ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությանից ArmLur.am-ին հայտնեցին, որ բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել:
«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել: Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Հովսեփյանը: 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ եւ արժանացել չեմպիոնի կոչմանը։ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ:
Մեկնաբանելով չեմպիոնությունը՝ Անին նշել է, որ շատ երկար էր սպասել այս մեդալին. «Իռլանդացի բռնցքամարտիկը բավականին բարդ մրցակից էր, բայց ռինգում հաղթելու ու պայքարելու իմ ցանկությունն ավելի մեծ էր, որովհետեւ ես շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է։ Պետք է է՛լ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա: Իմ ծրագրերն ու նպատակները կապված են Փարիզի՝ 2024 թվականի օլիմպիական խաղերի հետ: Հուսով եմ, որ կլինեմ օլիմպիական հավաքականում»:
Ի դեպ, Անի Հովսեփյանն առաջնության ընթացքում նաեւ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։
Գործկոմում են նաեւ մեկական կին եւ տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։
Հայաստանի կանանց հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էլ նվաճել են 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։
Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 7 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկված են եղել նաեւ Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (50 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹՈՂ
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:
Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ մոտ էր Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշվով զիջել է մոլդովացի Վասիլ Դիակոնին։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Վազգեն Թեւանյանը (57 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:
ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
DC Comics-ի «Սեւ Ադամ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Դուեյն Ջոնսոնն է, համաշխարհային վարձույթում առաջին հանգստյան օրերին վաստակել է 140 միլիոն դոլար: Դրանցից 67 միլիոն դոլարը ստացվել է Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանից, որտեղ ժապավենը գրավել է բոքս օֆիսի առաջին հորիզոնականը։
Ըստ Variety-ի՝ այս մեկնարկը համեմատելի է 2018թ.-ի «Աքվամեն»-ի հաջողության հետ, որն առաջին «ուիքենդին» հավաքեց 67,8 միլիոն դոլար, սակայն «Սեւ Ադամ»-ը նկատելիորեն զիջում է «Վենոմ» կոմիքսների հակահերոսի մասին ֆիլմին, որն իր պրեմիերայի հանգստյան օրերին վաստակել է 80 միլիոն դոլար:
«Սեւ Ադամ»-ը նույնպես վատ մեկնաբանություններ է ստացել քննադատներից: Rotten Tomatoes-ում ժապավենի ընդհանուր վարկանիշը 100 հնարավորից 58% է: Լավագույն կինոքննադատների շրջանում «թարմության» վարկանիշն է՛լ ավելի ցածր է՝ 28%։