AMC ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրենց աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր AMC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն եւ այլն։

 

Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր. այս տարի ցանկում է նաեւ հայկական արտադրության «Դրախտի դարպասը» ֆիլմը։

Նշենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ն անցկացվող «Be Epic» Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։

Ըստ ֆիլմի բովանդակության՝ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է: 1992թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը ֆոտոլրագրողին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները: Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, սցենարիստներ՝ Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան, օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս, դերասաններ՝ Ռիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցeuաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ, պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս, ընկերություններ՝ «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամ, «Արթբոքս» կինոընկերություն։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՀԱՆՁՆՎԵԼ Է ԵՐԳՉԻ ԵՂԲՈՐԸ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին:

 

Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգեւատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

 

 

 

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐԻՆ

Պաշտոնական Կիեւը պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի երգչուհիներ Անի Լորակի, Թաիսյա Պովալիյի եւ Աննա Սեդոկովայի, ինչպես նաեւ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկրի նախագահ Վոլեդիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում։ Սահմանափակումները ներառում են 15 միջոցներ, ինչպիսիք են ակտիվների արգելափակումը, պետության տարածքից կապիտալի դուրսբերման արգելքը, հողի ձեռքբերումը, սեփականաշնորհումը եւ վարձակալությունը, թույլտվությունների եւ լիցենզիաների չեղյալ հայտարարումը։ Կիեւը որոշել է նաեւ զրկել նրանց Ուկրաինայի պետական մրցանակներից։ Պատժամիջոցները կիրառվում են հինգ տարի ժամկետով։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱԱԽ) որոշումը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կնոջ եւ դստեր, ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կնոջ՝ Գալինայի նկատմամբ 10 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նրա նկատմամբ կա 13 խափանման միջոց։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ղեկավարը պատժամիջոցներ է կիրառել 2507 ֆիզիկական անձանց եւ 1374 ընկերությունների նկատմամբ։

 

 

 

 

ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ

Երգչուհի Պելագեիի նախկին ամուսինը` Իվան Տելեգինը, դիմել է դատարան՝ իրենց դստեր՝ Թաիսիայի ալիմենտի չափը նվազեցնելու խնդրանքով։ «Հայց է ստացվել ալիմենտի չափը ամսական աշխատավարձի եւ (կամ) այլ եկամուտների 1/4-ից 1/6-ի նվազեցնելու մասին», – ասվում է Մոսկվայի դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ալիմենտը կրճատելու պատճառներն անհայտ են։ Ավելի վաղ երգչուհին շահել էր դատը՝ նախկին ամուսնու՝ Իվան Տելեգինի դեմ։ Հոկեյիստը բողոք է ներկայացրել այն բանից հետո, երբ մայիսին պարտվել է համատեղ ունեցվածքի բաժանման դատական գործում: Պելագեիի եւ Տելեգինի դուստրը ծնվել է 2017 թվականին, որից երկու տարի անց զույգը բաժանվել է։

 

 

 

 

ՍԵՐԻԱԼԻ ԹՐԵՅԼԵՐ

Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է «Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի երկար սպասված թրեյլերը։ Դրվագները հոսքային ծառայությունում հասանելի կլինեն նոյեմբերի 9-ից։ Ֆիլմի գործողություններն այս անգամ ծավալվում են 1990-ականներին, որը բրիտանական թագավորական ընտանիքի համար ամենաինտենսիվ եւ մութ տասնամյակներից մեկն է: Արքայադուստր Դիանան (Էլիզաբեթ Դեբիցկի) որոշում է վերջնականապես ամուսնալուծվել Չարլզից (Դոմինիկ Ուեսթ): Սա հակասությունների է հանգեցնում Էլիզաբեթ II-ի (Իմելդա Ստաունթոն) եւ նրա շրջապատի հետ, որոնք մտադիր են պահպանել հանրային կերպարը։ Եթերաշրջանում նկարահանվել են «Օսկարի» հավակնորդներ Ջոնաթան Փրայսը (Արքայազն Ֆիլիպ) եւ Լեսլի Մանվիլը (Արքայադուստր Մարգարետ), Ջոնի Լի Միլլերը (վարչապետ Ջոն Մեյջոր), Օլիվիա Ուիլյամսը (Կամիլա Փարքեր-Բոուլզ) եւ այլք:




Լրահոս