ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ լրատվական բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետեւողականորեն դրսեւորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։

 

Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաեւ դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաեւ իր օգնականին եւ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, որոնք խորհուրդներ եւ տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։

Արդյունքում դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը, մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի. այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ եւ նրան ազատել կալանքից։

Նախաքննության ընթացքում փաստական եւ իրավական հիմնավորումներով պայմանավորված, իշխանական եւ ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ դրանց հանցակցելու համար համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի, եւ նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են վարութային գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։

Միեւնույն ժամանակ, ծառայությունը, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող:

 

 

 

 

Ո՞Վ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԸ

Օրերս ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր մեկ անձ, որն անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր չափերով գումար էր հափշտակել: Նկատենք, որ ձերբակալված անձը նախկին պաշտոնատար անձանցից մեկի որդու դեմ նախկինում ցուցմունք է տվել: Ո՞վ է նա:

 

Ըստ ԱԱԾ-ի՝ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու եւ կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու եւ ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:

2022 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նկատենք, որ նախկին ոստիկան Բաբկեն Պողոսյանն անցնում է եւս մեկ աղմկահարույց գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա, ոչ ավել, ոչ պակաս, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով վկան է, որը ցուցմունք էր տվել Սպարտակ Ղուկասյանի դեմ եւ հիմա էլ հայտնվել է մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե Պողոսյանի ցուցմունքը որքանով է արժանահավատ եւ իրական:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 23-ին՝ ժ.15:50-ին, Սուխումիի փողոցում խառնաշփոթ իրավիճակ է եղել, եւ շենքի բնակիչները զանգահարել են շտապօգնություն,  որից հետո՝ ոստիկանություն, եւ հայտնել, որ շենքի մոտ մահացած մարդ կա:

Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նշված շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա. մահացածը 42-ամյա Ե. Խեչիկյանն է, որը գլխի շրջանում ունի վնասվածք, իսկ դիակի կողքին ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա կա:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության հատկանիշներով, իսկ թե ինչու է տղամարդը գնացել այդ քայլին, առայժմ հայտնի չէ:

 

 

 

ԿԱԽՎԵԼ Է ՊԱՐԱՆՈՎ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Առաջին տուն ինտերնատ»-ում ուշագրավ դեպք է եղել: Հաղթանակ թաղամասի աշխատակցուհի Հ. Դեղոյանը զանգահարել է իրավապահներին եւ հայտնել, որ նշված ինտերնատում հայտնաբերել են 80 տարեկան Պ. Գաբրիելյանի դին՝ պարանով կախված վիճակում։

 

 

 

ՎԿԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել դատավոր Արուսակ Ալեքսանյանի աշխատասենյակում, եւ որոշ փաստաթղթեր են առգրավվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է դատավորի աշխատակիցներից մեկը վկայի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեսքանյանը, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւ դատավորի օգնականներից մեկը: Ըստ լուրերի՝ վերջիններիս կալանավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը քրեական հեղինակության մասով կայացրել է այնպիսի ակտ, որով նրան ազատ են արձակել 2,5 միլիոն գրավի դիմաց, ինչը իրավապահ համակարգում համարում են պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Քրեական հեղինակության ազատ արձակման միջնորդությունն էլ ներկայացրած է եղել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս