17-ամյա երիտասարդը ձերբակալվել է. Հնդկաստանի քաղաքացուց հափշտակել է բջջային հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական և վարութային գործողությունները իրկանացվում են ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով (ավազակություն) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Նախնական տվյալների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացուց պահանջել և հափշտակել է «Վիվո» մոդելի բջջային հեռախոսը։

Նախաքննության ընթացքում Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նշված վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 2005 թ. ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է, հարցաքննվել և տվել խոստովանական ցուցմունք: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս