ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է պետական եւ մշակութային գործիչների գերեզմանաքարերի, մահարձանների եւ հուշատախտակների նոր հարաչափերը։
Պարզվում է՝ հստակեցված չէ հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին եւ մահարձաններին ներկայացվող հարաչափերը, որի արդյունքում ստացվում է միջավայրի հետ ոչ համաչափ եւ հակասական օբյեկտների տեղադրում:
Այս պատճառով Քաղաքաշինության կոմիտեն որոշել է կանոնակարգել պետական եւ մշակութային գործիչների գերեզմանատեղի կազմակերպման հարցերը։ Նաեւ կսահմանվեն հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին եւ մահարձաններին ներկայացվող հարաչափերը, մասնավորապես՝ գերեզմանատեղիի բարեկարգման աշխատանքների համար տրվող հողամասերի չափերը, հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների եւ մահարձանների թույլատրելի բարձրությունները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ
Հայաստանում կվերանայվեն վտանգավոր բեռների փոխադրումները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործադիրը մտադիր է կանոնակարգել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը։ Ավելին, կանոնները խախտվելու դեպքում նշանակվելու են մեծ տուգանքներ։
2024 թվականի հունվարի 1-ից վտանգավոր բեռներ փոխադրող մեքենան պետք է ունենա վտանգավոր բեռներ փոխադրելու տրանսպորտային միջոցի հաստատման վկայական (սերտիֆիկատ), որի ձեւը եւ տրման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Բացի այս, վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունը պետք է ունենա վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի վերապատրաստում եւ ունենա մասնագիտական վերապատրաստման սերտիֆիկատ, որի ձեւը եւ տրման կարգը հաստատում է կառավարությունը։
Նշենք, որ Հայաստանի տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու օրենսդրության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով։
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը զգալի ավելացել են: Այս տարվա օգոստոսին կենդանիների կողմից տուժելու դեպքերը կազմել են 672, իսկ նախորդ տարվա օգոստոս ամսին արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 542 դեպք. մեկ տարվա ընթացքում 130-ով դեպքերի թիվն ավելացել է: Նշենք, որ թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի կոնկրետ վիճակագրություն չկա, բայց, քաղաքացիների պատմելով, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում, կամ էլ փողոցում քայլելիս թափառող շները հաչում են անցորդների վրա: Վերջին շրջանում քաղաքացիները բարձրաձայնում են, որ Երեւանի ճանապարհներին թափառող շներն ավելացել են։ Բացի այս, կծելու, հարձակման դեպքեր գրանցվում են նաեւ ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում, իսկ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են: Ըստ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից:
Ավելին, նույն կենտրոնի տվյալներով՝ ամռան երեք ամիսների ընթացքում կենտրոնի կլինիկա է տեղափոխվել 1310 թափառող շուն՝ հունիսին՝ 400, հուլիսին՝ 375, օգոստոսին՝ 535:
Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ