ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում սեպտեմբերյան պատերազմում հայկական կորուստների նոր թիվ է հրապարակել։
«Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է հարձակման, Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։ Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ։ Եվ այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ պրոպոգանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա, դա շատ երրորդական, չորրորդական հարց է։ ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հեռուստաալիքների հայտնի դերակատարների կողմից։ Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք։ Եվ ՀՀ-ն այդքան մեծ չէ, որպեսզի հանդուրժի թեկուզ մեկ մետր։ Հայաստանը ոչ մի երկրի հետ չի փչացնում իր հարաբերությունները, Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն, և դրա համար անելու է ամեն ինչ», – ասել է Ալեն Սիմոնյանը:
Հ. Գ. Ավելի ուշ Ալեն Սիմոնայնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց. «Այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը»: