Ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրերում փոփոխություն կլինի. ինչ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրերում հնարավոր է կառուցվածքային փոփոխություններ լինեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ ոստիկանությունն է հանրային քննարկման դրել:

Ըստ ոստիկանության՝ ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի կապված են շինարարական առանձնահատկությունների հետ։

Պարզվում է, որ ՁՊՎ-ներում աստիճանների թեքահարթակներ չկան, զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են, ինչի պատճառով խոչընդոտվում է բնական լուսաթափանցելիությունը և օդափոխությունը, բուժզննության սենյակները համատեղված են այլ նշանակության սենյակների հետ, տեսակցության սենյակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ չի ապահովվում պահվող անձի և տեսակցողի ֆիզիկական շփումը: Բացի այս, զբոսաբակերը չունեն ծածկեր, որոնք կպաշտպանեն արևի ուղիղ ճառագայթներից ու տեղումներից, խցերում արհեստական լուսավորությունը գիշերային ժամերին թուլացնելու հնարավորություն չունի՝ պահվող անձանց քունը չխանգարվելու համար, հանձնուքների ընդունման համար սենյակներն առանձնացված չեն, հիվանդներին, հղի և իրենց մոտ անչափահաս երեխա ունեցող կանանց պահելու համար առանձնացված խցերն ապահովված չեն տաք ջրով:

Այս խնդիրները լուծելու նպատակով, ոստիկանությունն առաջարկում է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինությանն առչվող առանձնահատկությունները՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Սյունէ Համբարձումյան 




Լրահոս