ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ սույն թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման եւ կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը, նույն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Վարդան Հարությունյանը, ՀՀ ՇՄՆ հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ասատուր Վարդանյանը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը: Քննարկվեց Սեւանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության խնդիրը:
Հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ Սեւանի ավազանում, հատկապես՝ Մարտունու շրջանում, ոչ մետաղական հանքերը կարող են գումարային ազդեցություն ունենալ «Սեւան» ազգային պարկի վրա, լուրջ վտանգ պարունակել լանդշաֆտի փոփոխման, գետերի վերին հոսանքներում կենսաբազմազանության վրա: «Մենք այդ հանքերի գումարային ազդեցության գնահատական չունենք: Գուցե առաջարկենք այս գործունեության ժամանակավոր կասեցում, մինչեւ ռազմավարական ՇՄԱԳ իրականացվի»,- առաջարկեց Բարդուխ Գաբրիելյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գրության համաձայն, Սեւանա լճի ավազանում տրված է ոչ մետաղական հանքերի ընդերքօգտագործման 25 թույլտվություն, սակայն տիեզերական նկարներից երեւում է, որ միայն Գեղհովիտի բազալտի հանքի տարածքում առկա է 38 մեծ ու փոքր փորվածք 2019թ. դրությամբ, իսկ 2022թ.՝ ավելի շատ: «Ամբողջությամբ լանդշաֆտը վնասված է, անմիջապես Արգիճի գետի հարեւանությամբ է, 200 մ է հեռու գետից: Ջիլ-Արտանիշ հատվածում եւս մի քանի տասնյակ բաց հանք կա»,- ասաց Խաչատուր Մելիքսեթյանը:
ՀՀ ՏԿԵՆ-ի ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման եւ կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ Կարեն Գասպարյանը նշեց, որ Գեղհովիտի տարածքում տրված է մեկ ընդերքօգտագործման, երեք ուսումնասիրության թույլտվություն: ՀՀ ՇՄՆ-ի հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր փորձագետ Կարեն Եպիսկոպոսյանը նշեց, որ նախարարությունը տեղյակ չէ, թե ինչքան հող է խախտվել, ինչ չափով: Որոշվեց, որպեսզի Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովը նամակով դիմի ՏԿԵՆ եւ ՇՄՆ, որպեսզի Սեւանա լճի ավազանի համար իրականացվի ռազմավարական ՇՄԱԳ գնահատում՝ պարզելու, թե ավազանում տնտեսական տարբեր գործունեության տեսակները գումարային ինչ ազդեցություն են ունենում Սեւանա լճի վրա:
Այնուհետեւ քննարկվեց Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում նախատեսվող բժշկական թափոնների այրման կայանքի հիմնման ՇՄԱԳ հաշվետվությունը: Հանձնաժողովի անդամները մտահոգություն հայտնեցին, որ կայանքը գտնվելու է «Սեւան» ազգային պարկից 600 մ հեռավորության վրա, կայանքում նախատեսված թափոնների ծավալն ավելին է, քան կարող է արտադրվել Գեղարքունիքի մարզում, եւ հնարավոր է, որ այստեղ բերվեն այլ մարզերի բժշկական թափոններ: Այդ գործունեության համար նախատեսված տեխնոլոգիան լավագույններից չէ: Հանձնաժողովը հաշվետվության վերաբերյալ կարծիք կուղարկի Շրջակա միջավայրի նախարարություն:
Քննարկվեց նաեւ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում ասֆալտբետոնե գործարանում ընդերքօգտագործման թափոնների եւ օգտագործված ասֆալտի վերամշակման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Նշվեց, որ ասֆալտբետոնե գործարանը գործում է 2010թ-ից: Խաչատուր Մելիքսեթյանն առաջարկեց, որպեսզի սահմանվի պահանջ՝ կիրառելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն արտանետումները՝ հաշվի առնելով, որ գործարանը Սեւանա լճից 680 մ է հեռու: Հանձնաժողովը հայտի վերաբերյալ եւս կարծիք կներկայացնի ՇՄՆ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԻ ՆՈՐՈԳՎՈՒՄ
Երկու ամսից տարին կավարտվի, բայց կառավարությունը դեռ չի նորոգում դեռեւս մարտին փլուզված կամուրջը։ Խոսքը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին, է որը մոտ 7 ամիս է, ինչ անանցանելի է։
Կհիշեք՝ մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել, եւ այդ հատվածով երթեւեկությունը մինչեւ հիմա անհնար է, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է կանգնած. մի հատվածը ճաքած է: Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի հատվածից:
Թե երբ են ի վերջո սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները հարցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին հետեւյալը. «Այդ կամրջի շինարարության մրցույթի հայտը արդեն տրվել է։ Առաջիկա օրերին պետք է որ շինարարության մրցույթը հայտարարվի»։
Ի դեպ, տեղեկացնենք, որ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022թ. հիմնանորոգման ծրագրում, բայց, չգիտես, թե ինչու, կես տարուց ավելի է, ինչ կառավարությունը չի կարողանում մի կամուրջ նորոգել։
ArmLur.am-ին դեռ ապրիլ ամսին Արմավիրի մարզպետարանից փոխանցել էին, որ կամրջի հիմնանորոգման նախագիծ է մշակվում, սակայն ամիսներ է անցել, բայց սայլը տեղից չի շարժվում։ Տեղի բնակիչները վստահ են, որ կամրջի նորոգման աշխատանքները դանդաղում են: Թե ինչու է ձգձգվում կամրջի նորոգումը, Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը չկարողացավ ասել։ Նա չգիտի նաեւ, թե երբ են սկսվելու շինաշխատանքները։
Զրույցի ընթացքում համայնքի ղեկավարն արձանագրեց, որ իրենց համայնքի մոտ պետք է ավազով բեռնված մեքենաների համար նախատեսված կշեռք տեղադրվի։
«Մեր գյուղի մոտ այդ կշեռքից չի տեղադրվել, «Զվարթնոցում» գազալցակայան կա, դրա կողքին է տեղադրվել։ Երեւան գնացող բոլոր մեքենաները՝ տարբեր բեռներով բարձված, պետք է կշռվեն։ Ժամանակը գա, մեզ մոտ էլ կտեղադրվի, որովհետեւ վարորդները փորձում են այդ ճանապարհները շրջանցել։
Մենք արդեն տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին, որովհետեւ մեր ճանապարհները ավազով բեռնված մեքենաները փչացնում են. անգամ նկատել ենք, թե ինչպես է ասֆալտը փոս գնացել մեքենայի անցնելուց հետո ու նորից բարձրացել»,- իրավիճակը ներկայացրեց Ղազար Ղազարյանը։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ հոկտեմբերի 31-ին նախատեսվում է Ֆրանսիայի Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության այցը Տավուշի մարզ, որի շրջանակներում Իջեւանում կբացվի Պատրիկ Դեւեջյանի անվան գյուղատնտեսական քոլեջ։ Կառավարությունը 2022 թվականի հուլիսի 14-ին ընդունել է N 1086 -Ա որոշումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին։ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը հիմնադրվել է 1968թ.-ին՝ որպես Երեւանի թեթեւ արդյունաբերության տեխնիկումի մասնաճյուղ, այնուհետեւ՝ դարձել ինքնուրույն ուսումնական հաստատություն` Իջեւանի ինդուստրիալ- տեխնոլոգիական տեխնիկում: 2001թ.-ին Իջեւանի տեխնիկումը վերանվանվել է ակադեմիկոս Զորայր Ղազումյանի անվան Իջեւանի պետական քոլեջ: 2011թ.-ին քոլեջը դարձել է Տավուշի տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցներն այժմ անհանգստացած են, որ քոլեջը վերածվելու է հիմնադրամի։ Նրանք ասում են, որ Իջեւանում 54 տարի գործող կրթօջախը հիմնադրամի վերածելու գործում բիզնես շահագրգռվածություն ունեն Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի միջեւ ապակենտրոն համագործակցության շրջանակում ստեղծված «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի՝ Լուսաձոր գյուղում գործող պանրագործարանում աշխատող ֆրանսիացի պանրագործերը։ Սուրեն Գեւորգյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենն է, նա միաժամանակ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ղեկավարն է, նրա կին Հասմիկը Լուսաձորի պանրագործարանում արտադրվող պանիրը Ռուսաստանում իրացնող «էկոՏավուշի» տնօրենն է։ Տավուշի տարածաշրջանային քոլեջի աշխատողները ասում են, որ իրենց կրթօջախում 54 տարում մի շարք մասնագիտությունների գծով ստեղծվել է նյութատեխնիկական հարուստ բազա, որը հիմնադրամի դեպքում դառնալու է անպետք, փոշիանալու է։ Քոլեջը հիմնադրամի վերածվելու հետեւանքով ոչ գյուղատնտեսական ուղղությամբ մասնագետները աշխատանքից զրկվելու են, դադարեցվելու է ժամանակակից մի շարք մասնագիտությունների, օրինակ՝ արեւային էներգետիկայի, զբոսաշրջության, գինեգործության եւ այլնի ուսուցումը ։ Քոլեջի աշխատողներն ասում են, որ այդ հիմնադրամը կարելի էր ստեղծել առանց քոլեջին դիպչելու, վնասելու։ Գյուղատնտեսական քոլեջ-հիմնադրամում սովորելու համար ուսանողների շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով Իջեւանի քոլեջում ներկայումս գյուղատնտեսական թեքումով սովորող շուրջ 20 ուսանողի ձրի սնունդ են տալիս։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ