակ մահացած անձինք։ Մահացած տղամարդկանցից մեկը ՌԴ քաղաքացի Տիգրան Վերեշչակն է, որը 21 տարեկան էր, իսկ մյուս մահացած անձը ՀՀ քաղաքացի Արսեն Այվազյանն է՝ 16 տարեկան: Shamshyan.com-ը գրել էր, որ երեկ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով։

 

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Ասատրյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին եւ դատարանից պահանջում է, որ դատարանը ստիպի 15.08.2022թ. իր եւ Աղասի Հովհաննեսի Հունանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 1031-Ա հրամանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 16.08.2022թ. Արթուր Աշոտի Ասատրյանին պաշտոնի նշանակելու մասին թիվ 1032-Ա հրամանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 16.09.2022թ. Արթուր Աշոտի Ասատրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին թիվ 1223-Ա հրամանը վերացնել:

 

 

 

 

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ

Ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթակելու միջադեպի գործով իրավապահներն անձանց են տանում հարցաքննությունների: Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են ծեծի ենթարկում Էդգար Ղազարյանին, սակայն տեսախցիկներով պարզ չի երեւում՝ ծեծի ենթարկող անձինք ովքեր են, ուստի իրավապահներն այս օրերին հարցաքննության են հրավիրում այն անձանց, որոնց մեքենաները տեսախցիկներով պարզ երեւում են: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննության են հրավիրվում կասկածելի անձինք, որոնք, ըստ իրավապահների, հնարավոր է, դեպքի հետ կապ ունենան: Փաստ է մեկ բան, որ աղմկահարույց դեպքից անցել է երեք օր, սակայն մինչ օրս ծեծի ենթարկողները չեն հայտնաբերվել: Նշենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տուժող է ճանաչվել իր նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում. նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։ Ղազարյանը Շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություն էր անցել։ Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս