ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ԹԻՐԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին տարաբնույթ հրապարակումներն ու նրա լուսանկարները շարունակում են դուր չգալ «Մետա» ընկերությանը: Նրա կողմից գործարկվող Facebook սոցիալական ցանցն արգելափակում է Հայաստանի Ազգային հերոսի մասին գրառումներ անող օգտատերերի ինչ-ինչ գործողությունները: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նույնպես առնչվել է Faceboօk-ում արգելափակվելու խնդրին, բայց նա նույնիսկ ոչ թե Մոնթեի, այլ վերջինիս զոհվելու վայրում ընկերների հետ դեռեւս 2017-ին արված ու հրապարակված լուսանկարն էր վերահրապարակել:

 

«Ես անգամ Մոնթե Մելքոնյանի լուսանկարը չէի հրապարկել, իմ ընկերների հետ կանգնել էինք նրա զոհվելու տեղում ու նկարվել: Հենց այդ՝ արդեն հրապարակված լուսանկարն էի հրապարկել»,- նշում է Մանգասարյանը:

Հրապարակումներ անելու երեսունօրյա արգելքից հետո մեր զրուցակիցն այժմ՝ գրառումներ անելիս, միանշանակ զգուշանում է, բայց եւ զարմանում է՝ վերոնշյալ լուսանկարը 2017-ին նույնպես հրապարկել էր Facebook-ում, այն ժամանակ, սակայն, դա «Մետա» ընկերությանը չէր վրդովվեցրել: «2017 թվականին, երբ ես հրապարակել էի լուսանկարը, այն ժամանակ էլ դա բավական դիտում էր հավաքել ու մեծ արձագանքների արժանացել Facebook սոցիալական ցանցում, բայց ոչ մի արգելափակումներ տեղի չէին ունեցել»,- ասում է ռազմական փորձագետը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա հստակ ադրբեջանական ձեռագիր է, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով համոզել է «Մետային», թե Մոնթե Մելքոնյանի մասին ցանկացած գրառում դեմ է ընկերության որդեգրած քաղաքականությանն ու նորմերին: «Իմ կարծիքով՝ ադրբեջանցիների մատը խառն է այս ամողբջ պատմության մեջ,  ու մենք պետք է  հասկանանք՝ ինչ գործողություններ ենք անելու դրան հակազդելու համար: Մենք էլ մեր հերթին հիմնավոր փաստարկներով պետք է կարողանանք Facebook-ին ապացուցել, համոզել, որ վերանայի իր որոշումը»,- տեսակետ է հայտնում Վիտալի Մանգասարյանը:

Խնդրի մասով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է, ավելին՝ որոշակի քայլեր ձեռնարկել է: ԱԳՆ աշխատակիցները «Մետա» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկումներ ունեցել են, ինչի ժամանակ վերջիններիս փոխանցել են՝ խնդիրը ոչ թե Մոնթե Մելքոնյանի մասին գրառում անելը կամ լուսանկար հրապարակելն է, այլ այն, որ ՀՀ ազգային հերոսը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի հետ է ասոցացվում:

Խնդիրը նույնկերպ է բացատրում նաեւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե առհասարակ Հայաստանի ազգային հերոսների կամ ադրբեջանական ձեռագրի, այլ կոնկերտ «ԱՍԱԼԱ»-ի հետ է կապված:

«ԱՄՆ Պետդեպը դեռ շատ տարիներ առաջ «ԱՍԱԼԱ»-ն պաշտոնապես որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Եվ քանի որ Մոնթե Մելքոնյանը ժամանակին եղել է «ԱՍԱԼԱ»-ի լիդերներից մեկը, ապա այժմ «Մետա» ընկերությունը, հետեւելով  ԱՄՆ օրենսդրությանն ու կարգավորումներին, ավտոմատ կերպով արգելափակում է «ԱՍԱԼԱ»-ի հետ առնչվող եւ ամեն ինչ»,- մանրամասնում է փորձագետը:

Ընկերության ներկայացուցիչներին, ասում է փորձագետը, մեր ազգային, հայրենասիրական զգացմունքները չեն հետաքրքրում, ու դա է պատճառը, որ երբեմն անգամ Մոնթեի անունը գրելն է որոշակի գործառույթների արգելափակման հանգեցնում:

«Շատերին թվում է, թե ադրբեջանցիները նստած որսում են՝ ՀՀ ազգային հերոսների մասին ով ինչ գրեց, ու, ըստ այդմ, Facebook-ին բողոք են ներկայացնում, կամ անգամ մեր հայրենակիցները, քաղաքական տարբեր հայացքներից ելնելով, իրար են մեղադրում, թե այսինչը բողոքեց, ինձ արգելափակվեցին, այնինչ՝ պարզ մեխանիզմ է գործում, այսպես ասած՝ ռոբոտ, որ ավտոմատ կերպով անցնում է լուրերի, արխիվների վրայով ու իր համար խախտում հայտնաբերելու դեպքում արգելափակում է»,- նշում է մեր զրուցակիցը:

ԱԳՆ-ի կողմից «Մետա»-ի հետ տարվող բանակցությունների մասին Մարտիրոսյանը տեղյակ է, բայց բարդ է ասել, գուցե եւ անհույս, թե մեր պատկերացումները ներկայացնելուց հետո ընկերության ներկայացուցիչներն ինչ որոշում կկայացնեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՈՒՀՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԴԱԴԱՐԵԼ Է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ձեռք բերած իրավաբանական կրթության շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Տեղեկացնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի՝ որպես ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորի ներկայացրած կենսագրության մեջ, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նշված է, թե նա 1996-2000թթ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության, քաղաքագիտության ֆակուլտետը, մինչդեռ վարձավճար չմուծելու պատճառով նա դուրս է մնացել համալսարանից:

 

Իր կենսագրականում նշել է, թե 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել: Իրականում եղել է ձեւական մի գործընթաց իրավաբանի դիպլոմ ունենալու համար:

Նկատենք, որ ՔՊ-ական սահմանադրագետն իրավական կրթություն ստացել է այնպիսի մի համալսարանում, որտեղ ուսումնական կյանքը, ըստ համալսարանի պաշտոնական կայքի, 2014-2015 թվականներից հետո կանգ է առել։ Օրինակ, համալսարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ընդունելության վերջին քննությունները տեղի են ունեցել 2014-2015 թվականներին։ Ավելին, գիտական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականին, համենայնդեպս, կայքի տվյալներով, գիտական խորհրդի նիստի արձանագրությունը հրապարակվել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին։

Ի դեպ, Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Հովակիմյանը 2017-2018 ուսումնական տարին է ընդունվել: Եթե պատգամավորը ավարտել է հեռակա բաժինը, ապա պետք է 5 տարի սովորած լիներ, հետեւաբար պետք է ընդունված լիներ մասնավոր այդ համալսարանը 2016 թվականին։ 2014-2016 թվականներին Հովակիմյանն աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում որպես փոխխմբագիր, եւ մենք՝ որպես գործընկերներ, որեւէ բան չենք իմացել նրա՝ որեւէ համալսարանում ուսանելու մասին. նա երբեք դասի չի գնացել, ստուգարքի, քննության չի մասնակցել:

Սա ինքնին ենթադրում է, որ նա 2018 թվականին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընտրվել էր պատգամավոր, արդեն սովորում էր վերոնշյալ համալսարանում: Նախկինում նրա ներկայացրած կենսագրության մեջ բացակայում է ուսանող լինելու մասին որեւէ տեղեկություն. այդ կենսագրության մեջ միայն նշված են տեղեկությունները նախորդ կրթության մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Այսօր մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգը հաստատվելու էր երեկ՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ։

Armlur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, ինչը ենթադրում է, որ այն կարճատեւ է լինելու, եւ իշխանական խմբակցությունը առանց ընդդիմադիրների արագ կսպառի օրակարգը։

Արդեն նստաշրջանի երկրորդ օրը՝ չորեքշաբթի, խորհրդարան կգան կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին։

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Հոկտեմբերի 31-ից խորհրդարանում մեկնարկելու են 2023 թվականի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ժամկետացանկն արդեն հաստատվել է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հենց առաջին օրը քննարկումներին հրավիրված  է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ օրը նախատեսվում է նաեւ ոստիկանապետի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի այցը խորհրդարան: Նրանք կներկայացնեն բյուջեի նախագիծը եւ կպատասխանեն լրագրողների հարցերին:

Նկատենք, որ բյուջեից ծախսվող գումարների ամենամեծ աճը կլինի հենց ռազմական պաշտպանության գծով։ Խոշոր ուղղություններից են նաեւ կենսաթոշակներն ու պետական պարտքի տոկոսավճարները։ Ըստ նախագծի՝ սպասվում է, որ 2023 թվականի պետական բյուջեն ունենալու է 2 տրլն 301.3 մլրդ դրամի եկամուտ, սակայն ծախսվելու է ավելի շատ՝ 2 տրլն 590.1 մլրդ դրամ։

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Այն հրապարակվել է e-draft.am-ում։

«Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12-ից 15 տարի ժամկետով»։

Նախագիծը կքննարկվի մինչեւ նոյեմբերի 6-ը։

 

 

 




Լրահոս