ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում կներդրվի զինվորական ծառայության նոր համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կներդրվի զինվորական ծառայության նոր համակարգ: Այդ նպատակով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունները մտադիր են ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով:

Խոսքը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին է, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Բացի այս, նշենք, որ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին հաշվարկվելու է պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը տնօրինելու է իր հայեցողությամբ:

Ի դեպ, ծառայության 5 տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողները վարձատրվելու են ամսական 400 հազար դրամով։ Մինչ այդ, նախատեսվում է ներդնել շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, որտեղից գոյացած գումարներով էլ վարձատրվելու են զինծառայողները:

Զինծառայողը կարող է 24 մլն դրամ վճարել և վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ ծառայելով ընդամենը 4.5 ամիս։

Ի դեպ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով:

Պարզվում է` համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չի բավարարեlլ ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով:

Ավելին, 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չի արձանագրվել ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվել են ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվել զինվորական ծառայությունից:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս