Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում։ Թե ինչու է Գեղամ Գեւորգյանը հիմա սկսել «հետաքրքրվել» քաղաքապետարանի գործելաոճով, թերեւս գաղտնիք չէ։ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Գեղամ Գեւորգյանի մտերիմն է, եւ իր ղեկավարած հանձնաժողովն արդեն թվով երկրորդ վարույթն է հարուցել քաղաքապետարանի նկատմամբ։ Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 11-ի որոշմամբ նախազգուշացում է տվել Երեւանի քաղաքապետարանին։ Իսկ ինչո՞ւ էր քաղաքապետարանը զայրացրել հանձնաժողովին։
ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքապետարանից պահանջվել էր ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները: Բացի այս, քաղաքապետարանը պետք է հանձնաժողովին ներկայացներ նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ին 2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս տրամադրված ֆինանսավորումների եւ կատարողականների վերաբերյալ տեղեկատվություն: Այս տվյալները փոխանցելու համար քաղաքապետարանին տրվել էր ժամանակ՝ 5 աշխատանքային օր, սակայն քաղաքապետարանը պահանջված տեղեկատվությունը չի ներկայացրել սահմանված ժամկետում: Ըստ հանձնաժողովի՝ քաղաքապետարանի վարքագիծն առերեւույթ պարունակել է պետական մարմնի պարտականության խախտման հատկանիշներ, այդ իսկ պատճառով հոկտեմբերի 11-ի որոշմամբ Գեղամ Գեւորգյանը նախազգուշացում է տվել քաղաքապետարանին, ավելին՝ քաղաքապետարանին հանձնարարել է երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով ներկայացնել պահանջված տեղեկատվությունը։ Իսկ եթե այս հանձնարարությունները սահմանված ժամանակահատվածում չկատարվեն, ապա ենթակա են հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Բացի այս, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւս մեկ վարույթ է հարուցել քաղաքապետարանի նկատմամբ։ Այս անգամ պատճառն ավտոբուսներն են։ Ըստ հանձնաժողովի՝ 2021 եւ 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերեւույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը եւ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների՝ միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:
Բայց նկատենք, որ այս ստուգումներով ինչ էլ պարզվի, վերաբերելու է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին. չէ՞ որ ինքնակամ շինություններն ապամոնտաժողը եւ նոր ավտոբուսներ ձեռք բերողը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ու եթե չարաշահումներ լինեն, նրա պաշտոնավարմանն են վերաբերելու:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը եւ «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների եւ դրանց պահպանական գոտիներում ապօրինի տեղադրված նոր խաչերը, խաչքարերը եւ նոր կառուցված շինությունները։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության եւ մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի օրենսդրությունը, տեղադրվում են նոր խաչքարեր, մետաղական խաչեր կամ նոր կառույցներ, որոնք ոչ միայն խաթարում են հուշարձանի պատմական միջավայրն ու տեսքը, այլեւ մեծ վնաս են հասցնում հուշարձաններին։
Կարեւորելով խնդրի կարգավորումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ապօրինի շինությունների հեռացման ուղղությամբ հետեւողական աշխատանքներ են իրականացնում` դրանցում ներգրավելով նաեւ ապօրինի շինություններ տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հուշարձանների սեփականատերերին կամ օգտագործողներին։
Ընթացիկ տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ հեռացվել են ՀՀ Արարատի մարզի Աղջոց եւ Հավուց թառ («Խոսրովի անտառ պետական արգելոց»), Կոտայքի մարզի Թեղենյաց, Տավուշի մարզի Խորանաշատ վանական համալիրների տարածքների մետաղական խաչերն ու խաչքարերը, Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի տարածքում կառուցված կաթսայատունը եւ այլն։
Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի՝ «Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Վերջիններիս ներկայացվում է օրենսդրության պահանջը՝ առաջարկելով անվնաս հեռացնել նոր տեղադրված օբյեկտները կամ տեղափոխել այլ վայր։ Հուշարձանների տարածքներում եւ դրանց պահպանման գոտիներում նոր տեղադրած կառույցների հեղինակներին չբացահայտելու դեպքում լիազոր մարմինն իր միջոցներով հեռացնում է ապօրինի տեղադրված կառույցները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում եւ հորդորում ձեռնպահ մնալ հուշարձանների տարածքներում կամ դրանց պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ կատարելուց (նոր խաչքարերի, խաչերի, նորակառույց շինությունների տեղադրում, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների իրականացում, գանձագողություն), իսկ նման օրինախախտումներ նկատելու դեպքում ահազանգել լիազոր մարմնին։
Հուշարձանների տարածքներից ապօրինի տեղադրված կառույցների հեռացման աշխատանքները լինելու են շարունակական։
ՎԱՆՔԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍ նախարարության եւ այդ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պատվիրատվությամբ ներկայումս Տավուշի մարզի տարածքում վերանորոգվում են մի քանի պատմամշակութային հուշարձաններ։ Դիլիջան քաղաքի կենտրոնում ընթացքի մեջ է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի շենքի հիմնանորոգումը։ Այդ շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին, այն ժամանակին հյուրընկալել է հայոց մշակույթի անվանի գործիչների։ Դիլիջանի թանգարանի շենքի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։ Ավարտին են մոտենում այդ կառույցի հողային հիմքերի ուժեղացման եւ նոր պատերի կառուցման աշխատանքները։ Թանգարանի շենքի հիմնանորգումն իրականացող վարպետներին հարցրի՝ նախատեսվում է արդյոք վերականգնել թանգարանի՝ փողոցի վրա գտնված փայտե բաց, գեղեցիկ պատշգամբը, որը փողոցով երթեւեկող բեռնատարի հարվածից քանդվել է 2019 թվականի հունիսի սկզբին։ Վարպետներն ասացին, որ թանգարանի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կառույցի բաց պատշգամբը վերականգնելու են։
Ավարտվել են Գոշավանք վանական համալիրի մեջ մտնող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի ծածկերի վերանորոգման աշխատանքները։ Լոռու մարզի տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում եւս նորոգման աշխատանքներ են իրականացվել։ Սանահին եւ Գոշավանք վանական համալիները գտնվում են Հայ առաքելական եկեղեցու(ՀԱԵ) հաշվեկշռում։ ՀԱԵ-ն սփյուռքի եւ Հայաստանի հայ բարեգործներից պարբերաբար ֆինանսական մեծ նվիրատվություններ է ստանում, նաեւ մեծ հասույթներ է ունենում Գոշավանքում, Սանահին վանական համալիրում կրոնական գրքերի, մոմերի, հոգեւոր պարագաների վաճառքից, ՀԱԵ-ն ի վիճակի էր իր ֆինանսական միջոցներով վերանորոգելու այդ վանական համալիրները։
Տավուշի մարզի անտառներում գտնվող հնամենի վանքերը՝ Կիրանցը, Առաքելոցը, Ջուխտակ վանքը, Սրվեղի վանքը, Մշկավանքը եւ այլ հին վանքեր տասնամյակների ընթացքում քանդվում են, դրանց նորոգման համար տասնամյակներ շարունակ պետական բյուջեից ֆինանսավորում չի իրականացվում։ Պետական բյուջեի գումարները պետք էր առաջնահերթ ուղղել մեր պատմության այդ արժեքավոր հուշարձանները փրկելու, նորոգելու, ոչ թե Հայ առաքելական եկեղեցու հաշվակշռում գտնվող, եկեղեցու կողմից օգտագործվող վանքերը վերանորոգելու նպատակով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ